Մամուլի տեսություն 02.03.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134844-Մամուլի_տեսություն_02.03.2021
The Wall Street Journal– ը կիրակի օրը վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետների, հաղորդել է, որ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ուղղակի միջուկային բանակցություններ անցկացնելու ԵՄ առաջարկը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Մարտ 02, 2021 14:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.03.2021

The Wall Street Journal– ը կիրակի օրը վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետների, հաղորդել է, որ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ուղղակի միջուկային բանակցություններ անցկացնելու ԵՄ առաջարկը:

Ջավան օրաթերթ

Այլևս չենք երաշխավորում, որ  չենք հարձակվի ամերիկացիների վրա

Ուրբաթ օրը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով, ամերիկյան օդուժը ռմբակոծել է Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Բեյն օլ Բոքմալ և Ալ Ղաեմ շրջանների միջև ընկած տարածքը: Հարձակման հետևանքով զոհվել է Հաշ ալ Շաբի ուժերի մեկ և վիրավորվել մի խումբ անդամներ:

Երկուշաբթի օրը, Ալ Մայադին հեռուստաընկերության ուղիղ եթերում, Նասր ալ Շամրին, քննադատելով Իրաքի կառավարությանն այդ հարձակման վերաբերյալ լռություն պահելու պատճառով,  հավելել է. «Եթե կառավարությունը խուսափի ներկայացնել վարձկաններին, իսլամական դիմադրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի նրանց նկատմամբ, ովքեր Հաշդ ալ Շաբիի մասին տվյալներ են փոխանցել ԱՄՆ-ին»:

Ալ Շամրին հավելել է. «Չնայած Դիմադրությունը Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը համարում է լրտեսական կենտրոն,  սակայն համաձայնեց չթիրախավորել այն: Սակայն հիմա, բոլոր նախկին համաձայնությունները չեղարկվել են և այսուհետ Դիմադրությունն իրեն իրավունք է վերապահում անձամբ ճիշտել իր թիրախները»:

 

Քեյհան օրաթերթ

Իրանը մերժել է ԱՄՆ-ի ու ԵՎրոպայի առաջարկը

The Wall Street Journal– ը կիրակի  օրը վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետների, հաղորդել է, որ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ուղղակի միջուկային բանակցություններ անցկացնելու ԵՄ առաջարկը:

Թերթը գրել է. «Արևմտյան երկու բարձրաստիճան դիվանագետներ հայտարարել են, որ Իրանը առայժմ հրաժարվել է   Եվրոպայում հանդիպում անցկացնելուց և նախ ուզում է երաշխիք ստանալ, որ հանդիպումից հետո Միացյալ Նահանգները կչեղարկեն որոշ պատժամիջոցներ»:

 

Էբթեքար օրաթերթ

Դիվանագիտությունը թրի հարվածի տակ

 ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսյակային հանդիպումը  մեկնարկեց երկուշաբթի օրը՝ խորհրդի 35 անդամների մասնակցությամբ: Հանդիպման քննարկման հիմնական թեմաներն էին   Իրանն ու ՀԳՀԾ-ն:

Լրատվական աղբյուրների համաձայն, անցած հինգշաբթի օրն ամերիկացի դիվանագետները տարածել են բանաձևի նախագիծ, որում ներկայացված է ԱՄՆ-ի բողոքը՝ ՄԱԳԱՏԷ-ի խորհրդի վերահսկողությամբ Լրացուցիչ արձանագրությունների կամավոր գործադրումը  դադարեցնելու Իրանի որոշման  դեմ և Թեհրանին կոչ է արվում  լիարժեք  համագործակցել գործակալության տեսուչների հետ:

 

Շարղ օրաթերթ

Իրանի ԱԳՆ խոսնակը, դիմելով ԱՄՆ-ին, նշել է. Չի կարելի պատերազմել դիվանագիտության անվան տակ

Իրանի արտգործնախարարության խոսնակը հատարարել է. «Մենք ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ չենք վարում, և Իրանի քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր քաղաքականությունը»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Սիոնիստական ​​ռեժիմը Պարսից ծոցում իր նավի հետ տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրում է Իրանին, Սաիդ Խաթիբզադեն  կտրականապես մերժել է այս մեղադրանքները.

Նա հավելել է. «Սիոնիստական ​​ռեժիմը տարածաշրջանի բոլոր անապահովությունների ու անկայունության  հիմքն է, սակայն փորձումէ մեղքը բարդել ուրիշների վրա»:

 

 

armenpress.am

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ. ՊՆ

Մարտի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժման» «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում էր կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 

armenpress.am

Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը

  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տապալել է իր առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց պատերազմից հետո արված հայտարարությունը, որտեղ Վարդազարյանը հղում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» բառակապակցությանը:

Ռուբինյանը ԲԴԽ նախագահին հարց ուղղեց այն մասին, որ պատերազմի ավարտից հետո, երբ մահափորձ կատարվեց Ազգային ժողովի նախագահի դեմ, հայտնվեցին տեղեկություններ վարչապետի դեմ մահափորձ պատրաստելու մասին, Վարդազարյանը դատավորներին ուղղված հայտարարությամբ արդյոք զսպման, թե չզսպման կոչ էր անում:

«Դուք ըստ իս տապալել եք ձեր առաքելությունը, որպես ԲԴԽ նախագահ, դուք անցել եք քաղաքականության գիծը: Հաշվի առնելով այս ամենը, մտածել եք արդյոք հրաժարական տալու մասին, եթե չեք մտածել, արդյոք չեք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ հրաժարական տալու մասին չի մտածել:

«Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակահատվածը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»,- նշեց Վարդազարյանը:

 

panarmenian.net

Մատվիենկոն գերեվարված հայուհիների հարցով դիմել է Ադրբեջանի մեջլիսի խոսնակին

 ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել է խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կանանց հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։

Ըստ Մատվիենկոյի՝ խորհրդարանականները կարող են աջակցել ԼՂ հակամարտության գոտում ակտուալ հումանիտար խնդիրների լուծմանը, գրում է «Պառլամենտսկայա գազետան»։

Զրույցի ժամանակ շեշտը դրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծման վրա։

Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր գերիներն։

Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ նրանց թվում առնվազն 4 կին կա։

 

panarmenian.net

Արշակյանն Ալ Արաբիայի եթերում ներկայացրել է ՀՀ ներքաղաքական և տնտեսական վիճակը

 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Ալ Արաբիա հեռուստատեսության եթերում քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշվել է նաև, որ Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են, և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Ըստ նախարարի՝ նշվել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում' ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը։

«ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով' համաձայն ՀՀ սահմանադրության։

Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին ի պատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարն ասել է նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն ռեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները։

Անդրադառնալով տնտեսական իրավիճակին՝ Արշակյանը խոսել է վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրաբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին։