Մամուլի տեսություն 23.01.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131606-Մամուլի_տեսություն_23.01.2021
Իրանի հարցերով Բայդենի հատուկ ներկայացուչի պաշտոնում Ռոբերթ Մալիի ընտրությունը արժանցել է ԱՄՆ-ի ծայրահեղականների քննադատությանը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 23, 2021 15:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.01.2021

Իրանի հարցերով Բայդենի հատուկ ներկայացուչի պաշտոնում Ռոբերթ Մալիի ընտրությունը արժանցել է ԱՄՆ-ի ծայրահեղականների քննադատությանը:

 Մարդոմսալարի օրաթերթ

Ռոբերթ Մալին  ընտրվել է  Իրանի հարցերով Բայդենի հատուկ ներկայացուցիչ

Բարաք Օբամայի հատուկ օգնական և Իրանի հետ միջուկային բանակցություների բանագնաց Ռոբերթ Մալիի հավանական ընտրությունը, որպես նոր կառավարության Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, արժանացել է ԱՄՆ-ի ծայրահեղական խմբերի խիստ քննադատություններին:

ԱՄՆ-ի ծայրահեղականներից Էլի Լեյքը «Արտաքին քաղաքականության ոլորտում Բայդենի առաջին սխալ քայլը հնարավոր է վերաբերի Իրանի հարցին» խորագրով հոդվածում, խստորեն քննադատել է Ռոբերթ Մալիի հավանական նշանակումը:

Հակաիրանական քաղաքական գործիչներից համարվող սենատոր Թոմ Քաթենը նույնպես այս կապակցությամբ գրել է.«Մալին երկար անցյալ ունի Իրանի հետ սրտակցության ու Իսրայելի հետ թշնամության գործում: Եթե նա ընտրվի, Թեհրանը չգիտի թե ինչ բախտ է վիճակվել իրեն»:

Հակադարձելով այս նշանակման հարցում ծայրահեղականների ընդդիմությանը Օբամայի օգնականներից Բեն Ռոդերզը գրել է, որ իր կարծիքով, Ջո Բայդենը պետք է Իրանի հարցով իր հատուկ օգնական ընտրի ոչ թե Թոմ Քաթենին ու Բին Սալմանի և ամեիրկյան բռնապետության կողմնակիցներին:

 

 Քեյհան օրաթերթ

«Բայդենին չենք ուզում» կարգախոսով ցույցեր ԱՄՆ-ի տարբեր նահանհգներում

Թեհրանի ժամանակով չորեքշաբթի երեկոյան, անվտանգության ամենախիստ միջոցառումների պայմաններում, տեղի ունեցավ Ջո Բայդենի երդմնակալության արարողություն: Որոշ լուրերի համաձայն, ներկաներից որոշները, հավանական հարձակումների վախից, զրահաբաճկոններ էին հագել: Չորեքշաբթի օրը, պարետային ժամ հայտարարվելու պատճառով, Վաշինգտոնը պաշտոնապես վերածվել էր անմարդաբնակ փողոցներով մեծ զինաանոցի, ինչի պատճառով, Բայդենի հակառակորդներն ու Թրամփի կողմնակիցները չկարողացան մայրաքաղաքում բողոքի երթ անցկացնել:

Սակայն տարածված լուրերն ու հաղորդագրությունները վկայում են, որ  Բայդենի երդմնակալության արարողությունից մի քանի ժամ անց, Անթիֆա հակաֆաշիստական շարժման անդամները, «Սևամորթների կյանքն արժեք ունի» շարժման  անդամները և Թրամփկի կողմնակիցները փողոց են դուրս եկել ու ԱՄՆ-ի մի քանի քաղաքներն ու նահանգները վերածել ոստիկանության ու բողոքարարների բախման ասպարեզի: Որոշ քաղաքներում էլ բողոքարարները հրկիզել են իրենց երկրի դրոշը, որպեսզի ապացուցեն, որ առաջացած ճեղքերը վերացնելու համար, Բայդենը շատ գործ ունի անելու:

 

 Խորասան օրաթերթ

 Ֆարշչյանի կտավները ներշնչել են  Ճգնավորյանին

Անհնար է, որ իրանցի հայտնի նկարիչ վարպետ Մահմուդ Ֆարշչյանի կտավները տեսնողը նրա ազդեցության տակ չընկնի: Հունվարի 21-ն իրանցի հայտնի նկարիչ վարպետ Ֆարշչյանը դարձավ 91 տարեկան: Այս առիթով զրուցել ենք իրանահայ կոմպոզիտոր, նկարիչ ու դիրիժոր մայեստրո Լորիս Ճգնավորյանի հետ:

Ճգնավորյանն ասում է.«Ես վարպետ Ֆարշչյանի բոլոր կտավները սիրում եմ և շատ եմ ազդվել նրա կտավներից: Նրա ստեղծագործությունները իմ ներշնչանքի աղբյուրն են: Նա մեծ արվեստագետ է և բազմիցս ստեղծագործել է նոր ոճով»: Կոմպոզիտորը նշում է, որ բոլոր արվեստները քույր ու եղբայր են և շարունակում է.«Բոլոր արվեստները կապված են իրար և այս պատճառով էլ ես թե նկարում եմ, թե բանաստեղծություն  գրում, բայց իրականում ես կոմպոզիտոր եմ: Այս ամենը կատարում եմ, քանի որ կարևոր է և մարդ պետք է մյուս արվեստների հետ նույնպես ծանոթանա, որովհետև բոլոր արվեստները մի ընտանիք են»:

 

 Խորասան օրաթերթ

Շահագործման է հանձնվել 2020թ. աշխարհի երրորդ ամենամեծ նախագիծը

Շահագործման է հանձնվել նավթագազի վերամշակման Իրանի ամենամեծ գործարանը և համաշխարհային մասշտաբով տարվա երրորդ ամենախոշոր նախագիծը: Իրանի նախագահի հրամանով, բացվել է Պարսից Ծոցի Բիդ Բոլանդ նավթազտարան, որը 2020 թ. աշխարհի երրորդ ամենախոշոր նախագիծն է: Այսպիսով կատարվեց նավթի արդյունաբերության ոլորտի 110-ամյա  երազանքը՝ նավթագազերը հավաքելու և վերամշակելու վերաբերյալ: 3.4 միլիարդ դոլար ներդրմամբ կառուցված նավթազտարանը այժմ երկրի էներգիայի և նավթաքիմիական արդյունաբերության հումքի մատակարարման կարևոր աղբյուրներից մեկն է:

 

armenpress.am

Մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը

87 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հրապարակել է Քինգի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

Լարի Քինգը կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ:

Նա հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Քինգը հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:

2012 թվականի հուլիսից նա վարում էր Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։

 

armenpress.am

Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել Կապիտոլիումի առջև բողոքի ակցիայի կազմակերպիչներին. Bloomberg

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք հունվարի 6-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել Կապիտոլիումի առջև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Bloomberg լրատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը ավելի քան 2,7 մլն դոլար է վճարել անհատներին ու կազմակերպություններին բողոքի ակցիաների կազմակերպման համար, ինչը հետագայում հանգեցրել էր բախումների Կապիտոլիումում:

Սպիտակ տան վարչակազմի նախկին ղեկավար Միք Մալվեյնիի զարմուհին ՝ Մեգգի Մալվեյնին, նրանցից մեկն է, ով նոյեմբերի 23-ից 138 դոլար է ստացել Թրամփի վարչակազմից:

Event Strategy ընկերությունը դարձել է Թրամփի շտաբի խոշորագույն գումար ստացողներից մեկը ՝ 1,7 մլն դոլար եւ, ըստ հաշվետվությունների, ընկերության ղեկավարներ Ջասթին Քեփորալը և Թիմ Օուենսը հունվարի 6-ին բողոքի ակցիաների գլխավոր գործող անձանցից էին:

 

panorama.am

Արմեն Չարչյան. Հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ, ժամ առաջ պետք է լինի ներկայիս իշխանության հեռացում

«Այսօր հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ և մեզ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ոչ մի ուրիշ կառույց դա չի անելու»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, իրավաբանների հանդիպմանն ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Նրա խոսքով, պետք չէ որակումներ տալ հասարակության տարբեր խմբերին, պետք է բոլոր դեպքերում լինել հարգալից բոլորի նկատմամբ, քանի որ՝ «բոլորը մերոնք են»։

«Ես Շուշին ազատագրողներից մեկն եմ եղել, ճակատամարտի ժամանակ այնտեղ եմ եղել, բժշկական օրթոպեդիկ ծառայությունն եմ ապահովել,  բայց այս իշխանության արածից հետո գտնում եմ, որ իմ ամբողջ կյանքը, գործունեության նպատակը, իզուր է, առոչինչ»,- նշեց Արմեն Չարչյանը։

Նա ընդգծեց՝ մեր արժանապատվությունն ու մեր սերունդներին արժանապատիվ հայրենիք թողնելու համար պետք է քայլեր ձեռնարկել, ժամ առաջ պետք է լինի ներկայիս իշխանության հեռացումը։

«Հարց՝ հեռացրեցիք, հետո՝ ո՞վ։ Պատասխան՝ ով կարող է, ով կկարողանա այս երկիրը հանել այս անդունդից։ Դա ամենակարևոր խնդիրն է։ Եթե կլինի մեկը կամ խումբ, ով իր վրա կվերցնի երկիրն այդ անդունդից հանելու պատասխանատվությունը, պետք է հետևենք այդ մեկին։ Ով կկարողանա երկիրը հանել այս վիճակից, ես՝ որպես մտավորական, նրա կողքը կլինեմ, կառաջնորդվեմ այդ մարդով, իսկ ամեն ինչն ավարտվելուց հետո կվերադառնա իմ երանության վայրը՝ իմ վիրահատարանը»,- ասաց պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

 

panorama.am

ՌԴ-ի տարբեր քաղաքներում ի աջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիաներ են

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընթանում են բողոքի ակցիաներ ի աջակցություն ընդդիմադիր գործիչ ձերբակալված  Ալեքսեյ Նավալնու։

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Մոսկվայի ոստիկանությունից հայտնել են, որ չարտոնված ակցիաներին մասնակցում են շուրջ 4000 մարդ։  Մոսկվայում ակցիայի ժամանակ բերման է ենթրակվել Նավալնու կինը՝ Յուլիան։

Ռիա նովոստին գրում է, որ ակցիայի մասնակիցները Մոսկվայի կենտրոնում ոստիկանության աշխատակիցների վրա սպիտակ ներկ են լցրել։

 

panarmenian.net

Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում, 10,000 կացարանի կարիք կա

Արցախում փայտե բնակարաններ են կառուցում անօթևան մնացած մարդկանց համար։ Արցախ աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ այցելել է արագ կառուցվող փայտե բնակարաններ:

Սինանյանի և Արամ Սարգսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը, նշվել է, որ առկա է մինչև 10,000 արցախցի ընտանիք, որոնք կացարանի կարիք ունի: Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է՝ այն սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար: Կողմերը շեշտել են, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, Սինանյանի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Արցախի նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

Անօթևան մնացած բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները Արցախի կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով։ անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300,000 դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ «ողջամիտ ծավալների սահմանափակմամբ»:

 

panarmenian.net

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության մասին

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Բլինկենն արձագանքել է սենատոր Էդ Մարեյի գրավոր հարցերին։

«Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի»,-Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցին ի պատասխան ասել է Բլինկենը։

Թեկնածուի խոսքով՝ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կորոշի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար և կխորհրդակցի Կոնգրեսի հետ այդ կարևոր հարցի վերաբերյալ:

Սենատորը նաև հետաքրքրվել է, թե աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու վարչակազմը՝ Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:

Բլինկենը հիշեցրել է՝ ինչպես ասել է նախագահը՝ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ` աշխատելով եվրոպացի գործընկերների հետ, նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար:

«Պաշտոնում հաստատվելու դեպքում ես կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը»,-ասել է նա ու հավելել, որ սա ենթադրում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք`երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2020-ի հունվարին է ստանձնել նախագահի պարտավորությունները։ ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահներից է՝ ՌԴ ու Ֆրանսիայի հետ միաժամանակ։