Մամուլի տեսություն 06.03.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135190-Մամուլի_տեսություն_06.03.2021
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանին ու նրա զինակիցները իրենց կյանքը զոհեկով փրկեցին Իրաքի քրիստոնյաներին ու եկեղեցիները:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Մարտ 06, 2021 15:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.03.2021

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանին ու նրա զինակիցները իրենց կյանքը զոհեկով փրկեցին Իրաքի քրիստոնյաներին ու եկեղեցիները:

 Քեյհան օրաթերթ

Պարոն Պա՛պ, արդյոք գիտե՞ք, որ ԱՄՆ-ի ձեռքով սպանված Սոլեյմանին ու Աբու Մեհդին փրկել են քրիստոնյաներին ու եկեղեցիները

Ուրբաթ օրը, աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի  ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաղդադի միջազգային օդանավակայանում: Ֆրանցիսկոս Պապին դիմավորելու էր եկել Իրաքի վարչապետ  Մեստաֆա Ալ-Քազեմին: Այս այցելությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ Իրաքի սոցցանցերում տարածվում են լուսանկարներ, որտեղ Իրաքի ժողովուրդն ու դիմադրությունը բարի գալուստ հայտնելով Պապին այդ լուսանկարներով վերջինիս ասում են, որ նահատակված գեներալներ Հաջ Ղասեմ Սոլեյմանին (ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար) ու նրա զինակից  Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսն օկուպացիայի ու ահաբեկչության ճգնաժամի ընթացքում պաշտպանել են քրիստոնյաներին ու եկեղեցիները: Այս լուսանկարներում  ընդգծվել է նաև, որ ամերիկացի օկուպանտները սպանել են իրաքցիների հյուր գեներալ Սոլեյմանիին:

 

Իրան օրաթերթ

Դիվանագիտությանը տրված նոր հնարավորություն

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը չվավերացրեց այն բանաձևը, որով, անշուշտ խախտվելու էր Իրանի ու միջազգային այս կառույցի համագործակցությունը: Չինաստանի ու Ռուսաստանի ընկերակցությամբ Թեհրանի կողմից կառավարիչների խորհրդի անդամ երկրներին հատկապես Եվրոեռյակին ուղղված նախազգուշացումից հետո, խորհրդը չվավերացրեց  հակաիրանական բանաձևը: Մի բանաձև, որ Իրանի կողմից լրացուցիչ արձանագրության կամավոր գործադրումը դադարեցվելուց հետո, ներառվել էր գործակալության օրակարգում: Եվ դա այն դեպքում, երբ Իրանն արձագանքելով իր տնտեսական շահերի չապահոմանը, շեշտը դրեց Արևմուտքի վրեժխնիր քայլերին հակադարձելու վրա, ինչն Իրանի դեմ լարվածությունը շարունակելու կապակցությամբ կասկածներ առաջացրեց Արևմուտքում: Այնպիսի կասկածներ, որ մի կողմից ձգտում են Թեհրանին ստիպել մասնակցել ԱՄն-ի հետ միջուկային բանակցություններին և մյուս կողմից արգելում ՀԳՀԾ-ի համաձայն բավարարել Իրանի տնտեսական շահերը:

 

 Իրան օրաթերթ

Ուժի պայքար Սենատի ու ԱՄՆ-ի նախագահի միջև

Սիրիայի արևելքում ԱՄՆ-ի բանակի իրականացրած հարձակումից անցել է ավելի քան մեկ շաբաթ, սակայն ամերիկացի սենատորները հատկապես դեմոկրատականները դեռևս զայրացած են առանց Կոնգրեսի արտոնության, Ջո Բայդենի հրամանով իրականացված հարձակման պատճառով: Դեմոկրատական ու հանրապետական կուսակցությունների երկու սենատորներ մի օրինագիծ են ներկայացրել Սենատին, որում շեշտը դրվել է ԱՄՆ նախագահի ռազմական ոլորտի լիազորությունները նվազեցնելու վրա: Այս խնդիրը արծարծվել էր նաև  նախկին նախագահ  Դոնալդ Թրամփի  օրոք:

Վիրջինիայի սենատոր Թիմ Քեյնը, ով երկար ժամանակ կոչ էր անում, միակողմանի պատերազմ և ռազմական հարձակումներ իրականացնելու հարցում ԱՄՆ նախագահին սահմանափակելու համար ավելացնել Կոնգրեսի լիազորությունները, հայտարարել է, որ սկսել է աշխատել այս սահմանափակումների և  նախագահի 10-ամյա արտոնության չեղարկման ուղղությամբ: Ըստ 10-ամյա արտոնության, ԱՄՆ  նախագահը կարող է առանց Կոնգրեսի արտոնության, անհրաժեշտության դեպքում, հարձակվելու հրաման տալ  զինված ուժերին:

 

aravot.am

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը HomeOrchestra կրթական ծրագրի շրջանակում իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ մարտի 9-ին կտեսաձայնագրի կատարումներ դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից, որոնք կներդրվեն HomeOrchestra նախագծի երգացանկում: HomeOrchestra-ն շվեյցարական կրթական նախագիծ է, որը դասական երաժշտության հայտնի ստեղծագործությունների նվագախմբային մշակումները հասանելի է դարձնում սկսնակ մենակատարների համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և HomeOrchestra-ի համատեղ աշխատանքի արդյունքում երիտասարդ մենակատարներն այսուհետև հնարավորություն կունենան ոչ միայն լսելու նվագախմբի նվագակցությունը, այլև էկրանին հետևելու նվագախմբին առցանց ռեժիմում:

 

aravot.am

Արա Այվազյանն ու Իրանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Մարտի 6-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն հայտնվեց դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվեց փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվեց համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։

 

armeniasputnik.am

Վարանդայում և Ջրականում հայտնաբերվել է 2 աճյուն. ԴՆԹ կարվի

Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսել են

«Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

 

armeniasputnik.am

Նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի Գասպարյանի ազատման հարցով դիմելու ՍԴ. Արա Զոհրաբյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև մարտի 9-ն իրավունք ունի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հարցով դիմել Սահմանադրական դատարան։ ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Այս փուլում իրավիճակն այսպիսին է` նախագահը կա՛մ պետք է դիմի Սահմանադրական դատարան, կա՛մ ստորագրի հրամանագիրը և համաձայնի վարչապետի հետ։ Մենք նախագահին ուզում ենք ասել, թե ինչո՞ւ է նա երկու մարմինների միջև ծագած վեճը թողնում, որ նրանք էլ լուծեն` ՍԴ–ից լավ հարթակ կա՞»,–ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը շատ հարցերում է լռում։ Զոհրաբյանը նշեց, որ նախագահն արդեն հայտնել է, որ կա խնդիր, և հիմա զարմանալի է` ինչո՞ւ է վարանում ՍԴ դիմել։ ՓՊ նախագահն ասաց, որ մի խումբ մարդկանցով դիմելու են նախագահին, որ սահմանադրականության շրջանակում լուծվեն առկա խնդիրները։

«Ուզում են գլխատել ԶՈւ–ն». ակցիայի մասնակիցները գնացին նախագահական

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ–ի մոտ զինվորականներ, տարբեր ոլորտի մարդիկ և շարքային քաղաքացիներ էին հավաքվել` ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։

Նրանք ակցիայի վերջում ավտոերթով գնացին Բաղրամյան 26` նախագահին դիմելու, որպեսզի ՍԴ դիմի Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 

panorama.am

Արա Պապյան. Տրված խորքային, արմատական փոփոխությունների խոստումները չեն կատարվել

«Հնարավոր չէ միանշանակ ընկալել, թե ինչ է կատարվել երկու տարվա ընթացքում, ինչքանով են իրականացել սպասելիքները»,- «Հեղափոխության հռչակած արժեքներն ու իրականությունը» թեմայով քննարկմանն ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ, հասարակության  տարբեր շերտեր ունեն տարբեր սպասելիքներ:

«Անձամբ ես սպասում էի, որ կսկսեն տեղի ունենալ որոշակի քաղաքակրթական փոփոխություններ, անձերի փոփոխությունն ինձ շատ քիչ է հետաքրքրում, համակարգի փոփոխությունն ավելի շատ է հետաքրքրում»,- ասաց արվեստագետը:

Նա հստակեցրեց, թե քաղաքակրթական փոփոխություն ասելով ինչ նկատի ունի. «Պետք է պարզապես որոշել, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել, ըստ այդմ՝ ինչ երկրից ենք ուզում հրաժարվել: Անձամբ ես համզոված եմ, որ Հայաստանը երկար տարիներ, գուցե մինչև այսօր շարունակում է  մնալ սովետական հանրապետություն իր ձևով:

Ոչ միայն քաղաքական ուժերն են այդպես ընկալում, հասարակության մեծ մասը շարունակում է այդպես ընկալել նաև ղեկավարներին, որպես կենտկոմի առաջին քարտուղար՝ անկախ նրանից կլինի նախագահ, վարչապետ, որին պետք է դիմել բոլոր հարցերով, նրանից սպասել բոլոր հարցերի պատասխանները»:

Ռ.Բաբայանի խոսքով, անձամբ ինքը սպասում էր, որ իսկապես երկրում տեղի կունենա կոնկրետ իշխանությունների տարանջատում:

Նա նաև նշեց. «Սահմանադրական դատարանը չունի վստահություն հանրության մեջ: Ասենք այս կառույցը մնաց այս ձևով, ի՞նչ ենք շահելու: Իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ նոր Սահմանադրական դատարանը կլինի իսկապես անկախ մարմին, որը չի ենթարկվի որևէ ճնշման»:

Քննարկմանը ներկա «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը համաձայանվեց Ռ.Բաբայանի այն մտքի հետ, որ, ըստ էության, քիչ բան է փոխվել սովետական մտածողությունից, ամեն ինչ ուզում են առաջին պաշտոնյայից:

«Բայց պետք է ընդունենք, որ այսօրվա ստեղծված իրավիճակը, այս գերկենտրոնացումը մեկ հոգու վրա, սահմանադրորեն է այդպես»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ակնկալում էին, որ նա կհրաժարվի դրանից, Ա. Պապյանը նշեց. «Այո, ակնկալում էինք, խոստումները կային, որ Սերժի հագով կարած կոստյումը պետք է փոխվի: Այսօր տեսնում ենք, որ դրա մտադրությունը, բնավ, չկա: Տված խոստումների ճնշող մեծամասնությունը և խորքային, արմատական փոփոխությունների խոստումները չեն կատարվել՝ Սահմանադրությունը, Կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը չի փոխվել: Կոռուպցիայի դեմ պայքարը, որ ասվում էր… Ո՞ւր է, կա՞ մի  դատական վճիռ, ուժի մեջ մտած որոշում: Կոռուպցիոն ամենակարևոր սխեմաները չեն փոխվել»:

Հեղափոխությունից հետո ո՞ր ոլորտներում են առաջաընթաց արձանագրվել հարցին ի պատասխան Արա Պապյանն ասաց. «Ուզում եմ մտածել, չեմ գտնում նման ոլորտ, որ կարող եմ ասել առաջընթաց  կա: Այո, անընդհատ խոսակցություններ կան առաջընթացի մասին, բայց իրական կյանքում դա չկա:

Եթե չտրվեն քաղաքական գնահատականներ, չդատապարտվի նման ժառանգությունը, դու պորտալարը չես կարող կտրել դրանից: Իսկ եթե չես կտրում, ակամայից, իներցիոն ձևով գնում ես:

Ներկա իշխանությունն իշխանության է եկել հեղափոխությամբ՝ դատապարտելով նմանօրինակ վարքը: Եթե իշխանության գային սովորական ընտրությամբ, չխոսեին տարբեր արատավոր բաների մասին, նորմալ կլիներ»:

 

panarmenian.net

ԱՀԿ-ն բացառում է, որ պանդեմիան կավարտվի 2021-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վստահ է, որ 2021-ը նույնպես կլինի «Քովիդի տարի», իսկ պանդեմիայի ավարտն ակնկալվում է միայն 2022-ի սկզբին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն Die Welt-ին հարցազրույցում։

«Ենթադրում եմ, որ 2021-ը Covid 19-ի տարի է լինելու, բայց ավելի կանխատեսելի և կառավարելի»,- ասել է Կլյուգեն։

Ըստ նրա՝ նախորդ 2020-ին կորոնավիրուսը Terra Incognita էր, «մութ էր գիտական և քաղաքական առումով», մինչդեռ մեկ տարի անց մարդկությունը շատ ավելին գիտի՝ կա ախտորոշման ծրագիր, գործիքներ, պատվաստանյութեր, գրում է «Վեդոմոստին»։

Կորոնավիրուսի պանդեմիան սկսվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհան քաղաքում, մարտի կեսին վարակը տարածվել է աշխարհով մեկ։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ մարտի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակի 115․2 մլն դեպք է գրանցվել և ավելի քան 2․5 մլն մահ։

Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով առողջապահության նախարարությունը մարտի 5-ին վերաբացել է մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը։ Մարտի 4-ին նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեպքերը երկրում ավելացել են և անհրաժեշտ է խստորեն վերադառնալ դիմակ կրելուն ու վարակը կանխող այլ միջոցառումներին։