Մեկնաբանություն. Բաքվում Էրդողանի արած անխոհեմ ու ռազմատենչ հայտարարությունը
Բաքվում կայացած հաղթանակի շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտողական և ռազմաշունչ ելույթն արժանացել է տարածաշրջանի, հատկապես Իրանի քաղաքական գործիչների բացասական արձագանքին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացված շքերթի ժամանակ արտասանել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը, որում նա դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», և վերջում ավելացրել էր, որ Արազը շուտով իշխանություն և ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա:
Թուրքիայի նախագահի սադրիչ հայտարարությունը բացասական արձագանքի է արժանացել իրանցի փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից: Նրա ելույթին բացասական են արձագանքել նաև Ակարայում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը թվիթերում գրել է. «Էրդողանին չե՞ն ասել, որ Բաքվում իր կողմից ընթերցած բանաստեղծությունն Արաքսի հյուսիսային շրջաններն Իրանի հայրենի հողից բռնի բաժանման մասին է: Միթե նա չի հասկացե՞լ, որ խախտում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»:
Թուրքիայի նախագահի վերջին ելույթը վկայում է, որ չնայած Իրանի և Թուրքիայի ժողովուրդների միջև դրական և կառուցողական հարաբերություններին, պարոն Էրդողանի կառավարությունը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը տարածաշրջանի և աշխարհի կառավարությունների նկատմամբ: Այս կապակցությամբ կարելի է ասել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «Արազ» բանաստեղծության ընթերցումը վկայում է նրա տարածամոլական նպատակների մասին, որն արդեն իսկ դրսևորվել է Սիրիայի և Իրաքի նկատմամբ Անկարայի վարած արտաքին քաղաքականության մեջ:
Չնայած 2002 թ.«Արդարության և զարգացում» կուսակցությունը «զրոյական լարվածություն հարևանների հետ» սկզբունքը հայտարարեց որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնաքար, թուրքական զինուժը ներխուժեց Սիրիա և Իրաք, ինչով ցույց տվեց, որ թուրքերը հավատարիմ չեն իրենց իսկ հայտարարած քաղաքականությանը: Այս առնչությամբ, քաղաքական հարցերի փորձագետ Սաադոլլա Զարին ասում է. «Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման գրեթե 20 տարիների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես անկայունության քաղաքականություն»:
Բացի Իրանում Էրդողանի միջամտողական հայտարարության նկատմամբ արձագանքից, Թուրքիայում նույնպես նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ բացասական արձագանքներ են հնչել: Թուրքիայի ժողովրդահանրապետական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները բացահայտորեն դեմ են արտահայտվել այդ քաղաքականությանը: Այս առումով պետք է ասել, որ նույնիսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշ անդամներ են մտահոգված և վրդովված, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, միջամտողականության կողքին, կարևորվում են ծայրահեղ ազգայնական հայացքները:
Թուրքիայի նախագահը փորձում է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի և բանակի հաղթանակը գրանցել իր և թուրքական բանակի անունով, սակայն դա հնարավոր է միայն նրա երևակայության մեջ: