Մամուլի տեսություն 11.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133180-Մամուլի_տեսություն_11.02.2021
Իրանական մամուլի այսօրվա թերթերի մեծ մասն անդրադարձել է իսլամական հեղափոխության հաղթանակի փառավոր տարեդարձին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 11, 2021 07:06 Asia/Tehran

Իրանական մամուլի այսօրվա թերթերի մեծ մասն անդրադարձել է իսլամական հեղափոխության հաղթանակի փառավոր տարեդարձին:

Քեյհան օրաթերթ

Բահմանի 22-ն այս տարի տարբերվող էր, փառահեղ ու դիտարժան

Իրանի ժողովրդի համար բահմանի 22-ը (իսլամական հեղափոխության հաղթանակի օրը) հստակ, կայուն և անկոտրում դաշինք է: Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած իրավիճակում, այս տարի, ինչպես ամեն տարի, նշվեց իսլամական հեղափոխության տարեդարձը, որպես անփոփոխ ավանդույթ, ազատատենչ ժողովրդի համար, որ այս օրը հավաքվում է և իր ձայնը բարձրացնում թշնամիների դեմ: Հեղափոխական ժողովուրդ, որ մեծ կամք ունի պահպանելու իր հեղափոխությունը, և ոչ մի բան չի կարող նրան արգելել համախմբվել այս օրը:

Երեկ, հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի օրը, Իրանի ողջ տարածքում մարտնչող ու գիտակից ժողովուրդը հրաշալի ներկայություն ունեցավ հաղթանակի միջոցառումներին և մեկ անգամ ևս վերահասատատեց իր հավատարմության դաշինքն իսլամական հեղափոխության նահատակների ու դրա իմաստուն, վեհ և ճշտապահ առաջնորդի հետ:

Բայց այս անգամ, միջոցառումները տարբերվում էին նախորդ տարիներից և անցկացվեցին առողջապահական ցուցումների  պահպանմամբ: Երկրի ողջ տարածքում անցկացվեց ավտո-մոտո շքերթ: Այսպիսով, Իրանի ժողովուրդը ջախջախիչ  պատասխան  տվեց թշնամուն, որը չար երևակայություններ ուներ ու սադրանքներ էր նյութում:

 

Իրան օրաթերթ

Համընդհանուր պատվաստման մեկնարկը հույս է արթնացրել Իրանում

Կորոնավիրուսի դեմ բուժանձնակազմի մեկ տարի տևած պայքարից հետո, ԻԻՀ նախագահի հրամանով, երեքշաբթի օրը, Իրանի 635 հիվանդանոցներում միաժամանակ մեկնարկել է կորոնավիորուսի դեմ համընդհանուր պատվաստման ծրագիրը, առաջնահերթությունը տալով ուղեկցող հիվանդություն ունեցող հիվանդներին և վերակենդանացման բաժինների բուժանձնակազմին:

Ծրագրի մեկնարկը տրվել է Առողջապահության նախարարի ներկայությամբ: Միջոցառմանը տեսակապի միջոցով ներկա է եղել նաև նախագահ Հասան Ռոհանին: Պատվաստման ծրագիրը մեկնարկել է իմամ Խոմեյնու անվան հիվանդանոցից, խորհրդանշական արարողությամբ. որը պանդեմիայի բնռկումից հետո բազմաթիվ մահաբեր օրեր է ունեցել և ընդունել կորոնավիորուսով վարակված ամենամեծ թվով հիվանդներին:

Կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի ազգային շտաբի պետը հայտարարել է, որ առաջին օրը ռուսական պատվաստանյութը ներարկվել է 3 հազար քաղաքացու, սակայն հաջորդ շաբաթ նրանց թիվը կհասնի տասը հազարի:

 

Էբթեքար օրաթերթ

Զարիֆը դիմել է ԱՄՆ-ի նոր կառավարությանը. Պատուհանը, որը հիմա բաց է, արագորեն փակվում է

Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակված տեսաուղերձում, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, դիմելով ԱՄՆ-ի նոր վարչակազմին ասել է, որ Վաշինգտոնում նոր կառավարության իշխանության գալուց հետո, հնարավորություն է ստեղծել  նոր մոտեցում կիրառել ՀԳՀԾ-ի վերաբերյալ,ս ակայն պատուհանը, որ  հիմա բաց է, շուտով կփակվի:

Զարիֆը հավելել է. «42 տարի առաջ, մեր ժողովրդի հեղափոխությունը հաղթեց: Ի տարբերություն աշխարհի այլ երկրներում տեղի ունեցած նմանատիպ հեղափոխությունների, իսլամական հեղափոխությունը հաղթանակեց, քանի որ հույսը չդրեց արտաքին ուժերի վրա և չղեկավարվեց զինված խմբավորումներրի կողմից»:

 

armenpress.am

Սի Ծինպինը Չինաստանի եւ ԱՄՆ-ի դիմակայությունն աղետ է համարել ամբողջ աշխարհի համար

 Չինաստանի եւ Միացյալ Նահանգների առճակատումն աղետ Է ինչպես երկու երկրների, այնպես Էլ ամբողջ աշխարհի համար: Փետրվարի 11-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չին-ամերիկյան համագործակցությունը կարող Է հանգեցնել կարեւոր շատ իրադարձությունների, որոնք օգուտ կբերեն ինչպես երկու երկրներին, այնպես Էլ ամբողջ աշխարհին»,- մեջերում Է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի դիմակայությունն, անտարակույս, աղետ Է ինչպես երկու երկրների, այնպես Էլ ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել Է Սի Ծինիպինը: Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունն օգուտ կբերի երկու երկրներին, իսկ պայքարը կվնասի երկուսին Էլ: Սի Ծինպինը նշել Է, որ ներկայումս չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են կարեւոր փուլում: Ինչպես նշել Է նա, օժանդակությունը չին-ամերիկյան հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացմանն ինչպես երկու երկրների, այնպես Էլ ամբողջ միջազգային հանրակցության ընդհպանուր ակնկալությունն Է:

«Երկու երկրները պետք Է ջանքեր գործադրեն եւ շարժվեն միմյանց ընդառաջ, բռնեն դիմակայության եւ հակամարտությունների բացակայության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության (դիրքորոշում), կենտրոնանան համագործակցության, չին-ամերիկյան հարաբերություննիերի կայուն զարգացման, երկու երկրների ժողովուրդների համար օգուտների ապահովման վրա»,- նշել Է ՉԺՀ-ի նախագահը:

Նա նաեւ նշել Է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք Է աջակցեն համավարկի դեմ գլոբալ պայքարին, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, պահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:

«Ներկայիս՝ անորոշութայմբ լի իրադրությունում Չինաստանը եւ ԱՄՆ-ը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ կրում են առանձնահատուկ միջազգային պատասխանատվություն եւ պարտավոություններ: Կողմերը պետք Է հետեւեն ժամանակի միտումներին, միասին խաղաղություն եւ կայունություն ապահովեն Ասիա-խաղաղօվկիանսյան տարածաշրջանում, պատմական ավանդ ներդնեն խաղաղության եւ կայունության օժանդակմանն ամբողջ աշխարհում», եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱՀԿ-ում AstraZeneca պատվաստանյութն առաջարկել են նոր մանրէահիմքի տարածման  երկրների համար

AstraZeneca պատվաստանյութը խորհուրդ է տրվում օգտագործման համար, այդ թվում՝ COVID-19-ի նոր մանրէաիմքի տարածման երկրներում, չնայած հիվանդության ծանր դեպքերի վրա դեղամիջոցի ազդեցության մասին տվյալների պակասին։ Ժնևում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության իմունիզացիայի փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի ղեկավար Ալեխանդրո Կրավիոտոն։

«Մենք խորհուրդ ենք տվել, որ նույնիսկ եթե կա այդ պատվաստանյութի ամբողջական հնարավորությունների կրճատում, հատկապես ծանր դեպքերի դեմ, պատվաստանյութի օգտագործումը խորհուրդ չտալու պատճառ չկա, նույնիսկ այն երկրներում, որտեղ կա վիրուսի այս (հարավաֆրիկյան) տարբերակը», - ասել է նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով՝ փորձագիտական խումբն ուսումնասիրել է պատվաստանյութի հնարավորությունները, մասնավորապես, Հարավային Աֆրիկայում շրջանառվող մանրէահիմքի և Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մանրէահիմքի դեմ:

Բրիտանական տարբերակի դեմ պատվաստանյութը ցույց է տվել իր բարձր արդյունավետությունը, սակայն ՀԱՀ-ի շտամի վերաբերյալ անցկացված հետազոտություններում «նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ կա թեթև կամ միջին դեպքերի դեմ պատվաստանյութի արդյունավետության կրճատում, ինչպես նաև հակամարմինների արտադրության կրճատում»:

Կրավիոտոն նշել է, որ թեստերի փոքր քանակությունը թույլ չի տալիս խոսել այն մասին, թե որքան արդյունավետ է պատվաստանյութը ՀԱՀ-ի շտամմով վիրուսի ծանր հիվանդության դեպքում: Սակայն «կան անուղղակի ապացույցներ», որ դեղը, այնուամենայնիվ, արդյունավետ է վիրուսի դեմ:

Իր հերթին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ ներկայիս առաջարկությունները չափազանց կարևոր են, քանի որ AstraZeneca-ն COVAX ծրագրի հիմնական պատվաստանյութն է:

«Սա կարևոր հանգրվան է, որը, ինչպես ակնկալում ենք, կշարունակվի արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար պատվաստանյութի երաշխավորությամբ», - նշել է նա:

 

armenpress.am

Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին և Չինաստանին

 Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին և Չինաստանին, քանի որ դա կարող է հանգեցնել խոշորագույն ռազմա-տնտեսական դաշինքի ստեղծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նրանք (մեկուսացման կողմնակիցները) Ռուսաստանին և Չինաստանին դրդում են մերձեցման, այդպիսով հիմք են ստեղծում խոշորագույն ռազմա-տնտեսական դաշինքի ստեղծման համար: Այդ պատճառով ես դեմ եմ Ռուսաստանի հետ բոլոր կամուրջներն այրելուն»,- նշել է Մաասը:

Մաասը նաև քննադատել է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանին դուրս հանելու կողմնակիցներին:

 

panarmenian.net

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի մարտի 1-ից՝ վավերացումն ավարտվել է

Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ և Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։

ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որն իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։

Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդումը և ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության և կենսակերպի վրա։

ՀԸԳՀ-ն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Նշվում է, որ ՀՀ կառավարությունը բազմիցս ընդգծել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ապահովելու իր հանձնառությունը, որը լիովին համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների ընդարձակ օրակարգին։

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը 20192. հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեին։

 

panarmenian.net

ԱԳ նախարար․ Թուրքիան ՀՀ հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չունի

  ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Արցախի ստատուս քվոյի փոփոխությունից հետո Թուրքիան այլևս Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չունի։ Նա հավելել է, որ որևէ գործընթաց այդ ուղղությամբ տեղի չի ունենում։

«Կարծում եմ՝ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյով, որն ուժի կիրառմամբ փոխվել է: Թուրքիան որևէ պատճառ չունի ՀՀ հետ սահմանը փակ պահելու»,- ասել է Այվազյանը:

Նա մտահոգիչ է համարել Կարսում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ «Թուրքիայից տարբեր մեսիջներ ենք տեսնում։ Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղերձներ հասցեագրել, բայց, հաշվի առնելով Թուրքիայի հանգամանքը, պետք է ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ գործողություններով», - ասել է նախարարը։

Այվազյանը կարևորել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտի ամրապնդումը։ «Դա հեշտ չէ, քանի որ այն աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է։ Պետք է ձգտենք, որ իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա», - ասել է նա։

Կարսում ընթանում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ-2021» անվանումը կրող համատեղ զորավարժություններ։ Զորավարժությունները կավարտվեն փետրվարի 12-ին։ Կարսի զորավարժություններին մասնակցում են տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժեր և հրամանատարական կազմ, ուղղաթիռներ։