Մամուլի տեսություն 05.03.2021
Փորձագետները նշում են, որ Իրանի հյուսի-արևմուտքում գտնվող Ուրմիա լճի վիճակը բարելավվում է:
Իրան օրաթերթ
Ֆրանցիսկոս Պապն այսօր մեկնելու է Իրաք
Իրաքի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր ժամանելու է Բաղդադ:
Իրաքի ԱԳՆ խսոսնակ Ահմադ ալ Սահաֆը հայտարարել է, որ աշխարհի կաթոլիկների առաջնորդն Իրաք է ժամանելու տեղական ժամանակով 14:00-ին և նրան դիմավորելու է վարչապետ Մուստաֆա ալ Ղադիմին:
Այնուհետև Պապը ժամանելու է Բաղդադում գտնվող նախագահի նստվայր, որտեղ հանդիպելու է բոլոր քաղաքական խմբակցությունների և կառույցների ղեկավարների և Իրաքում բնակվող տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչների հետ:
Էթեմադ օրաթերթ
Քանի՞ ռազմաբազա ունի ԱՄՆ -ն աշխարհում
Չնայած Երկրորդ աշխարհամարտից հետո աշարհում ԱՄՆ-ի ռազմաբազաների թիվը սահմանափակվում էր պարտված երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում և Ճապոնիայում տեղակայված 80-ով, սակայն այսօր այդ թիվը աճել է առնվազն 10 անգամ:
Պենտագոնի հրապարակած տվյալներով, աշխարհի 150 երկրներում ԱՄՆ-ի զորուժի թիվը կազմում է շուրջ 220 հազար հոգի, այդ թվում նաև քաղաքացիական անձինք: Ռազմաբազաների թիվը կազմում է 800:
Համշահրի օրաթերթ
Ուրմիա լիճը վերականգնվում է
Ուրմիա լճի վերականգնողական շտաբի պլանավորման և ինտեգրման գրասենյակի տնօրենը հայտարարել է, որ լճում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք շատ հեռանկարային են:
Մասուդ Թաջրիշին ասել է. «Ուրմիա լճի հատակը խորացել է, ինչը նշանակում է, որ նոր ջուր է մտել լիճ և լուծել աղերը, ինչը շատ խոստումնալից է»:
Նա նշել է, որ Ուրմիա լճում ջրի խորությունը մեկ մետրով ավելացել է, հավելելով. «Հուսով ենք, որ լճում ջրի մակարդակը կբարձրանա և մարդիկ կկարողանան օգտվել այս ջրային տարածքում հանգստանալու հնարավորությունից»
armenpress.am
ԲՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ վարչապետի ներկայացրած առաջարկը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների և դրանք անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«… Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը կքննարկի առաջարկը և դիրքորոշումը կներկայացնի»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Մարտի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով քննարկում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում դեռ չի կայացել:
armenpress.am
Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեի ղեկավարությունը բացառել է մրցումների կրկնական հետաձգման տարբերակը
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կրկնական հետաձգումն անհնար Է եւ չի քննարկվում: Այդ մասին հայտարարել Է «Տոկիո-20»-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոսիրո Մուտոն Ճապոնիայի Kyodo գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կան մարդիկ, ովքեր ասում են, թե Խաղերը հարակավոր Է կրկին հետաձգել, բայց, իմ տեսակետով, դա պարզապես անհնար Է: Խաղերի անցկացումը հուլիսին վերջին հնարավոր տարբերակն Է»,- նշել Է Մուտոն: Տարվա սկզբին համանման դիրքորոշում Է հայտնել նաեւ Միջազգային օլիմպիական կումիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը:
Բազմաթիվ հարցումների տվյալներով, որոնք անցկացվել են վերջին ամիսներին, Ճապոնիայի բնակչության ճնշող մեծամասնությունը հանդես Է գալիս այս ամռանը Տոկիոյում Օլիմիպիական խաղերի անցկացման դեմ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով: Մասնավորապես, Asahi համազգային թերթի հունվարի հարցման տվյալներով, երկրի բնակիչների առնվազն 86 տոկոսը հանդես Է գալիս Խաղերի անցկացման դեմ:
Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները քննարկում են Խաղերին օտարերկրացի մարզասերների այցելությունից հարաժարվելու հարցը, ինչպես նաեւ տեղացի բնակիչների կողմից մրցումների այցելության խիստ սահմանափակում մտցնելու հարցը՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով:
Սպասվում Է , որ այս հարցի շուրջը վերջնական որոշում կկայացվի մինչեւ մարտի վերջը: Օլիմպիադան Ճապոնիայի մայրաքաղաքում պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով Խաղերը հետաձգվեցին մեկ տարով եւ այժմ պլանավորվում են 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Ըստ որում Օլիմպիադայի «Տոկիո-2020» անվանումը պահպանված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն միացել է Covid-19-ի դեմ պայքարին. ԱՆ-ն ընդլայնում է մահճակալային ֆոնդը
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունը հայտնում է, որ Covid-19-ի դեմ պայքարին է միացել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը:
«COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը»,- ասված է հաղորդագրությունում:
Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում՝ «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»:
Մարտի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ իրավիճակով պայմանավորված, վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ «Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը։ Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Բայց անգամ եթե ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը շուրջ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք»,- նշել է նախարարը:
panarmenian.net
Թուրքիան հանվել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից
Թուրքիան հանվել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից։ Այդ մասին որոշում է կայացվել մարտի 5-ին հեռավար կարգով կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն։
Որոշումն ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի, տեղեկացնում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009-ին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։
Արտոնություններից օգտվում էր 103 երկիր:
panarmenian.net
Մարուքյան․ Եթե ԲՀԿ-ն մերժի արտահերթի առաջարկը, ԼՀԿ-ի համար հարցն օրակարգից դուրս չի գա
Եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մերժի արտահերթ ընտրությունների գնալու վարչապետի առաջարկը կամ նրա հետ հանդիպումը, «Լուսավոր Հայաստանի» համար հարցն օրակարգից դուրս չի գալու, հայտել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Կմերժի, այլ տարբերակ կմտածեմ ես, անընդհատ տարբերակներ կմտածենք», - ասել է Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով՝ տրամաբանական է, որ այս գործընթացում կոնսենսուսներ են պետք:
Մարուքյանը նաև հույս է հայտնել, որ խորհրդարանը ցրելու դ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին կմիանան նաև քաղաքական այլ ուժեր, փոխանցում է Para Tv-ն։
Մարուքյանը նշել է, որ իրավիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, իսկ ինքը մեկ ժամ խոսել է վարչապետի հետ ու պատրաստ է ցանկացած այլ ուժի հետ այդ խոսակցությունն ունենալ։
«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասել է Մարուքյանը։
Փաշինյանն ու Մարուքյանը հանդիպել են մարտի 4-ին։ ԼՀԿ ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանից» մարտի 5-ին հայտարարել են Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը կկայանա քաղխորհրդի նիստից ու որոշումից հետո։