Մամուլի տեսություն 03.03.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134914-Մամուլի_տեսություն_03.03.2021
ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով, Իրանի տնտեսությունը դարձել է նավթից կախվածություն չունեցող և ինքնաբավ տնտեսություն:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Մարտ 03, 2021 13:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.03.2021

ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով, Իրանի տնտեսությունը դարձել է նավթից կախվածություն չունեցող և ինքնաբավ տնտեսություն:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի հակաիրանական տնտեսական պատժամիջոցներն Իրանի տնտեսությունը մղել են նավթից կախվածություն չունենալու ուղղությամբ, իսկ որքան Իրանը հեռանա նավթային եկամուտներից, այնքան պատժամիջոցների սահմանումը կբարդանա

Իրանի պատժամիջոցների նախագծողներից  և Վաշինգտոնի ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Պատրիկ Քլավսոնը, նշելով, որ Իրանի վերաբերյալ կարևոր լուրերից մեկն այն է, որ այդ երկրի տնտեսությունը նման չէ Իրաքի կամ Սաուդյան Արաբիայի տնտեսությանը: Նա նշել է. «Իրականում Իրանի արտահանման մեծ մասը կազմում են ոչ նավթային ապրանքները: Իրանի տնտեսության եկամտի մեծ մասն ապահովվում է  ոչ նավթային արտահանումներից, իսկ Իրանի տնտեսությունն ունի մեծ կարողություն»:

Նա հավելել է, որ Իրանը գնտվում է տնետսական զարգացման ուղու վրա, հավելելով. «Իրանը շարունակում է  արտահանել պողպատ, արդյունաբերական ապրանքների լայն տեսականի և գտնվում է տնետսական զարգացման փուլում»:

 

Շահրվանդ օրաթերթ

Չենք ընդունում ԱՄՆ-ի խաղը

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ առավելագույն ճնշման ԱՄՆ-ի քաղաքականությունը ձախողվել է և այդ երկրին այլ բան չի մնում, քան վերադառնալ ՀԳՀԾ:

 Ալի Ռաբին, խոսելով 4 + 1 խմբի հետ հանդիպում  անցկացնելու առաջարկի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին, հայտարարել է. «Մենք ԱՄՆ-ից գործնական քայլեր ենք սպասում, իսկ պարոն Բայդենի կառավարությունը  չի կարող Դոնալդ Թամփի քաղաքականությունն առաջ տանելով այլ արդյունք ակնկալել»:

 

Ջավան օրաթերթ

Խնդրանք Վաշինգտոնում, հանցագործություն՝ Վիեննայում

Այս օրերին Իրանի վերաբերյալ և ՀԳՀԾ վերադառնալու կապակցությամբ ամերիկյան պաշտոնյաների հայտարարությունները և քայլերը հակասում են իրար:

Չնայած միջուկային համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ ամերիկյան պաշտոնյաների դրական հայտարարություններին, ԱՄՆ-ն և ՄԱԳՏԷ-ում այդ երկրի դաշնակիցները քայլեր են ձեռնարկում՝ ՀԳՀԾ-ն չեղարկելու ուղղությամբ:

Երկուշաբթի օրը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը հաղորդել է, որ չնայած Իրանի և Ռուսաստանի նախազգուշացումներին, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եվրոպական երեք անդամները՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, նախատեսում են այս շաբաթվա վերջին Կառավարիչների խորհրդում քվեարկել ԱՄՆ-ի կողմից աջակցվող հակաիրանական բանաձևի վերաբերյալ:

 

Շարղ օրաթերթ

Պատժամիջոցների նախագծողի վերադարձը

Քրեական դատավարության մեջ հայտնի է, որ հանցագործը միշտ վերադառնում է հանցագործության վայրը:

Երեկ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Բարաք Օբամայի օրոք հակաիրանական պատժամիջոցների նախագծած և «Պատժամիջոցների արվեստը» գրքի հեղինակ Ռիչարդ Նյուն Բայդենի վարչակազմում  զբաղեցրել է Իրանի հարցով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը:

Պատժամիջոցները որ Իրանի դեմ կիրառվեցին Դոնալդ Թրամփի օրոք՝ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, Բարաք Օբամայի օրոք և 5+1 խմբի ու Իրանի  միջև կնքված միջուկային համաձայնագրից առաջ, օրակարգում էին որպես «Հաշմող պատժամիջոցներ»:

 

armenpress.am

Նախարարությունը հակված է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը

 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հակված է գոնե մեկ անգամ ևս երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կարծում ենք, որ պետք է արգելքները երկարաձգվեն, եթե քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն: Քանի դեռ մտել ենք այս ջուրը, իմաստ ունի երկարաձգել և մեր տնտեսավարողներին տալ բավարար ժամանակ, որ կարողանան վերադասավորվել, ներդրումներ անել, ստանալ այն ապրանքների արտադրանքի ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել: Այդքան ժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որ կարողանան ամրապնդվել շուկայում»,-ասաց Քերոբյանը:

Նա շեշտեց՝ նախարարությունը հակված է բաց տնտեսությանը, սակայն այս պարագայում ամենալավ լուծումը, որ տեսնում են, գոնե մեկ անգամ ևս երկարաձգելն է: Պետությունը պատրաստվում է տեղական արտադրողներին պաշտպանել ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով, այլ նաև բազմաթիվ այլ գործիքներով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

 

armenpress.am

Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը

  ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Այվազյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Այդ հարցը մեր ամենակարևոր հարցերից մեկն է: Հումանիտար այս կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է, ինչը նաև հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից: Տարբեր երկրների ղեկավարներ և միջազգային կառույցներ արդեն միջազգային ճնշումն ավելացնում են այս հարցում Ադրբեջանի վրա»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հավելեց, որ այս հարցն Ադրբեջանի համար դառնում է իսկապես խնդրահարույց:

 

armenpress.am

Ավինյանը խնդրահարույց է համարում վարչապետի հրաժարականի պահանջով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բավականին խնդրահարույց է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին:

«Այդ հայտարարությունը բավականին խնդրահարույց է: Առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ ԳՇ պետն ու ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության, քաղաքականության հետ չպետք է առնչվեն և կապ ունեն: ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը և որևէ կերպ քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում ԳՇ պարտականությունների մեջ»,- ասաց Ավինյանը:

Փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 

panarmenian.net

ՀՀ նախագահը հանդիպել է ԳՇ պետին. Անդրադարձել են լարված իրավիճակին

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին:

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 

panarmenian.net

Իտալիայում պատվաստանյութերի հանդեպ կորոնավիրուսի կայուն շտամ են գտել

Կորոնավիրուսի նոր մուտացիան՝ նիգերիական շտամը, հայտնաբերվել է Իտալիայի հյուսիսում։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի վիրուսաբանների ընկերության նախագահ և միկրոկենսաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն։ Նա կարծում է, որ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ շտամի դեմ։

«Իտալիայում առաջին անգամ հանդիպեցինք նիգերիական շտամին, որը մուտացիաներ ունի և որի դեմ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել»,- հայտարարել է փորձագետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Իտալիայի Առողջության բարձրագույն ինստիտուտի տվյալներով, երկրում գերակշռում է առավել վարակիչ համարվող բրիտանական շտամը՝ 54-64% կազմելով, մինչդեռ փետրվարի սկզբին այդ ցուցանիշը 20% էր։

Իտալացի մասնագետները խոսում են պանդեմիայի 3-րդ ալիքի մասին։ Կառավարությունը որոշել է փակել բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները առավել անբարենպաստ շրջաններում, որտեղ 100,000 բնակչությանը բաժին է ընկնում ավելի քան 200-250 վարակված։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր Իտալիայում վարակի 3 մլն դեպք է գրանցվել։