Մամուլի տեսություն 06-11-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129337-Մամուլի_տեսություն_06_11_2020
Անսարալլահի հրթիռային հարձակումը Սաուդյան Արաբիայի պետական ​​նավթային ընկերության վրա, վառելիքի ճգնաժամ է առաջացրել աշխարհի ամենահարուստ նավթային երկրում:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 11:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-11-2020

Անսարալլահի հրթիռային հարձակումը Սաուդյան Արաբիայի պետական ​​նավթային ընկերության վրա, վառելիքի ճգնաժամ է առաջացրել աշխարհի ամենահարուստ նավթային երկրում:

Քեյհան 

«Արամքոյի» վրա Անսարոլլահ շարժման հրթիռային հարձակման հետցնցումները

Եմենցի օգտատերները Սաուդյան Արաբիայի բենզալցակայանների դիմաց մեքենաների երկար հերթերի նկարներ են տեղադրում սոցցանցերում և ոմանք դա կապում են «Արամքո» նավթային օբյեկտի դեմ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հաջող հրթիռային գործողության հետ։ «Այս պատկերները ոչ թե Եմենից կամ հարավային Գազայից են այլ Սաուդյան Արաբիայից: Աշխարհի ամենահարուստ նավթային երկիրը: Հազարավոր մեքենաներ օրեր շարունակ կանգնած են բենզալցակայանների առջեւ»:

 

Խորասան

Անվճար գազ  Իրանի  բաժանորդների 30% -ի համար

Իրանի նավթի նախարարը հայտարարել է էներգիան քիչ քանակությամբ սպառող բաժանորդների 30 տոկոսի համար գազն անվճար դարձնելու ծրագիրը վերանայելու մասին: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է․ «Գազի սպառումը կառավարելու համար, կառավարությունում վերանայվող ծրագրի համաձայն,  վերոնշյալ սպառողների համար գազի գինը  հաշվարկվելու է ավելի ցածր  գնով»: Կառավարության կողմից հաստատվելու դեպքում, ծրագիրը կանցնի գործադրման: 

 

Իրան օրաթեթ

Դադարեցրեք ՀԳՀԾ-ի  խախտումը

ՀԳՀԾ-ի համար եվրոպական երկրների առաջարկած պայմանը,  այն իրավիճակում, երբ նրաքն պետք է վերականգնեն Իրանին հասցված վնասը և վերանայեն իրենց գործողությունները, կարծես թե լավ տարբերակ չէ Իրանի և արևմտյան երկրների միջև զարգացումների ֆոնին: Սա Իրանի ԱԳ նախարարի պատասխանն է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր գերմանացի գործընկեր Հեյկո Մաասի հայտարարությանը։

Ավելի վաղ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Der Spiegel- ին ասել է, որ Գերմանիան չի վստահում Իրանին և կողմ է Թեհրանի հետ նոր գործարքի կնքմանը, քանի որ, ըստ նրա, գործող համաձայնագիրը չի բավարարում պահանջները:

 

Էթեմադ

Երկու հանցագործներ գլխատել են ոստիկանության երկու սպայի և գլուխները վաճառել շուկայում 2000 Ֆունտով:

Ոստիկանությունն հայտարարել է․ «Գլուխների գնորդի խոստովանությունից հետո, ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործներին»։ Գլուխների գնորդն ասել է, որ նա գնել է դրանք՝ եկամտի ավելացման հետ կապված մի քանի կախարդական ծես կատարելու համար:

 

mamul.am

«Ռուստամ Մուրադովն այցելել է Ադրբեջան և հանդիպել հայ ռազմագերիների»․Կ. Հովհաննիսյան

 

Ռուս խաղաղապահներն Լեռնային Ղարաբաղում աշխարհին խաղաղապահի մաստեր կլաս են ցույց տալիս։ ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն այցելել է Ադրբեջան և այնտեղ հանդիպել որոշ հայ ռազմագերիների , որոնց անուն ազգանունը փոխանցել է հայկական կողմին։  Քանի որ ես ուսումնասիրում եմ հակամարտությունները, հիմնականում քաջածանոթ եմ խաղաղապահների իրական գործողություններին, որոնք այդքան էլ համահունչ չեն իրենց առաքելությանը, սակայն ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներն իսկապես տիպիկ օրինակ են։ Բազմաթիվ օրինակներ գիտեմ, թե ինչպիսի հատուկ վերաբերմունք ու սրտացավություն են ցուցաբերում։   Բացի իրենց պետության շահը սպասարկելուց նաև իրենց գործառույթն են իրականացնում գերազանց, որն ավելի ակնառու է դառնում մեր պետության անգործության ֆոնին։

 

orakarg.com

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ

 

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության (Parti Socialiste, PS) պատվիրակությունը, առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, հայտնում է Armtimes.com-ը` հղում անելով Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ուրբաթ օրյա մամուլի հաղորդագրությանը:

«Ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխության, ինչպես նաև ի լրումն Ազգային գրասենյակի նոյեմբերի 17-ի հռչակագրի, Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածաշրջան», — ասված է հայտարարության մեջ:

Ըստ Սոցիալիստական կուսակցության, «այս ներկայության նպատակն է՝ ոչ միայն կիսել այս հակամարտության պատճառած ցավը, այնպես էլ վերլուծել դրա լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները»:

Այս ուղևորության օրակարգով նախատեսված են հանդիպումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների, Խորհրդարանի նախագահի, Արտաքին գործերի նախարարության և Օմբուդսմենի հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հայաստանում և Արցախում գտնվող տեղահանված ընտանիքների հետ:

Նոյեմբերի 17-ին Սոցիալիստական կուսակցության քաղաքական բյուրոն «Մինսկի խմբի համանախագահ երկրներին (Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին) կոչ է արել՝ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ձևավորելու միջազգային հետաքննող հանձնաժողով՝ քննելու համար պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք կարող էին կատարված լինել «ադրբեջանցի զինյալների կողմից»:

 

lragir.am

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ին․ ԱՎԾ

ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 959.7 հազ. մարդ եւ 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով`որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները, որոնք արդիականացվում են հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի եւ միգրացիայի մնացորդի (գնահատված ցուցանիշի) տվյալներով:

ՀՀ մշտական բնակչության կազմում 2020թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային եւ գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% եւ 36.1%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց եւ կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 եւ 38.8 տարի:

 

armenpress.am

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Ադրբեջանում հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլեր

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղառաբաղի իշխանությունների, հատկապես պատկան մարմինների առաջնային պատասխանատվությունն ու պարտականությունն է ձեռնարկել բոլոր միջոցները, գործի դնել բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից կոպիտ վերաբերմունքի արժանացող հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար: Նախագահն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Արման Թաթոյանը նշել է, որ կոչով դիմել է նաև միջազգային հանրությանը, և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը: