Մամուլի տեսություն 23.12.2019
Հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գրանցվել է անօթևանների թիվ և իրավիճակը կրիտիկական է:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Աֆղանստանի ընտրությունների վիճահարույց արդյունքները
Եռամսյա հապաղումից հետո Աֆղանստանում հրապարակվել են նախագահական ընտրությունների արդյունքները:
Աֆղանստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Աշրաֆ Ղանին ստացել է քվեների 50,64 տոկոսը և այսպիսով չեղյալ է հայտարարվել ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը:
Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Աշրաֆ Ղանին կշարունակի պաշտոնավարել, որպես այդ երկրի նախագահ:
Աֆղանստանի գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլան, հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ցավում եմ նրանց համար, ովքեր չեն հարգում ժողովրդի ընտրության իրավունքն ու ժողովրդավարությունը և ընտրախախտումներ թույլ տալով, վնասում են ընտրությունների թափանցիկությանը»:
«Ջոմհուրդի էսլամի» օրաթերթ
Իրանում աշխատավորների և կենսաթոշակառուների համար բնակարան կառուցելու մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Իրանի կոոպերատիվների, աշխատանքի ու սոցիալական բարեկեցության և ճանապարհների ու քաղաքաշինության նախարարություններն աշխատավորների ու կենսաթոշակառուների բնակարանների ապահովման համար համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ թիրախային քաղաքներում մատչելի գներով հարմարավետ բնակարանային միավորներ կկառուցվեն աշխատավորների ու թոշակառուների ընտանիքների համար:
«Քեյհան» օրաթերթ
Կալիֆորնիայում անօթևանների թիվը ռեկորդային է
Կալիֆորնիայում կտրուկ աճել է անօթևանների թիվը: ԱՄՆ-ի բնակարանային շինարարության նախարարն ասել է.«Իրավիճակը ճգնաժամային է»:
Միացյալ Նահանգները համարվում է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը: Այս երկրի պետայրերն ԱՄՆ-ը համարում են ամենազարգացած երկիրն աշխարհում: Սակայն ԱՄՆ-ի մետաղադրամը մեկ այլ երես էլ ունի: Որպես օրինակ, այդ երկրում տուն ունենալն այնքան դժվար է, որ Ալաբամա համալսարանի դասախոսի խոսքով՝ ոմանք նույնիսկ հինգ տեղ աշխատելով, չեն կարողանում տուն գնել:
«Դեյլի Մեյլ»-ն անդրադառնալով Լոս Անջելեսին, գրել է.«Կալիֆորնիայի ամենախոշոր քաղաքում անօթևանների թիվն անցած 6 տարիների ընթացքում 75 տոկոս աճ է արձանագրել»:
«Ջոմհուրդի էսլամի» օրաթերթ
Իրանում նվազել է անգրագետների թիվը
Անցած տարի Իրանի 10-49 տարեկան բնակիչների շրջանում գրանցված անգրագիտության ցուցանիշը վկայում է այն մասին, որ Իրանի ժողովրդի ավելի քան 96 տոկոսը գրագետ է, իսկ անգրագետների թիվը չի գերազանցում երկու միլիոնը:
Իրանի Գրագիտության շարժման կազմակերպության ղեկավար Շապուր Մոհամմադզադեն ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով հիմնադրված գրագիտության շարժման կազմակերպության 40-րդ տարեդարձի շեմին խոսելով Իսլամական հանրապետության արժեքավոր ձեռքբերումների մասին ասել է.«Նախքան Իսլամական հեղափոխությունը(1979 թ.) յուրաքանչյուր 100 հոգուց 47-ն էր գրագետ»:
Armenpress.am
Gallup-ը պարզել է, թե որքանով են քաղաքացիները բավարարված խորհրդարանական ուժերի գործունեությամբ
«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների մասնակիցները խորհրդարանական երեք ուժերից ամենից շատ բավարարված են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի գործունեությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Քաղաքացիներին խնդրել ենք նշել, թե որքանով են բավարարված հետևյալ քաղաքական կուսակցությունների գործունեությամբ. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի գործունեությամբ լիովին բավարարված է հարցվածների 31.4-ը, ավելի շուտ բավարարված՝ 47.9%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությամբ լիովին բավարարված է 19.9%-ը, ավելի շուտ բավարարված` 46.3%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեությամբ լիովին բավարարված է 8%-ը, իսկ ավելի շուտ բավարարված է հարցվածների 38.8%-ը»,- ասաց Նավասարդյանը:
Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:
Tert.am
Սաուդյան Արաբիան Խաշողջիի սպանության գործով մահապատժի է դատապարտել 5 մարդու
Սաուդյան Արաբիայում 5 մարդ մահապատժի է դատապարտվել, ևս երեքը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ անցյալ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործում մեղավոր ճանաչվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Դատախազի տեղակալ Շալաան բին Ռաջիհ Շալաալը նշել է, որ մեղադրյալները կարող են բողոքարկել դատավճիռները: Բոլոր 11 մեղադրյալները մեղավոր են ճանաչվել սպանության համար, որը հանգեցրել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր թագավորության համար ամենամեծ դիվանագիտական ճգնաժամին:Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ թագաժառանգ արքայազն Մոհամեդ Բին Սալմանի նախկին խորհրդական Սաուդ-ալ-Քահթանին հետաքննությունից հետո ազատ է արձակվել և նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:Ալ-Քահթանիի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել ԱՄՆ-ի կողմից՝ սպանության մեջ նրա ներգրավվածության համար:Դատարանը որոշել է նաև, որ սպանության ժամանակ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոս Մոհամեդ ալ-Օթաիբին մեղավոր չէ: Դատարանի որոշումից հետո նրան ազատել են:
Հիշեցնենք, որ Խաշողջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշողջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:
PanARMENIAN.Net
Իրաքում բողոքի ցույցերը շարունակվում են
Իրաքի հարավում դեկտեմբերի 22-ին հազարավոր ցուցարարներ արգելափակել են ճանապարհներն ու հանրային շենքերը՝ պահանջելով իշխանափոխություն: Ցուցարարները գործող ռեժիմը համարում են կոռումպացված և անարդյունավետ:
Դեկտեմբերի 22-ին սպառվել է հրաժարական տված Ադել Աբդել Մահդիի փոխարեն նոր վարչապետ նշանակելու ժամկետը, սակայն նա դեռ շարունակում է կատարել իր պարտականությունները: Նոր վարչապետի հաստատման օրն արդեն երկու անգամ հետաձգել է նախագահ Բարհամ Սալեհը, գրում է Deutsche Welle-ն:
Փորձագետները կարծում են, որ Իրաքի քաղաքականության վրա ազդեցություն ունեցող Իրանը պնդում է, որ նշանակվի Կուսել աս Սուհայլյան, որը կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Սակայն ցուցարարները կտրականապես դեմ են նրան, ինչպես նաև 2003-ին Սադդամ Հուսեյնի տապալումից հետո առաջացած նախկին քաղաքական վերնախավի ցանկացած ներկայացուցչի:
Հակակառավարական ցույցերն Իրաքում շարունակվում են նոյեմբերից: Ակցիաների արդյունքում արդեն 460 զոհ կա, 25,000 վիրավոր: Այժմյան ցույցերն ամենալայնածավալն են երկրում 2003-ից ի վեր: