Մամուլի տեսություն 27.02.2021
Բայդենի հրամանով Սիրիայում Իրանի կողմից հովանավորվող խմբերի վրա հարձակումը բազում արձագանքներ է ունեցել, այն առումով, որ Բայդենը նույնպես շարունակում է Թրամփի ուղին:
Էբթեքար օրաթերթ
Դիվանագետ նախագահի հարձակողական մեկնարկը
Պենտագոնը հայտարարել է, որ Ջո Բայդենի հրամանով, ամերիկյան օդուժը ռմբակոծել է Սիրիայի արևելյան հատվածում գտնվող Դիմադրության դիրքերը: Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի բանակի ուժերը նախագահի հրամանով ուրբաթ երեկոյան մի քանի հարձակում են իրականացրել Սիրիայի արևելքում գտնվող Իրանի կողմից հովանավորվող խմբերի ենթակառույցների դեմ»:
Ամերիկյան մի լրատվական գործակալություն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կործանիչները հարձակվել են Իրանի հետ դաշնակից ուժերին պատկանող շենքի վրա:
Քեյհան օրաթերթ
Պատժամիջոցների չեղարկման հարցում ժողովրդի 73 տոկոսը սատարում է խորհրդարանի որոշմանը
Մերիլենդի համալսարանի ու Կանադայի «Իրանփոլ» հաստատության կողմից անցկացված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, իրանցիների մեծամասնությունը կողմ է, որպեսզի Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրմանը, սակայն նշել է, որ առաջին քայլը պետք է անի ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալուց հետո կամ դրա հետ միաժամանակ:
Չորեքշաբթի երեկոյան հրապարակվել են Մերիլենդի համալսարանի ու Կանադայի «Իրանփոլ» հաստատության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, որում իրանցի հարցվողներին տրվել են ՀԳՀԾ-ի ու ԱՄՆ-ի հետ կապված հարցեր: Մերիլենդի համալսարանի հայտարարության համաձայն հարցմանը մասնակցած իրանցիների 90 տոկոսն ասել է, որ հետևել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և տեղյակ է, որ Ջո Բայդենը հաղթել է ընտրություններում:
Խորասան
Բայդենը՝ Թրամփի ուղու վրա
ԱՄՆ-ի տարածքից դուրս Բայդենի կառավարության հրամանով առաջին ռազմական հարձակումը իրականացվել է Սիրիայում Դիմադրության առանցքի կենտրոններից մեկի ուղղությամբ: Հաղորդումների համաձայն, ամերիկացիները այս հարձակումներով արձագանքել են վերջերս Իրաքի հողում ամերիկյան ուժերի դեմ ուղղված հարձակումներին: Ինչ էլ որ լիներ այս հարձակումը ոչ մի կապ չունի Իրաքի հետ և Սիրիայի տարածքում տեղակայված մի քանի խմբեր ԱՄՆ-ի կործանիչների հարձակման թիրախ են դարձել: Վերջերս Իրաքում իրականացված հարձակումները դատապարտվել են Դիմադրության պաշտոնատարների կողմից: Դիմադրության առանցքի առաջնորդներից մեկը Հադի Ալ-Ամերին Բաղդադի կանաչ թաղամասում ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ տարբեր խմբերի կողմից հրթիռների արձակումից հետո դատապարտեց այն: Անկախ այն հանգամանքից, թե այս հարձակումները որ խմբի կամ անհատի կողմից են կատարվել, Իրաքի Դիմադրության հետ կապ չունեն և եթե նույնիսկ ինչ-որ կապեր էլ լինեն, Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից գործողությունների իրականացումը խոսում է այդ երկրի կենտրոնական իշխանության անտեսման ու Դամասկոսի նկատմամբ Թրամփի քաղաքականությունների շարունակման մասին:
Էբթեքար օրաթերթ
Կորեացի պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն համաձայն է Իրանի ակտիվների մի մասի ազատմանը
Հարավային Կորեայի ԱԳ նախարարության պաշտոնատարներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ն համաձայն է Իրանի սառեցված ակտիվների մի մասի ազատմանը:
Հինգշաբթի օրը կորեացի պաշտոնյան հայտարարել է.«Նախատեսվում է այս փոխանցումն իրականացնել Շվեյցարիայի բանկերի միջոցով»:
Հարավային Կորեայի ԱԳ նախարարության ավագ պաշտոնյան հավելել է.«ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայն է Շվեյցարիայի բանկերի միջոցով Իրանի սառեցված ակտիվների մի մասի ազատմանը, սակայն փոխանցման մեթոդների մասին քննարկումները դեռ շարունակվում են»:
armenpress.am
Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով կվերադարձնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի ՀՀ վարչապետի այն հրամանագրին, ըստ որի, պաշտոնից ազատվում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մանուկյանը:
«Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել, թե արդյոք ՀՀ նախագահը որոշում կայացրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկության հետ կապված:
Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ: Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
armenpress.am
ՀՀ նախագահն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայտարարության մեջ ասվում է. «2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:
Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:
Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:
Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:
Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:
Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:
Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:
Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:
Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը»:
panorama.am
ԻՊ-ն Սիրիայում գազատար է պայթեցրել
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները շաբաթ օրը դիվերսիա են իրականացրել սիրիական Դեյր-էլ-Զոր նահանգում գտնվող գազատարի վրա: Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, այդ մասին հայտնել է երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարարությունը:
«Խողովակաշարի պայթեցման արդյունքում երկու տեղից բռնկում է տեղի ունեցել, հրշեջներն ու տեխնիկական խումբը գնացել են դիվերսիայի վայր»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հունվարի 19-ին մեծ հրդեհ էր բռնկվել Սիրիայի Հոմս քաղաքում գտնվող բաշխիչ կայանի ու նավթավերամշակման գործարանի մոտակայքում: Դա տեղի էր ունեցել վառելիքի տարայի պայթյունի պատճառով, որը տեղակայված է եղել այդ օբյեկտների կողքին:
Սիրիայի արևելքում գործող ահաբեկիչները բազմիցս պայթեցրել են նավթագազատարները ՝ փորձելով վնասել ազգային տնտեսությունը: 2020 թվականին նրանք արդեն օգտագործում էին մարտական անօդաչու թռչող սարքեր՝ նավթի ու գազի թիրախները խոցելու համար:
panarmenian.net
Այվազյան․ Անկարայի բացասական դերը ԼՂ հակամարտությունում, և հատկապես վերջին ագրեսիայում, ակնհայտ է
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայի գործոնին, հայտարարել է, որ Անկարայի բացասական դերը ԼՂ հակամարտությունում, և հատկապես վերջին ագրեսիայում, ակնհայտ է։
«Դա առաջին հերթին վերաբերում է Մերձավոր Արևելքի Թուրքիայի կողմից վերսհսկվող տարածքներից գրոհայինների և ահաբեկիչների ակտիվ տեղափոխմանը և ակտիվ մասնակցությանը Արցախի դեմ պատերազմին։ Դա վերաբերւմ է նաև ակտիվ ռազմատեխնիկական աջակցությանն Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, ինչպես նաև նոյեմբերի 10-ի հայտարարությանը նախորդած հրադադարի մասին 3 պայմանավորվածությունների անթաքույց խափանմանը»,-ասել է նա։
Նախարարը նշել է, որ հայկական կողմն առավել հասցեական ազդեցություն է ակնկալում միջազգային հանրությոնից՝ ՀՀ և հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի բացահայտ ագրեսիվ վերաբերմունքի վերանայմանը հասնելու հարցում։
Անդրադառնալով այն հարցին, թե ընդունելի է արդյոք Երևանի համար Թուրքիայի ակտիվ ներգրավումը ԼՂ շուրջ բանակցային գործընթացին՝ Այվազյանն ասել է, որ Թուրքիան ցուցադրել է, թե որքան հեռու է բանակցային գործընացից։
«Բանակցային գործընթացին կարող են մասնակցել հակամարտության կողմերը և միջազգային միջնորդներ հանդիսացող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Իսկ Թուրքիան, որը բացահայտ հովանավորել է մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունն Արցախում, ինչպես նաև գործի է դրել իր ամբողջ ռազմական ներուժն ու մարտական ԱԹՍ-ները Արցախի խաղաղ բնակչության դեմ, արդեն իսկ ակնհայտ ցույց են տվել ոչ միայն Թուրքիայի ներգրավվածության աստիճանը հակամարտությունում, այլ նաև նրա միանգամայն հեռու լինելը բանակցային գործընթացից։
Թուրքիան սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում Ադրբեջանին աջակցում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով։ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է։ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է։ Եթե հուլիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել ընդամենը $278,000-ի պաշտպանական և ավիացիոն միջոց, ապա օգոստոսին դրանց գումարը կազմել է $36 մլն, իսկ սեպտեմբերին՝ $77 մլն 167 հազար։