Արաղչի. Բանակցություններում մենք պետք է ապահովենք Իրանի ժողովրդի իրավունքները
https://parstoday.ir/hy/news/world-i244954-Արաղչի._Բանակցություններում_մենք_պետք_է_ապահովենք_Իրանի_ժողովրդի_իրավունքները
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստան է այցելել՝ Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ սերտ խորհրդակցությունները շարունակելու և երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով։
(last modified 2026-04-27T06:55:22+00:00 )
Ապրիլ 27, 2026 10:12 Asia/Tehran
  • Արաղչի. Բանակցություններում մենք պետք է ապահովենք Իրանի ժողովրդի իրավունքները

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստան է այցելել՝ Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ սերտ խորհրդակցությունները շարունակելու և երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով։

Իրանի արտգործնախարարը երկուշաբթի առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով։ 
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սանկտ Պետերբուրգի Պուլկովո միջազգային օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն կլինի քննարկելու պատերազմի զարգացումները և վերանայելու այս առումով վերջին իրավիճակը։ Վստահ եմ, որ այս խորհրդակցություններն ու համակարգումը կարևոր կլինեն»։
Անդրադառնալով վերջին երեք օրերի ընթացքում Իսլամաբադ և Օման կատարած իր  այցերի նպատակներին և արդյունքներին, Արաղչին ասել է. «Հաշվի առնելով, որ Պակիստանը միջնորդում է Իրան-ԱՄՆ բանակցություններում, անհրաժեշտ էր այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ վերանայել վերջին իրավիճակը»։
Արաղչին հավելել է. «Չնայած գրանցված առաջընթացին, նախորդ բանակցությունները չհասան իրենց նպատակներին՝ ամերիկացիների մոտեցումների, նրանց կողմից ներկայացված չափազանց մեծ պահանջների և սխալ մոտեցումների պատճառով։ Ուստի անհրաժեշտ էր խորհրդակցություններ անցկացնել Պակիստանում մեր ընկերների հետ՝ վերջին իրավիճակը վերանայելու համար»։
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով․ «Իսլամաբադ կատարած այցը դրական էր։ Այցի ընթացքում տեղի ունեցան լավ խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվեց, թե ինչ է տեղի ունեցել և ինչ պայմաններում կարող են շարունակվել բանակցությունները»։
Նա նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության պայմանները մեծ նշանակություն ունեն բանակցություններում. 40-օրյա դիմադրությունից հետո մենք անպայման պետք է ապահովենք Իրանի ժողովրդի իրավունքները և երկրի շահերը։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ իրանցի և օմանցի փորձագետների միջև խորհրդակցությունները կշարունակվեն»։ 
Խոսելով այցի ընթացքում օմանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումների մասին, Իրանի արտգործնախարարնա սել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը և Օմանը Հորմուզի նեղուցի երկու ափամերձ երկրներ են, և անհրաժեշտ է, որ նրանք խորհրդակցեն միմյանց հետ, հատկապես այն պատճառով, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը դարձել է կարևոր հարց համաշխարհային մակարդակով»։