Մամուլի տեսություն 15.04.2021
Իրանի վճռական պատասխանն Իսրայելի գործողություններին՝ ուրանի հարստացումը կհասցվի 60 տոկոսի:
Արմանե մելլի օրաթերթ
Իրանի վճռական պատասխանը Իսրայելի գործողություններին ՝ ուրանի հարստացումը կհասցվի 60 տոկոսի
Իրանի կողմից ուրանի 60 տոկոս հարստացման գործընթացը վկայում է, որ եթե պատժամիջոցների չեղարկման ճանապարհին խոչընդոտներ առաջանան, ԻԻՀ շարունակելու է ամուր և կանգնած մնալ իր դիրքում:
Երեկ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն, որում անդրադառնալով ԻԻՀ միջուկային արդյունաբերության ոլորտում թշնամիների ահաբեկչական քայլերին, հայտարարել է«Պատժամիջոցները, միջուկային գիտնականների սպանությունը, Նաթանզի ցենտրիֆուգների մոնտաժման դահլիճի քանդելը և նույն համալիրի դեմ վերջերս իրականացված ահաբեկչական հարձակումները ցույց են տալիս Իսլամական Իրանի թշնամիների ձախողումը, իսկ միջուկային արդյունաբերության ոլորտի գիտնականների կամքը բոլոր այդ ապարդյուն քայլերը հուսահատության է վերածել»:
«Նաթանզի միջուկային օբյեկտներն ամենայն արագությամբ ողջ թափով կշարունակեն աշխատանքը՝ առջևում դրված նպատակներին հասնելու համար: Իրանցի գիտնականները կանեն այնպիսի քայլեր, որ աշխարհը կրկին միջուկային տեխնոլոգիայում իրանցիների գիտական հզորության ականատեսը կլինի: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ իրանցի գիտնականների վճռականությունն անփփոխ է»,- ասված է հայտարարության մեջ:
Էթեմադ օրաթերթ
Բայդենը հավատարիմ է թալիբներին տված խոստմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ին, այդ երկրի զորուժը դուրս կգա Աֆղանստանից, վերջ դնելով արտասահմանում ԱՄՆ-ի ամենաերկար պատերազմին:
Ըստ Կատարի Դոհա քաղաքում ԱՄՆ նախկին վարչակազմի և «Թալիբան» խմբավորման միջև 2009 թ. Ստորագրված համաձայնագրի, Թրամփի վարչակազմը թալիբներին խոստացել էր, որ այս տարվա մայիսին օտարերկրյա զորքերը լքելու են Աֆղանստանը: Ներկայումս Աֆղանստանում կա 2500-ից 3500 ամերիկացի զինծառայող, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների 7000 զինծառայող: Արձագանքելով Աֆղանստանից դուրս գալու ԱՄՆ որոշմանը, Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանից հեռանալու են ամերիկյան զորուժի հետ միաժամանակ:
Իրան օրաթերթ
Պատվաստումների առաջին պաշտոնական վիճակագրությունը
Կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի ազգային շտաբի վերջին նիստում պատվաստանյութի ներմուծման և բաշխման վիճակագրության վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրելու նախագահ Ռոհանիի կարգադրությունից հետո, երեկ, Առողջապահության նախարարությունը հրապարակել է պատվաստանյութերի ներմուծման ու բաշխման վերջին վիճակագրությունը:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տվյալներով՝ կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դոզան ստացել է 361 951 մարդ, իսկ երկրորդ դոզան ՝ 100 691 մարդ: Ընդհանուր առմամբ, պատավստվել է 462 642 մարդ:
Քեյհան օրաթերթ
Միենապոլիսի ցույցերի երրորդ օրը, ոստիկանությունը ճնշում է գործադրել ցուցարարների նկատմամբ
Երիտասարդ սևամորթի սպանության դեմ բողոքող ցուցարարներին չեն կանգնեցրել ոչ պարետային ժամը, ոչ ազգային գվարդիայի ուժերի տեղակայումը Մինեապոլիսում և ոչ էլ նրանց դեմ ուղղված ոստիկանության գործողությունները: Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երրորդ օրը:
Թերևս ժողովրդի վրդովմունքի պատճառն այն է, որ ոստիկանը Ջորջ Ֆլոյդի սպանության վայրում սպանել է մեկ այլ սևամորթ երիտասարդի:
armenpress.am
ՄԻՊ-ը, ԵԽ պատգամավորները հորդորում են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր հայ գերիներին ազատելու համար
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին կայացել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, քննարկման նախաձեռնությունը եղել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասինը, որը ևս հանդես է եկել զեկույցով: Մասնակցել են նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե:
Նա ևս մեկ անգամ հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության և թշնամանքի քարոզի համատեքստում: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը: Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Թաթոյանը կարծում է, որ ԵՄ-ն պետք է իր դիրքորոշումն ինստիտուցիոնալ ձևով արտահայտի՝ այս խախտումները վերացնելու, հետագաները կանխելու համար։
Քննարկման ընթացքում Պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պա
armenpress.am
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը:
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել ռուս խաղաղապահների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրված դաշտերում:
«Գործնականում ցանքի շրջանն արդեն ավարտվում է: Այս տարի խաղաղապահների շնորհիվ այն կազմակերպվեց առանց խափանումների: Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ ցանքի շրջանը շփման գոտու հարակից տարածքում կանցնի առանց խափանումների: Բոլոր խնդիրները, որոնք դրված էին, կատարվել են, հուսով ենք, որ աշնանը, մեր օգնությամբ, տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- նշել է Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության զորախմբի ղեկավարի տեղակալ գեներալ-մայր Սերգեյ Ժմուրինը:
2020 թ. նոյեմբերի 23-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 979 հա տարածք, 612 կմ ճանապարհ, 1 707 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 556 պայթունավտանգ առարկա:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
armenpress.am
Բայդենը հարգել է Աֆղանստանում զոհված ամերիկացի զինվորականների հիշատակը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին հայտարարությունից հետո այցելել Է Առլինգտոնի գերեզմանոցի այն հատվածամասը, որտեղ թաղված են Իրաքում եւ Աֆղանստանում զոհված ամերիկացի զինծառայողները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինձ միշտ ապշեցնում Է, թե նչպես են սերնդե-սերունդ կանայք եւ տղամարդիկ պատրաստ տալու կյանքը հանուն իրենց երկրի: (…) Նրանք այն զոհաբերում են հանուն իրենց եղբայրների, քույրերի, մայրերի, հայրերի»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել Է, թե դժվար Է եղել արդյոք նախագահի համար զորքերի դուրսբերման որոշումը: «Ո՛չ: Ինձ համար դա բացարձակապես պարզ Է: (…) Մենք մեկնեցինք Աֆղանստան երկու պատճառով. վերջ դնելու («Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի պարագլուխ Ուսամա) բեն Լադենին, ինչպես նաեւ որպեսզի (Աֆղանստանը) դադարի ապաստան լինել (ահաբեկիչների համար):
Հենց ամենասկզբից ես երբեք չեմ կարծել, թե մենք այնտեղ ենք, որպեսզի ինչ-որ կերպ միավորենք (…) Աֆղանստանը»,- պատասխանել Է Բայդենը: Ապրիլի 14-ին ավելի վաղ նա հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը կսկսի մայիսի 1-ին եւ այն կավարտի մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian
ՌԲԿ. ՀՀ-ն կհամաձայնի Բաքվի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին, եթե լուծվի գերիների հարցը
PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն ապրիլի 29-30-ին Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին, որին սովորաբար մասնակցում են երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնել է ՌԲԿ-ն՝ ՌԴ-ում ու ՀՀ-ում 3 դիվանագիտական ու կազմակերպության աշխատակազմում աղբյուրներին հղումով։
Որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է Երևանի համաձայնությունը, իսկ դրա համար պետք է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ գերիների հարցը, նշել է հայկական աղբյուրը։
Երևանի ցանկում մոտ 200 անուն կա։
Չլուծվածների թվում է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման տարբերակների հարցը: Բաքուն ուզում է երկաթուղի Սյունիքով Նախիջևան, ՀՀ-ն համաձայն է, սակայն զուգահեռաբար պնդում է Իջևան-Ղազախ երկաթգծի վերագործարկման անհրաժեշտության մասին, ու, բացի այդ, առաջարկում է արդեն հիմա ապաշրջափակել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղին։ Ադրբեջանը պնդում է, որ առաջին հերթին պիտի վերագործարկվի Մեղրիի ճանապարհը։
panarmenian
Համահայկական հիմնադրամը Կարմիր շուկայում 100 տուն կկառուցի
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի Կարմիր շուկա բնակավայրում 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:
Այս մասին հայտարարվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հանդիպումից հետո։
«Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը: Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան։
panarmenian
Ավանեսյան․ ՀՀ-ում Covid-19-ից մահացությունը միջին համաշխարհայինից ցածր է
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը 1.7 տոկոս է, ինչը միջին համաշխարհայինից ցածր է։
Կորոնավիրուսից մահացության համաշխարհային միջին ցուցանիշը 2 տոկոսն է։
Նա հավելել է, որ պատվաստումները, որոնք մեկնարկել են ՀՀ-ում ապրիլի 13-ից, թույլ կտան խուսափել մահերից։
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 205,128-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3794 դեպք կա, այլ պատճառով՝ 957։ Փաստացի բուժվողների թիվը 16,134 է։