Իրան-Իտալիա հարաբերություններում նոր էջ է բացվել
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանն ու Իտալիան կարող են փոխշահավետ համագործակցություն ծավալել էներգիայի, արդյունաբերության, հանքերի, գյուղատնտեսության, գիտական ու մշակութային փոխանակումների և նոր տեխնոլոգիաների ոլորտներում»:
Երկուշաբթի օրը, Հռոմում, Իտալիայի նախագահ՝ Սերջիո Մատարելլայի հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ Իրանում առկա պայմանները նպաստավոր են ներդրումների և նոր տեխնոլոգիաների ընդունման, ինչպես նաև արտահանումների համար:
Իր ելույթի մեկ այլ բաժնում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում տիրող անկայունությանն ու անապահովությանը, Ռոհանին ասել է.«Թեհրանն ու Հռոմը անցյալի պես կարող են բանակցել և արդյունավետ համագործակցություն ծավալել տարածաշրջանային հարցերի, այդ թվում ահաբեկչության, բռնության ու ծայրահեղականության դեմ պայքարի շուրջ»:
Նշելով, որ ահաբեկչությունը տարածաշրջանի գերխնդիրն է և սպառնալիք` ուղղված Եվրոպայի ու աշխարհի դեմ Ռոհանին հավելել է, որ առանց լուրջ և համապարփակ համագործակցությունների, հնարավոր չէ ահաբեկչությունն արմատախիլ անել և անտարակույս, եթե Միջին Արևելքն անկայուն դառնա, դրա վնասակար հետևանքները կհասնեն նաև Եվրոպա:
Գոհունակություն հայտնելով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման մեկնարկից հետո, որպես առաջին արտասահմանյան ուղևորություն, Ռոհանիի Իտալիա կատարած այցի կապակցությամբ, և այդ այցը երկու պետությունների ու ժողովուրդների միջև խորը բարեկամության նշան բնութագրելով, Իտալիայի նախագահն ասել է, որ իր երկիրը վճռակամ է Իրանի իսլամական հանրապետության հետ ընդլայնել բարեկամական հարաբերությունները և կայուն համագործակցություն ծավալել Թեհրանի հետ:
Երկուշաբթի երեկոյան, Իտալիայի վարչապետ՝ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամլո ասուլիսում, ԻԻՀ նախագահը նշել է, որ նոր էջ է բացվել Իրան-Իտալիա հարաբերություններում և երկու երկիրը վճռակամ են բոլոր ոլորտներում ընդլայնել համագործակցությունները:
Կարևորելով երկու երկրին հետաքրքրող ոլորտներում համատեղ ներդրումներ կատարելը, Ռոհանին ասել է.«Աշխարհագրական հատուկ դիրք ունենալով և Միջին Ասիան, Կովկասն ու Խաղաղ օվկիանոսի միջև կապող օղակ հանդիսանալով, Իրանը կարող է երկու երկրի ընդհանուր արտահանումների հանգույցը հանդիսանալ»:
Կարևորելով երկու երկրի մասնավոր բաժինների առավել ակտիվ ներկայությունը, Ռոհանին ասել է.«Իրանի ու Իտալիայի կառավարություններն անելու են հնարավոր ամեն ինչ մասնավոր բաժիններին հովանավորելու համար»:
Իրանի և Հռոմի քաղաքակրթությունների վաղեմի հարաբերությունն ու մշակութային ընդհանրությունները ամուր երաշխիք համարելով երկու ժողովուրդների կայուն հարաբերությունների համար, Իտալիայի վարչապետը նշել է, որ Իտալիան համակարծիք է Իրանի հետ այն հարցում, թե աշխարհը խաղաղության ու բարեկամության կարիք ունի,:
Անդրադառնալով Իրանի միջուկային համաձայնության նշանակությանը, Մատեո Ռենցին ասել է.«Այդ համաձայնությունը ոչ միայն նոր էջ բացեց աշխարհի հետ Իրանի հարաբերություններում, այլև կարևոր քայլ է համարվում տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման համար»:
Անդրադառնալով տարածաշրջանային հավասարություններում Իրանի բարձր դիրքին, Իտալիայի վարչապետն ասել է.«Իրանը կարող է կարևոր դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման գործընթացում»:
Իրանն ու Իտալիան քաղաքական համատեղ հաղորդագրություն են տարածել համագործակցությունների և երկկողմ գործակցությունների ընդլայնման ուղեքարտեզ ճշտելու կապակցությամբ:
Իրանի նախագահի և Իտալիայի վարչապետի ներկայությամբ, երկու երկրի պաշտոնատարները ստորագրել են համագործակցության 14 փաստաթուղթ:
Երկուշաբթի օրը, Իտալիայի տնտեսության առաջատար դեմքեր, այդ թվում «ԷՆԻ» նավթընկերության և «Ֆիաթ» ավտոշինական ընկերության տնօրենները , մասնակցել են երեկույթի որին ներկա է եղել նաև Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանին: