Մամուլի տեսություն 10.03.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135510-Մամուլի_տեսություն_10.03.2021
Իրանը Նաթանզում տեղադրված նոր սերնդի ցենտրիֆուգների երրորդ կասկադում սկսել է ուրանի հարստացումը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Մարտ 10, 2021 12:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.03.2021

Իրանը Նաթանզում տեղադրված նոր սերնդի ցենտրիֆուգների երրորդ կասկադում սկսել է ուրանի հարստացումը:

Շարղ օրաթերթ

Պեկինը մտածում է ԱՄՆ-ի  նկատմամբ դիմակայության մասին

Բայդենի իշխանության գալուց հետո, Չինաստանը հույս ուներ, որ երկու երկրներ միջև առկա առևտրային ու քաղաքական լարվածությունը կմեղմանա: Սակայն պաշտոնավարման հենց սկզբում, Բայդենը հայտարարեց, որ Չինաստանն ԱՄՆ-ի ամեմեծ սպառնալիքն է և Պեկինը չպետք է հարաբերությունների բարելավման հույս ունենա, քանի դեռ չի հրաժարվել առևտրային քաղաքականությունից, ռազմական հավակնություններից և մարդու իրավունքների ոտնահարումներից:

Հունվարի 20-ին Բայդենի երդմնակալությունից հետո իրավիճակն այնպիսին է, որ ապագայում երկու երկրների միջև հարաբերությունների սառնությունը ոչ միայն կարող է չթուլանալ, այլ նաև չի բացառվում ռազմական հակամարտությունը:

Այս պայմաններում, Չինաստանի բանակի զարգացման գեներալը կոչ է արել ավելացնել երկրի ռազմական բյուջեն, որպեսզի բանակը պատրաստվի ԱՄՆ-ի հետ հավանական առճակատման համար:

 

Քեյհան օրաթերթ

Իրանը Նաթանզի, միջուկային համալիրում, առաջադեմ ցենտրիֆուգների երրորդ կասկադում, սկսել է ուրանի հարստացումը

Ռոյթերս լրատվական գործակալությունը, հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրությանը, նշել է, որ Իրանը սկսել է IR2m առաջադեմ ցենտրիֆուգների երրորդ կասկադի միջոցով ուրանի հարստացումը:

Գործակալությունը հաղորդում է, որ ՄԱԳԱՏԷ-ի անդամներին ուղղված հաղորդագրության մեջ, գործակալությունը հայտնել է, որ Իրանը սկսել է UF6- ը ներարկել 174 IR2 ցենտրիֆուգների երրորդ կասկադի մեջ:

Ռոյթերսը նշել է. «Ցենտրիֆուգների չորրորդ կասկադը նույնպես տեղադրվել է, սակայն դրա մեջ դեռևս չի ներարկվել UF6: IR2m ցենտրիֆուգների հինգերորդ կասկադի տեղադրման աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ վեցերորդ  կասկադի տեղադրումը դեռ չի սկսվել»:

 

Խորասան օրաթերթ

Ֆրանսիական հանցագործություն

Երեկ Ֆրանսիայի կառավարությունը թույլ է տվել հրապարակել Ալիժիրում այդ երկրի գաղութատիրության շրջանին վերաբերող փաստաթղթեր: Դրանք բացահայտում են մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկը:

132 տարեկան այս հանցագործությունը, որ իրականացվել է Ալժիրի ժողովրդի դեմ, չի սահմանափակվում միայն մարդկային մասնատված մարմինների սև ու սպիտակ լուսանկարներով:

Նույնիսկ Փարիզի թանգարանում ցուցադրված Ալժիրի 18 հազար քաղաքացիների կտրված գլուխներից մնացած գանգերը այս աֆրիկյան երկրի ժողովրդի դեմ իրականացված ամենամեծ հանցագործությունը չեն:

Ամենասարսափելի հանցագործությունն իրականացվել է 1960-66թթ ՝ Ֆրանսիայի կողմից Ալժիրի անպատում իրականացված միջուկային 17 փորձարկումների ժամանակ: Ըստ 2010թ «Ալժիրի բանակ» ամսագրում տպագրված հոդվածի, առաջին փորձարկման ժամանակ, ֆրանսիացիները սյուներից կախել են  150 ալժիրցիների, որպեսզի լաբորատոր մկների նման, նրանց վրա փորձարկեն միջուկային ճառագայթման ազդեցությունը փորձարկման տարածքում գտնվող մարդու վրա:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանում բացվել է ամենամեծ շարժական հիվանդանոցը, որն ունի 99 մահճակալ

Իրանում 3 օր տևած աշխատանքներից հետո, բացվել է Իմամ Խոմեյնու գործադիր շտաբի, 99 մահճակալներով ամենամեծ շարժական հիվանդանոցը:

Հիվանդանոցը տեղակայված է Թեհրանի Մոսալլա համալիրում:

 

armenpress.am

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու քայլերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ներկայացուցչի գրասենյակից, դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի կողմից սանձազերզված 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և պատերազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Հատկապես կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեսպան Միխայիլ Բանցհաֆին ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքը և նշել, որ պատերազմից ի վեր այդ անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք էլ բավարարվել են ՄԻԵԴ-ի կողմից:

Կարևորվել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից գերեվարված անձանց հարցի մասին քննարկման հանգամանքը:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների և հետագա անելիքների մասին քննարկում: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ամփոփ ներկայացրել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Դեսպան Միխայել Բանցհաֆն առաջարկել է իր աջակցությունն այդ գործընթացում:

 

armenpress.am

Շախմատի բարձրագույն վարպետության դպրոցի նախագիծը արժանացել է դրական եզրակացության

Երևանում կստեղծվի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Ուրախությամբ հայտնում եմ, որ Երևանի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոցի նախագիծն արժանացավ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը»,-հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Նա նշել է նաև, որ Երևանի շախմատի ֆեդերացիայի սույն նախաձեռնությունը լուրջ առաջընթաց է խոստանում իմաստուն խաղում Հայաստանում շարունակական հաջողությունների ապահովման և պրոֆեսիոնալ ուսուցման գործում:

Մարտի 16-ին Երևանի ավագանու հերթական նիստում մարզադպրոցի նախագիծը կլինի օրակարգային:

«Շախմատի զարգացման և նոր մակարդակի փոխադրման մեր աշխատանքներում, վստահ եմ, այս մարզադպրոցը շրջադարձային նշանակություն է ունենալու»,-ընդգծել է Հայրապետյանը:

 

armenpress.am

Մարուքյանը ժամանակավրեպ է համարում Փաշինյանի հետ հուշագիր կնքելու իրենց առաջարկը

  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո ժամանակավրեպ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելու վերաբերյալ իրենց առաջարկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք դրսևորել ենք բարի կամքի քայլ, ճգնաժամից լուծում ենք առաջարկել, ինչը մերժվել է: Այս պահին այևս մեր առաջարկությունը ժամանակավրեպ է»,- ասաց Մարուքյանը:

Կուսակցության ղեկավարը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցն, այնուամենայնիվ, մնում է իրենց օրակարգում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր արտահերթ ընտրություններ անկացնելու հուշագիր ստորագրել այն դեպքում, եթե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չի ազատվի պաշտոնից:

 

 

panarmenian.net

ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար. Կրկին պահանջում եմ Փաշինյանի հրաժարականը

ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն է տարածել՝ կրկին պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Yerevan.Тoday-ը:

Նշվում է, որ յուրաքանչյուր օր, ժամ, Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ «քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում հայրենիքի ապագան»:

«Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- ասվում է հայտարարության մեջ:

Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ:

 

panarmenian.net

Bloomberg. Հաքերները կոտրել են Verkada ընկերության 150,000 տեսախցիկ

 Հաքերները հիվանդանոցներում, բանտերում և ընկերություններում տեղադրված 150,000 տեսախցիկ են կոտրել, գրում է Bloomberg-ը` Advanced Persistent Threat 69420 միջազգային խմբավորմանը հղումով։

Գործակալության զրուցակիցն ասել է, որ իրենք կոտրել են նաև ոստիկանության բաժանմունքներում, դպրոցներում, կանանց կլինիկաներում, հոգեբուժարաններում, Շանհայում՝ Tesla և Մեծ Բրիտանիայում Cloudflare ընկերություւններում տեղադրված Verkada ընկերության տեսախցիկները:Հաքերները կոտրել են նաև հենց արտադրող ընկերության գրասենյակների տեսահսկման սարքերը, գրում է Tjournal.ru-ն։

Հաքերներին հասանելի է դարձել նաև 4K արխիվը, այդ թվում` կասկածյալների հարցաքննությունները։

Հաքերներն ասել են, որ Verkada-ի տեսախցիկները հասանելի են դարձել իրենց «սուպերադմինիստրատորի» աքաունթով, իսկ լոգինն ու գաղտնաբառը գտել են համացանցում։

 

panarmenian.net

Չինաստանն առաջինն աշխարհում պատվաստային անձնագրեր կտա

 Չինաստանն առաջին երկիրը կլինի աշխարհում, որը կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին այսպես կոչված պատվաստային անձնագրերի տրամադրման ծրագիրը։ Դա մի փաստաթուղթ կլինի, որը Չինաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներբեռնել հատուկ թվային հարթակից և ներկայացնել արտասահմանյան ուղևորությունների դեպքում, գրում է BBC-ն։

Աշխարհի տարբեր երկրներում վաղուց արդեն խոսակցություններ կան նմանատիպ անձնագրերի ներմուծման անհրաժեշտության մասին։

Նախաձեռնության կողմնակիցները վստահ են, որ դա թույլ կտա հնարավորինս շուտ բացել միջազգային սահմաններն ու վերականգնել համաշխարհային տնտեսությունը։ Ընդդիմախոսները կարծում են, որ նման անձնագրերն առաջին քայլը կլինեն իշխանությունների կողմից քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն հաստատելու գործում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վստահ է, որ 2021-ը նույնպես կլինի «Քովիդի տարի», իսկ պանդեմիայի ավարտն ակնկալվում է միայն 2022-ի սկզբին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն։