Մեկնաբանություն. ԱՄՆ-ը Իրանին սպառնում է ռազմական տարբերակների կիրառմամբ
ԱԽ նիստում ԱՄՆ-ի ձախողումից հետո, Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ռազմական տարբերակը շարունակում է մնալ օրակարգում: ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած ելույթում, Բրայան Հուքը, կրկնելով հակաիրանական կեղծ մեղադրանքները և չբացառելով խնդրի լուծման ռազմական տարբերակը, հայտարարել է. «ԱՄՆ-ը նպատակ ունի երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն»:
Հուքը հայտարարել է. «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ռազմական տարբերակը շարունակում է մնալ մեր սեղանին: ԱՄՆ-ը նպատակ ունի երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն, քանի որ Իրանը սպառնում է Արևմտյան Ասիայի անվտանգությանը»: Նա հավելել է, որ եթե Ռուսաստանը և Չինաստանը տարածաշրջանի խաղաղության կողմնակից են, պետք է համաձայնություն տան Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգմանը:
ՄԱԿ-ի 2231 բանաձևի համապատասխան, սույն թվականի հոկտեմբերին, Իրանի զենքի էմբարգոն ավարտվում է:
Հուքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախընտրում է միայն Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգումը և նպատակ չունի ձգանի մեխանիզմի գործադրմամբ, վերականգնել բոլոր հակաիրանական պատժամիջոցները:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Քլեյ Քրաֆթը և Բրայան Հուքն, ավելի վաղ, ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացրել էին Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի բացատրությունը: Իսկ հունիսի 30-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի ԱԽ նիստում, չնայած ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկին, Ռուսաստանն ու Չինաստանը դեմ արտահայտվեցին Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգմանը: Բացի այդ, Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները, կարևորելով միջուկային համաձայնագրի պահպանումը, նույնպես դեմ արտահայտվեցին ԱՄՆ-ի առաջարկին:
Այս լուրջ պարտությունից հետո, ամերիկյան պաշտոնյաներն այժմ փորձում են Իրանի դեմ ռազմական սպառնալիքներ հնչեցնելով, Թեհրանին մեկուսացնել, որպեսզի վերջինս հրաժարվի իր ազգային շահերից, հատկապես խաղաղ միջուկային ծրագրից: Այլ խոսքով, Վաշինգտոնը, չնայած բոլոր ջանքերին ու քարոզչական պատերազմին և իր դաշնակիցների ու մրցակիցների նկատմամբ ճնշումներին, ԱԽ-ում չկարողացավ հաջողել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում: Ուստի Վաշինգտոնը կրկնում է ռազմական լուծման հնամաշ սպառնալիքը:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր ռազմական սպառնալիք և ագրեսիվ քայլ, ստանալու է համարժեք պատասխան: Սակայն պետք է նշել, որ Իրանը ոչ միայն չեզոքացրել է ԱՄՆ-ի սպառնալիքներն, այլ այս տարիների ընթացքում ավելի է մեծացրել իր կարողությունները:
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Քրիս Մորֆին, մարտին արած թվիթում գրել էր. «Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տվել: Ավելին՝ Իրանը հզորացել է, իսկ ԱՄՆ-ը՝ թուլացել»:
Պարսից ծոցում Իրանի ռազմական հզոր ներկայությունը և պաշտպանական կանխարգելիչ կարողությունը հատկապես ՀՕՊ ոլորտում, վկայում են, որ Թեհրանը չի վախենում ԱՄՆ-ի սպառնալիքներից և այդ երկրի ենթակառուցվածքների դեմ ուղղված ցանկացած քայլ, արժանանալու է համարժեք պատասխանի: Այդ պատասխանից անմասն չեն մնալու նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներն, այդ թվում՝ Իսրայելը: