Մամուլի տեսություն 13.03.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135752-Մամուլի_տեսություն_13.03.2021
ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների անդամն ասել է.«Առավելագույն ճնշման քաղաքականությունն Իրանի ժողովրդի մոտ հակամարմիններ է առաջացրել ԱՄՆ-ի փափուկ ուժի նկատմամբ և միջուկային ծրագրի նկատմամբ աջակցությունն ավելացել է»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Մարտ 13, 2021 15:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.03.2021

ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների անդամն ասել է.«Առավելագույն ճնշման քաղաքականությունն Իրանի ժողովրդի մոտ հակամարմիններ է առաջացրել ԱՄՆ-ի փափուկ ուժի նկատմամբ և միջուկային ծրագրի նկատմամբ աջակցությունն ավելացել է»:

 Խորասան օրաթերթ

Բանակցության փոխարեն պատժամիջոցների գործնական չեղարկման ռազմավարությունը

Իրանում ապրանքների թանկացման վրա պատժամիջոցների ազդեցության մասին նախագահի հայտարարություններից չորս օր անց և Իրանի ու ԱՄՆ-ի կողմից քայլ առ քայլ ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը վերադառնալու մասին հայտարարությունից մեկ օր հետո, ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարեց, որ մինչև Թեհրանը չվերադառնա ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը բացառվում է ակտիվների ազատմանն ու պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ցանկացած քայլ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը  հայտարարել է.«Բանակցությունների մասնակցելու համար Իրանին քաջալերելու հարցում միակողմանի խրախուսիչ քայլեր չունենք: Վերադարձը անհրաժեշտ է, սակայն անբավարար փոփոխություն է: Անբավարար է այն առումով, որ դրանից հետո մենք փորձելու ենք ավելի երկարաձգել ու ամրապնդել համաձայնությունը, ինչը կօգտագործենք  մեզ խորապես անհանգստացնող խնդիրների մասին բանակցելու համար»:

 

 Քեյհան օրաթերթ

Առավելագույն ճնշումը միավորեց Իրանի ժողովրդին 

Նախազգուշացնելով Բայդենի կառավարությանը՝ Բարաք Օբամայի կառավարության խորհրդական ու ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի անդամն ասել է.«Առավելագույն ճնշման քաղաքականությունն Իրանի ժողովրդի մոտ հակամարմիններ է առաջացրել ԱՄՆ-ի փափուկ ուժի նկատմամբ և որք սպառնալիքներն ավելանան, նույնքան կավելանան միջուկային ծրագրի նկատմամբ աջակցությունները»:

Օբամայի կառավարության օրոք Վալի Նասրը Պակիստանի ու Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հալբրուքի խորհրդականն էր և այժմ կանգնած է արտաքին հարաբերությունների խորհրդի կողքին և Բրուքինգզ վերլուծական կենտրոնի անդամ է: Նա Foreign Affairs պարբերականում գրել է.«Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը քիչ ազդեցություն է ունեցել Իրանի վրա: ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները, սակայն այս քայլերը ոչ միայն Իրանի գործունեության սահմանափակման պատճառ չդարձան, այլև Իրանի պաշտոնյաներն ավելի համաձակ կերպով ընդլայնեցին ուրանի հարստացումն, ինչի արդյունքում էլ տարածաշրջանում ավելի սրվեցին լարվածությունները և մեծացավ Վաշինգտոնի ու Թեհրանի ուղիղ բախման վտանգը»:

 

 Շահրվանդ օրաթերթ

Ռուսական ուղղաթիռներ  Իրանի երկնքում

Իրանի կարմիր մահիկի հավաքականության ղեկավար դոկտոր Հեմմաթիի ներկայությամբ Կարմիր մահիկի ու ռուսական Ռաշա ընկերության միջև ստորագրվել է ուղղաթիռների գնման պայմանագիրը:

Քարիմ Հեմաթին նշել է.«Իրանի Կարմիր մահիկի հավաքականությունն աշխարհի հինգ բարձրակարգ հավաքականություններից է, որին անդամակցում են ավելի քան 2 միլին երիդասարդներ»:

Իրանում ՌԴ-ի դեսպանը նշել է.«Բարեբախտաբար մի  քանի տարի անց, ականատես ենք լինում Կարմիր մահիկի հավաքականության քաջ ղեկավար դոկտոր Հեմմաթիի ջանքերով ուղղաթիռների գնման պայմանագրի ստորագրման»:

 

 Շարղ օրաթերթ

Արաղչի.  Շատ հավանական է, որ ՀԳՀԾ-ն չեղարկվի

Հարավային Կորեայում Իրանի սառեցված ակտիվների ազատումը պետք է դառնար Իրանի հետ խնդիրների կարգավորման հարցում Բայդենի կառավարության դրական քայլը: Թեհրանում ու Վաշինգտոնում վերլուծաբանները անընդմեջ անդրադառնում էին այս խնդրին և որոշ ԶԼՄ-ներ այնպես էին ներկայացնում, որ թվում էր թե այդ իրադարձությունը տեղի է ունեցել: Նույնիսկ ասվում էր, որ ակտիվների ազատումը կիրականացվի Շվեյցարիայի մարդասիրական ալիքով, որպեսզի օգտագործվի սննդի ու դեղերի գնման համար: Բայց անկախ նրանից, թե Հրավային Կորեայում Իրանի ակտիվների ազատումը որքանով կարող էր արդյունավետ լինել, ԱՄՆ-ի պետքարտուղարի ու պետդեպարտամենտի խոսնակի վերջին դիրքորոշումները ցույց են տալիս, որ ամերկիացիները այդ փոքր քայլն էլ չեն վերցնելու:

 

armenpress.am

Կարմիր շուկայով անցնող ճանապարհն ամբողջությամբ պատկանում է ԼՂ-ի Հանրապետությանը. Լուսինե Ավանեսյան

ԼՂ-ի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրով անցնող ճանապարհից հայկական զինված ուժերն իբր հանելու և այդ ճանապարհահատվածն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ շրջանառվող  լուրերը ապատեղեկատվություն են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂ-ի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Թեման հերթական անգամ է շրջանառության դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որի  տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից: Սակայն դա որևէ կերպ չի կարող նշանակել «համատեղ օգտագործում», քանի որ այդ ճանապարհն ամբողջությամբ պատկանում է ԼՂ-ի Հանրապետությանը, և դրա կարգավիճակի փոփոխության հարց պարզապես չի կարող քննարկվել»,- ասաց Ավանեսյանը:

Ավելի վաղ՝ հայկական որոշ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ ԼՂ-ի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին:

 

armenpress.am

Մոսկվայում պատգամավորների համաժողովում մոտ 200 մարդ է ձերբակալվել

Մոսկվայում Իզմայլովյան խճուղում անցանկալի կազմակերպությունների հետ միջոցառում անցկացնելու փորձից հետո ՆԳ մարմին է տեղափոխվել մոտ 200 մարդ, ստուգում է ընթանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքը:

Նշվում է, որ Իզմայլովսկի խճուղու հյուրանոցային համալիրում հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձել են միջոցառում անցկացնել համաճարակաբանական նորմերի խախտմամբ:

«Ոստիկանության աշխատակիցների կողմից հակաիրավական գործողությունները կասեցվել են։ Ներքին գործերի տարածքային մարմիններ է տեղափոխվել մոտ 200 մարդ։ Կատարվում է ստուգում, որի արդյունքներով որոշում կկայացվի օրենքին համապատասխան»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Միավորված դեմոկրատների» համակարգող Անաստասիա Բուրակովան «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, որ շաբաթ օրը, «Իզմայլովո Դելտա» հյուրանոցում տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցել են մունիցիպալ պատգամավորներ Ռուսաստանի տարածաշրջաններից՝ քննարկելու առաջիկա ընտրական փուլի ռազմավարությունը և միմյանց հետ կիսելու փորձը:

Մոսկվայի հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Մարինա Լիտվինովիչն էլ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Իլյա Յաշինը, Եվգենի Ռոյզմանը և Յուլիա Գալյամինան Մոսկվայում ձերբակալվել են մունիցիպալ պատգամավորների համաժողովում:

 

news.am

Հաշվի առնելով ՄԻՊ-ի՝ կառավարության նիստերին չմասնակցելու նախաձեռնությունը, նա այլեւս նիստերին չի հրավիրվելԳեւորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլեւս կառավարության նիստերին չհրավիրելու պատճառներին։

«Արման Թաթոյանը կառավարության նիստերին հրավիրված է եղել եւ ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: Այս պրակտիկան շարունակվել է տեւական ժամանակ: Աշխատակազմի կողմից ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե այլ անձ, որին հաջորդել է նիստերին պարոն Թաթոյանի համար հատկացվող տեղի մշտապես թափուր մնալը։ Այնուհետեւ, հաշվի առնելով կառավարության նիստերի մասնակիցների կազմի փոփոխությունը, ինչպես նաեւ Արման Թաթոյանի կողմից կառավարության նիստերին չմասնակցելու սեփական նախաձեռնությունը, վերջինս այլեւս նիստերին չի հրավիրվել»,- ասել է Մանե Գեւորգյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը հավելել է, որ Արման Թաթոյանն ունի բոլոր հնարավորություններն ու հարթակներն իր մտահոգություններն ու դիտարկումներն հայտնելու կամ գործադիր մարմնին ներկայացնելու համար եւ կառավարության համար անհասկանալի է վերջինիս հապճեպ եւ մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան։

Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը, ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ իրեն  այլեւս չեն հրավիրում կառավարության նիստերին։

 «Պատերազմից հետո, չեմ կարող ասել, թե որ օրն էր, բայց արդեն բավականին երկար ժամանակ է՝ կառավարությունից մեզ տեղեկացրել էին, որ ՄԻՊ-ին այլեւս չեն հրավիրում կառավարության նիստերին։ Այդ պատճառով ես այլեւս չեմ մասնակցում կառավարության նիստերին»,- ասել էր նա։

 

news.am

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

 Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

 

yerkirmedia.am

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ վերահաստատելով աջակցությունը ԼՂ-ի Հանրապետության ժողովրդին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 9-ը հռչակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակաի օր և ժամանակավորապես կասեցրել Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը մինչև քաղաքի վերազատագրումը բռնազավթումից

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը՝ խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի առաջարկությամբ և Միթչ Օ՛Ֆարելի աջակցությամբ, միաձայն բանաձև է ընդունել, որով վերահաստատում են Լոս Անջելես քաղաքի աջակցությունը ԼՂ-ի Հանրապետության ժողովրդին։ Բանաձևն ընդունվել է 2021 թվականի փետրվարի 2-ին և ուժի մեջ մտել մեկ ամիս անց՝ պայմանավորված ընթացակարգով։ Բանաձևում նշվում է

«Լոս Անջելես քաղաքը մշտապես աջակցել է ԼՂ-ի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) էթնիկ և մշակութային առումներով տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդին, որը քաջաբար հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից 30-ից ավելի տարի առաջ և բռնեց ժողովրդավարության ճանապարհը։ ԼՂ-ի ժողովրդի պատմական պայքարը, ներառյալ 1991-94թթ․ հաղթանակով պսակված անկախության համար պատերազմը, նման է ժողովրդավարական պետություն կերտած բոլոր ժողովուրդների պայքարին, որոնք ձգտել են ժողովրդավարական պետություններ ստեղծել՝ ազատ ընտրությունների ճանապահով ազատության և ինքնորոշման արժեքներ որդեգրած, ներառյալ ԱՄՆ-ի հիմնադիրները»։

Բանաձևում հղում է արվում 2013 թվականին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից պաշտոնապես միաձայն ընդունված փաստաթղթին, որով ԼՂ-ի Հանրապետությունը ճանաչվեց՝ իբրև ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Նույն փաստաթղթում Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունը վերահաստատում է 2020 թվականի դեկտեմբերին ընդունած փաստաթուղթը, որում նշվում է, որ « Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերահաստատում է նվիրվածությունը ԼՂ-ի Հանրապետության պայքարին աջակցելու առաքելությանը և նրա ժողովրդի ինքնորոշմանը՝ կոչ անելով նաև ԱՄՆ դաշնային իշխանությանը հետևել իր օրինակին»։

 «2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը, շփման գծի ամբողջ երկայնքով, լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին ԼՂ-ի Հանրապետության նկատմամբ՝ Թուրքիայի աջակցությամբ՝ խախտելով 30 տարվա զինադադարը և վերսկսելով լայնածավալ պատերազմ՝ թիրախավորելով և էթնիկ զտման ենթարկելով հայ ժողովրդին և բռնազավթելով ԼՂ-ի Հանրապետության տարածքները», նշված է փաստաթղթում։ Բանաձևում փաստվում է նաև, որ ռազմական հարձակման ընթացքում Ադրբեջանական զինուժը նպատակային թիրախավորում էր ԼՂ-ի խաղաղ բնակավայրերը՝ մահացու հարվածներ հասցնելով թռչող անօդաչու սարքերով, հրթիռներով, ծանր զրահատեխնիկայով, ինչը հանգեցրեց անմեղ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների մեծ մասի տեղահանմանը։ «Ադրբեջանական զինուժը և նրանց վարձած ահաբեկիչները սարսափելի ոճրագործություններ են իրականացրել՝ ներառյալ սպանություն, անդամահատում, կտտանք խաղաղ բնակչության և ռազմագերիների նկատմամբ, պղծել են սրբավայրեր և պատմամշակութային կոթողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում», արձանագրել են Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամները։

Բանաձևում ասվում է նաև, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր և միջազգային հանրության կողմից արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր։ «Լայնածավալ ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին, այդուհանդերձ, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում էին վայրագությունները, ագրեսիան, դաժանությունները անգամ այդ օրվանից հետո», նշված է փաստաթղթում։

Միաձայն ընդունված հռչակագրում Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունը «հարգելով հարձակմանը զոհ գնացած հազարավոր նահանտակներին և խոնարհվելով նրանց հիշատակի առաջ, նոյեմբերի 9-ը հռչակում է ԼՂ-ի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային զոհ գնացած հազարավոր հայերի հիշատակի օր»։

Նույն օրը Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մեկ այլ բանաձև է ընդունել՝ կապված Շուշիի հետ։ Ինչպես հայտնի է, դեռևս 2012 թվականի Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունը Շուշին հռչակել էր «բարեկամ քաղաք»։ Նույն բանաձևում նշվում է, որ «ԼՂ-ի մշակութային սիրտը՝ դարավոր Շուշին, մեծ կարևորություն ունի աշխարհասփյուռ հայերի համար»։

Սեպտեմբերի 27-ին ԼՂ-ի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով ավերվեցին նաև մշակութային բազմաթիվ կոթողներ։ «Լքված լինելով միջազգային հանրության կողմից և դիմակայելով ԼՂ-ի գոյության նկատմամբ սպառնալիքին և հայ ժողովրդի նկատմամբ ևս մեկ ցեղասպանության վտանգին, Հայաստանը ստորագրեց հրադադարի հայտարարություն՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որը Ադրբեջանին թույլ տվեց հսկողության տակ վերցնել ԼՂ-ի մի զգալի մասը և Շուշի քաղաքը», գրված է բանաձևում։ Հետևաբար, Լոս Անջելես քաղաքը ժամանակավորապես կասեցնում է Շուշի քաղաքի հետ «բարեկամ քաղաք» հարաբերությունն այնքան ժամանակ, քանի դեռ այն ապօրինաբար գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ։ Այդ կարգավիճակը կվերահաստատվի, երբ Շուշին ազատ կլինի ադրբեջանցիների բռնազավթումից և կվերականգնվի ժողովրդավարական ԼՂ-ի Հանրապետության կազմում», գրված է բանաձևում։

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նաև զորակցություն է հայտնել Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին և քաղաքի՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված ամբողջ ղեկավարությանը՝ սպասելով ադրբեջանական բռնազավթումից Շուշիի ազատագրման օրվան։

 

lragir.am

Խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են շուրջ 1623 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ռուս խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 17 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 9 շինություն, հայտնաբերել և վնասազերծել 19 պայթյունավտանգ առարկա:

 «Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1640 հա տարածք, 513 կմ ճանապարհ, 1586 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25173 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: