Մամուլի տեսություն 09.04.2021
Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Էրդողանն իրեն բռնապետի պես է պահում:
Համշահրի օրաթերթ
Իտալիայի վարչապետն Էրդողանին բռնատեր է անվանել
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին բռնապետ է անվանել, ի պատասխան Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ նվաստացուցիչ վերաբերմունքի:
Երեքշաբթի օրը, Էրդողանի, Ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի եռակողմ բանակցությունների մեկնարկի ժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենի համար աթոռ չի նախատեսվել: Հանդիպման վայրում աթոռներ են նախատեսվել միայն Էրդողանի և Միշելի համար և տեղադրվել են Թուրքիայի ու ԵՄ դրոշները:
Էթեմադ օրաթերթ
Չինաստանի հետ համաձայնագիրը գործի է դնելու Իրանի տնտեսության շարժիչը
Չինաստանում Իրանի նախկին դեսպանն անդրադառնալով Իրան-Չինաստան 25-ամյա համագործակցության փաստաթղթի կարևորությանը, հայտարարել է. «Այս փաստաթուղթը գործի է դնելու Իրանի տնտեսական շարժիչը տարբեր, այդ թվում՝ պողպատի արտադրության, զբոսաշրջության, առողջապահության, սարքավորումների և հում նավթն ու էներգիայի ոլորտներում»:
Ջամե Ջամ օրաթերթ
Կանխատեսվում է համաշխարհային տնտեսական անկման նոր ռեկորդ
Տնտեսական վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկա 12-18 ամիսներին աշխարհում գրանցվելու է համաշխարհային տնտեսական անկման նոր ռեկորդ:
Սա «տհաճ կանխատեսում» է: Իսկ ըստ moody’s analytics- ում հրապարակված զեկույցի, ևս մեկ կանխատեսման համաձայն, քաղաքական գործիչները չեն կարողանալու հետ շեղել անկման միտումը:
Իրան օրաթերթ. Քալամարդ. Նավալնին պետք է ազատ արձակվի
Amnesty International- ի՝ կորոնավիրուսի համաճարակի ազդեցության մասին տարեկան զեկույցի հրապարակումից հետո, կազմակերպության ղեկավարը քննադատել է Ռուաստանի բանտում Ալեքսեյ Նավալնիի պայմանները ռ և արդարություն պահանջել սաուդացի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործի հետաքննության ընթացքում:
Ագնես Կալամարդը հայտարարել է. «Նավալնին բանտում պահվում է այնպիսի պայմաններում, որոնք նման են խոշտանգումների, հատկապես քունը զրկելու միջոցով: Պետք է վերանայել կազմակերպության կողմից Նավալնիի «խղճի գերի» կարգավիճակի չեղարկման հարցը:
armenpress.am
Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։
armenpress.am
Զելենսկին հայտարարել է, որ իրավիճակը Դոնբասում իրոք սրվել է
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակում անձամբ է համոզվել Դոնբասում իրավիճակի սրման մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նա ժամանել է Դոնբաս, որտեղ կայցելի առաջնագիծ և կշփվի զինծառայողների հետ: Այցը տեղի է ունենում շփման գծում իրավիճակի սրման ֆոնին:
«Իրոք, կա Դոնբասում իրավիճակի սրում, իրոք մենք դա տեսնում ենք, տեսնում են նաև զինծառայողներն ու հրամանատարները: Հասկանում եմ, որ մեր զինծառայողների դեմ աշխատում են դիպուկահարներ»,- «Ուկրաինա 24»-ին ասել է Զելենսկին:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ չի տեսնում կապ Զելենսկիի Դանբաս այցելության և տարածաշրջանում իրավիճակի սրման միջև:
armenpress.am
Հռոմի պապը Համաշխարհային բանկին եւ ԱՄՀ-ին կոչ Է արել կրճատելու ամենաաղքատ երկրների պարտքերը
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ այս օրերին տեղի ունեցող գարնանային նստաշրջանի առթիվ դիմել Է այդ կազմակերպությունների պաշտոնյաներին եւ նրանց կոչ արել զգալիորեն կրճատելու ամենաաղքատ երկրների պարտքերը, որոնք ավելացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Քահանայապետի նամակի տեքստն ապրիլի 8-ին հրապարակել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական համերաշխության պահպանման հանձնառություններն ինչ-որ շատ ավելին են ներառում իրենց մեջ, քան շռայլության ակտերի դիպվածային իրականացումը»,- ասված Է Ֆրանցիսկսի ուղերձում: «Անհրաժեշտ Է պայքարել աղքատության, անհավասարության, գործազրկության, բնակարանի պակասի, սակավահողության եւ մարդկանց սոցիալական եւ աշխատանքային իրավունքների չպահպանման կառուցվածաքային պատճառների դեմ»,- ամփոփել Է քահանայապետը: Հռոմի պապը կոչ Է արել ստեղծելու գոբալ կառավարման նոր եւ վերականգնելու հին ինստիտուտները, որպեսզի կառուցվի միջազգային հարաբերությունների նոր ցանց մարդկային ներուժի ամբողջական զարգացման աջակցության համար:
Նրա կարծիքով՝ «դա պարտադիր կհանգեցնի այն բանին, որ ամենաաղքատ եւ ամենաքիչ զարգացած երկրներն ավելի նշանակալի դեր կստանան աշխարհում որոշումների ընդունման գործում, եւ կդյուրացնի նրանց մուտքի հնարավորությունը միջազգային շուկա»: Քահանայանպետը նաեւ հերթական անգամ հիշեցրել Է պետությոնների միջեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդարացի բաշխման անհրաժեշտության մասին: «Տվյալ դեպքում մենք չենք կարող շուկայական տնտեսության օրենքներին թույլ տալ հաղթանակ տանելու սիրո օրենքների եւ բոլոր մարդկանց առողջության նկատմամբ»,- հավելել Է Ֆրանցիսկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների հարազատները ցույցի են դուրս եկել Բաքվի կենտրոնում
PanARMENIAN.Net - Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների հարազատները բողոքի ցույցի են դուրս եկել նախագահի աշխատակազմի դիմաց։ Նրանք բողոքում էին, որ որոնողական աշխատանքներ չեն տարվում, իսկ իրենց խնդիրներն ու բողոքներն անտեսվում են պաշտոնյաների կողմից։
Անհետ կորածների ծնողներն աջակցության կոչով դիմել են Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ նախագահներին,, գրում է Turan գործակալությունը։
Ցուցարարներին ընդունել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։ «Ես կտեղեկացնեմ ձեզ ձեռնարկվող միջոցների մասին, որոշ արդյունքներ կան։ Նախագահի հանձնարարությամբ, այդ հարցով զբաղվում են բոոր պետական կառույցները»,-ասել է նա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով 2021-ի հունվարի դրությամբ անհետ կորած զինծառայողների թիվը երկրում հասնում էր 64-ի, սակայն վերջին ամիսներին մի մասի մասունքները հայտնաբերվել են։
panarmenian.net
Փաշինյանը ԱՀ նախագահին է ներկայացրել Պուտինի հետ հանդիպման արդյունքները
PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունում ընդունելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, նրան է ներկայացրել մոսկովյան այցի արդյունքները:
«Սա լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ»,- ասել է Փաշինյանը։
Արայիկ Հարությունյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։
«Ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով: Այդ համատեքստում մենք էլ ենք կարևորում Ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը։ Մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է»,-ասել է նա:
Վարչապետը կարևորել է, որ ռուս խաղաղապահներն այսօր անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են:
«Այդ առումով, խաղաղապահների գործունեությունը, իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի»,-ասել է նա:
Փաշինյանը նաև նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվում՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ։
«Կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, և շատ կարևոր է նաև այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ:
Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի»,- ասել է վարչապետը:
Հարությունյանն իր հերթին ասել է, որ հաջողվել է «ոչ միայն լուծել առաջին կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել անելիքները՝ ուղղված ապագային»:
Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյանի և Ռդ նախագահի հանդիպումը։ Քննարկվել են հայ-ռուսական օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։ Փաշինյանը Մոսկվայում «Հայ իրավաբանների ասոցիացայի» անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ:
panarmenian.net
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին և ՀՀ-ին
PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը, տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Ապրիլի 7-ին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։
Դրանով պահանջվում է հատուցել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պատասխանող կողմին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները, հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դադարեցնել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։ Այն հակասահմանադրական է ճանաչվել, դրանով երկրորդ նախագահը մեղադրվում էր Սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Չնայած դրան՝ կոռուպցիայի մասին քրգործի շրջանակում դատավարությունը Քոչարյանի դեմ կշարունակվի։