Մամուլի տեսություն 13.02.2021
Իրազեկ աղբյուրները հայտարարել են, որ ԻԻՀ-ի պաշտպանական ու միջուկային ոլորտի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել է նվազագույնը մեկ տոննա կշռող, ավտոմատ ու հեռակառավարվող իսրայելական զենքով:
Քեյհան օրաթերթ
Բրիտանական շաբաթաթերթ. Ֆախրիզադեն սպանվել է մեկ տոննա կշռող ավտոմատ զենքով
The Jewish Chronicle շաբաթաթերթը հրապարակել է մի հոդված, նշելով, որ այն կազմվել է ըստ իրազեկ աղբյուրների հաղորդած տեղեկությունների: Հոդվածում ասվում է. «Իրանի պաշտպանական ու միջուկային ոլորտի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել է նվազագույնը մեկ տոննա կշռող ավտոմատ ու հեռակառավարվող զենքով»:
Հոդվածում ասված է, որ Մուսադ լրտեսական կազմակերպությունը 8 ամսվա ընթացքում այս ծանր զենքի պահեստամասերը գաղտնի ճանապարհներով բերել է Իրան և ապա դրանք մոնտաժել:
Հոդվածում The Jewish Chronicle-ը հայտարարել է, որ նահատակ Ֆախրիզադեի սպանության թիմը բաղկացած է եղել իրանցի ու իսրայելացի 20 գործակալներից, որ 8 ամսվա ընթացքում հետևել են գտնականին:
Խորասան օրաթերթ
Իրանի առաջադիմության ու հզորության ռազմավարություններ
Իրանը թևակոխում է հեղափոխության առաջնորդի կողմից իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հայտարարության երրորդ տարին: Այս կարևոր փաստաթղթի կարևորագույն բաժինները պարաունակում են այնպիսի մտքեր ու գաղափարներ, որոնց կարելի է նշել որպես Իրանի առաջադիմության ու հզորության ճանապարհային քարտեզ: Երկու տարի առաջ՝ իսլամական հեղափոխության փառապանծ հաղթանակի 40-ամյակին, «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում վերանայելով հեղափոխության 40–ամյա փորձառությունը Իրանի մեծարգո առաջնորդը հայտարարել էր.«Իսլամական հեղափոխությունը մտել է ինքնակառուցման, սոցիալականացման և քաղաքակրթության երկրորդ փուլ»: Այն երկրորդ քայլը, որ պետք է կատարվի «Հեղափոխական համակարգի տեսություն» շրջանակներում, «Իսլամական Իրանի երիտասարդների ջանքերով» և ընթանա դեպի «Իսլամական նոր քաղաքակրթության ստեղծման ու մեծ վիլայաթի այգաբացի համար պատրաստության» վեհ գաղափարի իրականացում:
Էբթեքար օրաթերթ
Իրանի դատական իշխանության ղեկավար. Հաջ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության դատական գործը պետք է մշտապես լինի օրակարգում
Այաթոլլահ Ռեիսին ասել է. «Հաջ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության վերաբերյալ դատական գործը երբեք չպետք է մոռացության մատնվի: Այն պիտի մշտապես լինի օրակարգում»:
Բաղդադ կատարած եռօրյա այցից հետո, Թեհրանում լրագրողների հետ ճեպազրույցում, Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Ռեիսին անդրադարձել է այցի ձեռքբերումներին, նշելով.«Այցի ընթացքում իրագործված առաջին քայլը դատական ոլորտին առնչվող հարցերի քննարկման գործում Իրանի ու Իրաքի դատական համակարգերի երկկողմ համագործակցություններն էին»:
Իրանի դատական իշխանության ղեկավարը հավելել է.«Հաջ Ղասեմ Սուլեյմանիի ու Աբու Ալ-Մոհանդեսի դատական գործի վերաբերյալ որոշվեց, որ Իրաքի ու Իրանի դատական իշխանությունների կողմից հարցի քննության համար ձևավորված աշխատանքային խմբերն ավելի սերտ համագործակցություն ունենան և լրջորեն հետևեն գործի ընթացքին»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Աշխարհը այլևս չի կարող հանդուրժել Պուտինին
Եվրոպայի հարցերի փորձագետն Աֆթաբո Յազդ օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև առաջացած լարվածության նպատակը ոչ թե Մոսկվան է, այլ՝ Պուտինը»: Սեյեդ Վահիդ Քարիմին նշել է.«Արևմտյան քաղաքական շրջանակներն այլև չեն կարող հանդուրժել Պուտինի նման անձին և այս վիճակը կշարունակվի մինչև միջազգային բազմաթիվ ֆորումներից ՌԴ-ի հեռացումը»:
armenpress.am
Բայդենը պետք է պատժամիջոցներ կիրառի հայերի դեմ պատերազմական հանցանք գործած անձանց դեմ. Դևիդ Ֆիլիպս
Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի ԼՂ-ի դեմ վերջին պատերազմում ներգրավված այն թուրքերի, ադրբեջանցիների և իսլամիստ ջիհադիստների նկատմամբ, որոնք Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործություններ են իրականացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում նշում է Դևիդ Ֆիլիպսը, ով Կոլումբիայի համալսարանում մարդու իրավունքների և խաղաղության հաստատման ծրագրի տնօրենն է և Artsakh Atrocities Project-ի (Վայրագություններ ԼՂ-ում նախագիծ) ղեկավարը:
«Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի հանցագործությունը նախապատրաստողների դեմ, ճանապարհորդական արգելք կիրառի նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ, սառեցնի հաշիվները: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը պետք է գործերը տրամադրի «Ինտերպոլ»-ին և կարմիր տեղեկագիր հրապարակի՝ նրանց ձերբակալելու պահանջով»,- նշել է Դևիդ Ֆիլիպսը:
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը թուրքական զինուժի և սիրիացի վարձկանների աջակցությամբ հարձակում էին սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: «Ականատեսները նկարագրում են, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում դիակները, գլխատում քաղաքացիներին, օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպես կասետային ռումբերն ու սպիտակ ֆոսֆորը: Անհրաժեշտ են պատժամիջոցներ մարդկության դեմ հանցանքներ և պատերազմական հանցագործություններ նախապատրաստողներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Ֆիլիպսը: Նա պատմել է, թե ինչպես է Թուրքիան Սիրիայից և Լիբանանից շուրջ 2000 իսլամիստ ջիհադիստների տեղափոխել Ադրբեջան՝ հայերին սպանելու դիմաց պարգևատրումներ խոստանալով:
Ֆիլիպսը նշել է բոլոր ջիհադիստներին, ում ինքնությունը հայտնի է և ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել Ղարաբաղյան պատերազմում հայերի դեմ իրականացվող պատերազմական հանցանքներում:
«Այս ջիհադիստներն ինքնուրույն չեն գործել: Լեռնային Ղարաբաղի գործողությունները ղեկավարել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Իսկ դաշտային գործողություններն իրականացվել են թուրք հրամանատարների միջոցով»,- գրել է Ֆիլիպսը: Նա ընդգծել է, որ ջիհադիստ վարձկաններին Ադրբեջանն ամսական 2000 ԱՄՆ դոլար է վճարել:
Այս ընթացքում Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ ԼՂ-ում» նախագիծը հավաքագրել է բոլոր տվյալները պատերազմական հանցագործությունների և դրանց հեղինակների վերաբերյալ:
«Մենք գիտենք՝ ովքեր են այս հանցագործությունների հեղինակները: Սակայն մենք դեռևս չգիտենք` արդյոք Բայդենի ադմինիստրացիան աչք կփակի ԼՂ-ի կոտորածների վրա, թե դրանց հեղինակներին պատասխանատվության կենթարկի»,- նշել է Ֆիլիպսը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, որը կայուն է միայն ռուս խաղաղապահների շնորհիվ, շարունակում է պայթյունավտանգ մնալ:
«Պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը լավագույն ուղին է ադրբեջանցի ու թուրք անձնակազմերի, ինչպես նաև նրանց կից կործող ջիհադիստների կողմից մարդկության դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ»,- եզրափակել է Դևիդ Ֆիլիպսը:
Դևիդ Ֆիլիպսն ԱՄՆ նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերում ծառայել է որպես գլխավոր խորհրդական և արտաքին հարաբերությունների փորձագետ:
armenpress.am
ԼՂ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել է հումանիտար օգնությանը վերաբերող հարցեր
ԼՂ-ի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը փետրվարի 13-ին ընդունել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, ԼՂ-յան պատերազմի մասնակից, ռազմական ֆոտոլրագրող Վյաչեսլավ Ավանեսյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԽ գրասենյակից, քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով մեծապես տուժված ԼՂ-ին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր։ Վյաչեսլավ Ավանեսյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած կառույցի կողմից ԼՂ-ի Հանրապետությանն է տրամադրվել սոցիալական նշանակության հումանիտար օգնություն, որի առաջին խմբաքանակն արդեն ներկրված է։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցության գործընթացի շարունակական կազմակերպման մասին։
news.am
Ռուսաստանն Իտալիային է արտահանձնել մաֆիայի անդամին
Ռուսաստանն Իտալիային է արտահանձնել մաֆիոզ կազմակերպության մասնակցի, որը մեղադրվում է վարորդից գումար շորթելու մեջ: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի գլխավոր դատախազությունն իտալական կողմի հարցման համաձայն արտահանձնել է Վյաչեսլավ Բանային քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
2002-2011 թվականներին Բանան մաֆիոզ տեսակի անդրազգային կազմակերպության անդամ է եղել: Կազմակերպության մասնակիցները պարբերաբար գումար են շորթել 50-ից մինչեւ 2060 եվրոյի չափով: Ընդհանուր առմամբ Բանային մեղսագրվում է 28 դրվագ:
news.am
ԵՄ-ն Չինաստանին կոչ է արել վերացնել BBC World News-ի հեռարձակման արգելքը
Եվրամիությունը շաբաթ օրը Չինաստանին կոչ է արել վերացնել BBC World News հեռուստաընկերության հեռարձակման արգելքը, որը վերջերս սահմանվել էր չինական պետական CGTN հեռուստաալիքի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո, հաղորդում է Associated Press-ը:
ԵՄ հայտարարության մեջ ասվում է, որ Պեկինի վերջին քայլը սահմանափակում է «խոսքի ազատությունը եւ տեղեկատվության մատչելիությունը իր սահմանների ներսում» եւ խախտում է ինչպես Չինաստանի Սահմանադրությունը, այնպես էլ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Հոնկոնգի հայտարարությունը, թե իր հանրային հեռարձակողը նույնպես կդադարեցնի BBC-ի հեռարձակումը, էլ ավելի է սրել «իրավունքների եւ ազատությունների էրոզիան, որը շարունակվում է» Չինաստանի կիսաինքնավար տարածքում անցյալ տարի ազգային անվտանգության նոր օրենքի ներդրումից ի վեր:
«ԵՄ-ն պահպանում է վճռական հավատարմությունը լրատվամիջոցների ազատության եւ բազմակարծության գործին, ինչպես նաեւ առցանց եւ ցանցից դուրս խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը, ներառյալ իր համոզմունքներին հավատարիմ մնալու ու առանց միջամտության տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ազատությունը»,- ասված է հայտարարության մեջ:
panorama.am
Լեհաստանում ջրաքիսների մոտ հայտնաբերված կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդկանց
Լեհաստանում ջրաքիսների մոտ հայտնաբերված կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդկանց, և հակառակը: Այդ երկրի գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության զեկույցը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ին:
Մի քանի ամիս առաջ Լեհաստանում ջրաքիսների ֆերմայում կորոնավիրուս էր հայտնաբերվել:
«Քարթու շրջանի ֆերմայում ջրաքիսների մոտ հայտնաբերված վիրուսը կարող է փոխանցվել մարդկանց և հակառակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտնել են, որ Գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարար Գրժեգորց Պուդային Պուչավիի Պետական անասնաբուժական ինստիտուտի տնօրինությանը տեղեկացրել է մասնագիտացված ուսումնասիրությունների ավարտի մասին, որոնք ուղղված են SARS-CoV-2 գենոմի ուսումնասիրմանը՝ այն շտամների, որոնք ստացվել էին Լեհաստանում ջրաքիսների վարակվելու դեպքերից:
Ըստ նախարարության, վիրուսաբանները եկել են այն եզրակացության, որ ջրաքիսների մոտ հայտնաբերված SARS-CoV-2 շտամները նման են միմյանց և պատկանում են համաճարակաբաններին արդեն հայտնի որոշակի գծին:
panarmenian.net
ԼՂ-ում առևտրի ոլորտի հարկատուները մինչև 2023-ն ազատվել են մի շարք հարկերից
ԼՂ-ում հարկային օրենսդրության նոր փոփոխությամբ՝ առևտրի ոլորտի հարկատուներին հնարավորություն է ընձեռվել առևտրի հարկը վճարել 1% դրույքաչափով՝ նվազեցումներ կատարելով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով:
«Մասնավորապես, առևտրի հարկի դրույքաչափը՝ իրացման շրջանառության նկատմամբ սահմանվել է 2%, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3%:
Ընդ որում՝ դրանից նվազելու է վաճառքի ապրանքների ծախսերի 1 տոկոսը՝ փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում, իսկ 2022-ի հունվարի 1-ից՝ 2%-ը: Նվազեցումներից հետո, եթե առևտրի հարկի գումարն իրացման շրջանառության 1%-ից պակաս լինի, ապա առևտրի հարկը կհաշվարկվի 1% դրույքաչափով»,- փոխանցում են ԼՂ-ի ՊԵԿ-ից:
Հետագա հաշվետու ժամանակաշրջաններում կնվազեցվի առևտրի հարկի այն մասը, որը չի նվազեցվել:
Արտոնագրային հարկ վճարողները՝ 2021-2023 թվականներին ազատվում են վճարումներից: Բացի այդ՝ արտոնագրային հարկ վճարողների համար նույնպես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը հետաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը: Այդ հարկատուները (բացառությամբ որոշների) 2021-2023 թվականների ընթացքում կազատվեն նաև հաստատագրված վճարներից: