Մամուլի տեսություն 03.03.2021
ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով, Իրանի տնտեսությունը դարձել է նավթից կախվածություն չունեցող և ինքնաբավ տնտեսություն:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ի հակաիրանական տնտեսական պատժամիջոցներն Իրանի տնտեսությունը մղել են նավթից կախվածություն չունենալու ուղղությամբ, իսկ որքան Իրանը հեռանա նավթային եկամուտներից, այնքան պատժամիջոցների սահմանումը կբարդանա
Իրանի պատժամիջոցների նախագծողներից և Վաշինգտոնի ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Պատրիկ Քլավսոնը, նշելով, որ Իրանի վերաբերյալ կարևոր լուրերից մեկն այն է, որ այդ երկրի տնտեսությունը նման չէ Իրաքի կամ Սաուդյան Արաբիայի տնտեսությանը: Նա նշել է. «Իրականում Իրանի արտահանման մեծ մասը կազմում են ոչ նավթային ապրանքները: Իրանի տնտեսության եկամտի մեծ մասն ապահովվում է ոչ նավթային արտահանումներից, իսկ Իրանի տնտեսությունն ունի մեծ կարողություն»:
Նա հավելել է, որ Իրանը գնտվում է տնետսական զարգացման ուղու վրա, հավելելով. «Իրանը շարունակում է արտահանել պողպատ, արդյունաբերական ապրանքների լայն տեսականի և գտնվում է տնետսական զարգացման փուլում»:
Շահրվանդ օրաթերթ
Չենք ընդունում ԱՄՆ-ի խաղը
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ առավելագույն ճնշման ԱՄՆ-ի քաղաքականությունը ձախողվել է և այդ երկրին այլ բան չի մնում, քան վերադառնալ ՀԳՀԾ:
Ալի Ռաբին, խոսելով 4 + 1 խմբի հետ հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին, հայտարարել է. «Մենք ԱՄՆ-ից գործնական քայլեր ենք սպասում, իսկ պարոն Բայդենի կառավարությունը չի կարող Դոնալդ Թամփի քաղաքականությունն առաջ տանելով այլ արդյունք ակնկալել»:
Ջավան օրաթերթ
Խնդրանք Վաշինգտոնում, հանցագործություն՝ Վիեննայում
Այս օրերին Իրանի վերաբերյալ և ՀԳՀԾ վերադառնալու կապակցությամբ ամերիկյան պաշտոնյաների հայտարարությունները և քայլերը հակասում են իրար:
Չնայած միջուկային համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ ամերիկյան պաշտոնյաների դրական հայտարարություններին, ԱՄՆ-ն և ՄԱԳՏԷ-ում այդ երկրի դաշնակիցները քայլեր են ձեռնարկում՝ ՀԳՀԾ-ն չեղարկելու ուղղությամբ:
Երկուշաբթի օրը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը հաղորդել է, որ չնայած Իրանի և Ռուսաստանի նախազգուշացումներին, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եվրոպական երեք անդամները՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, նախատեսում են այս շաբաթվա վերջին Կառավարիչների խորհրդում քվեարկել ԱՄՆ-ի կողմից աջակցվող հակաիրանական բանաձևի վերաբերյալ:
Շարղ օրաթերթ
Պատժամիջոցների նախագծողի վերադարձը
Քրեական դատավարության մեջ հայտնի է, որ հանցագործը միշտ վերադառնում է հանցագործության վայրը:
Երեկ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Բարաք Օբամայի օրոք հակաիրանական պատժամիջոցների նախագծած և «Պատժամիջոցների արվեստը» գրքի հեղինակ Ռիչարդ Նյուն Բայդենի վարչակազմում զբաղեցրել է Իրանի հարցով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը:
Պատժամիջոցները որ Իրանի դեմ կիրառվեցին Դոնալդ Թրամփի օրոք՝ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, Բարաք Օբամայի օրոք և 5+1 խմբի ու Իրանի միջև կնքված միջուկային համաձայնագրից առաջ, օրակարգում էին որպես «Հաշմող պատժամիջոցներ»:
armenpress.am
Նախարարությունը հակված է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հակված է գոնե մեկ անգամ ևս երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կարծում ենք, որ պետք է արգելքները երկարաձգվեն, եթե քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն: Քանի դեռ մտել ենք այս ջուրը, իմաստ ունի երկարաձգել և մեր տնտեսավարողներին տալ բավարար ժամանակ, որ կարողանան վերադասավորվել, ներդրումներ անել, ստանալ այն ապրանքների արտադրանքի ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել: Այդքան ժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որ կարողանան ամրապնդվել շուկայում»,-ասաց Քերոբյանը:
Նա շեշտեց՝ նախարարությունը հակված է բաց տնտեսությանը, սակայն այս պարագայում ամենալավ լուծումը, որ տեսնում են, գոնե մեկ անգամ ևս երկարաձգելն է: Պետությունը պատրաստվում է տեղական արտադրողներին պաշտպանել ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով, այլ նաև բազմաթիվ այլ գործիքներով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:
armenpress.am
Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Այվազյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հարցին:
«Այդ հարցը մեր ամենակարևոր հարցերից մեկն է: Հումանիտար այս կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է, ինչը նաև հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից: Տարբեր երկրների ղեկավարներ և միջազգային կառույցներ արդեն միջազգային ճնշումն ավելացնում են այս հարցում Ադրբեջանի վրա»,- ասաց Այվազյանը:
Արա Այվազյանը հավելեց, որ այս հարցն Ադրբեջանի համար դառնում է իսկապես խնդրահարույց:
armenpress.am
Ավինյանը խնդրահարույց է համարում վարչապետի հրաժարականի պահանջով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բավականին խնդրահարույց է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին:
«Այդ հայտարարությունը բավականին խնդրահարույց է: Առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ ԳՇ պետն ու ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության, քաղաքականության հետ չպետք է առնչվեն և կապ ունեն: ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը և որևէ կերպ քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում ԳՇ պարտականությունների մեջ»,- ասաց Ավինյանը:
Փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
panarmenian.net
ՀՀ նախագահը հանդիպել է ԳՇ պետին. Անդրադարձել են լարված իրավիճակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին:
Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։
Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
panarmenian.net
Իտալիայում պատվաստանյութերի հանդեպ կորոնավիրուսի կայուն շտամ են գտել
Կորոնավիրուսի նոր մուտացիան՝ նիգերիական շտամը, հայտնաբերվել է Իտալիայի հյուսիսում։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի վիրուսաբանների ընկերության նախագահ և միկրոկենսաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն։ Նա կարծում է, որ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ շտամի դեմ։
«Իտալիայում առաջին անգամ հանդիպեցինք նիգերիական շտամին, որը մուտացիաներ ունի և որի դեմ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել»,- հայտարարել է փորձագետը, գրում է ՏԱՍՍ-ը։
Իտալիայի Առողջության բարձրագույն ինստիտուտի տվյալներով, երկրում գերակշռում է առավել վարակիչ համարվող բրիտանական շտամը՝ 54-64% կազմելով, մինչդեռ փետրվարի սկզբին այդ ցուցանիշը 20% էր։
Իտալացի մասնագետները խոսում են պանդեմիայի 3-րդ ալիքի մասին։ Կառավարությունը որոշել է փակել բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները առավել անբարենպաստ շրջաններում, որտեղ 100,000 բնակչությանը բաժին է ընկնում ավելի քան 200-250 վարակված։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր Իտալիայում վարակի 3 մլն դեպք է գրանցվել։