Մեկնաբանություն. Իրանի պատգամները՝ ուրանի 60 տոկոս հարստացմամբ
Նաթանզի միջուկային համալիրի դեմ իրականացված ահաբեկչությունից անմիջապես հետո, որի կապակցությամբ Իսրայելը հայտարարեց, թե համալիրի աշխատանքը 9 ամսով կհետաձգվի, Իրանը որոշում կայացրեց ուրանի հարստացման մակարդակը 20 տոկոսից հասցնել 60 տոկոսի:
Այս կապակցությամբ, Ատոմային էներգիայի կազմակերպությունը անցյալ չորեքշաբթի սկսեց համապատասխան աշխատանքները և հինգշաբթի օրը ստացավ 60 տոկոս հարստացված ուրանը:
Նաթանզի միջուկային համալիրում ուրանի 60 տոկոս հարստացման ծրագրի մեկնարկը փաստեց, որ հակառակ սիոնիստների պնդումներին, այդ համալիրում հարստացման պրոցեսը ոչ միայն չի դադարել, այլ դրա մակարդակը աճել է մինչև 60 տոկոս: Ներկայումս համալիրն ունի ժամում 9 գրամ 60 տոկոսանոց ուրան հարստացնելու հնարավորություն: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարությունից անմիջապես հետո, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ ցանկության դեպքում, հարստացման մակարդակը կարող է հասնել 90 տոկոսի:
Իսրայելի միջուկային ահաբեկչությանն ի պատասխան ուրանի հարստացումը մինչև 60 տոկոսի հասցնելու Իրանի որոշումը, ինչպես նաև որոշման անհապաղ գործադրումը, հաստատում են այն փաստը, որ Իրանում միջուկային տեխնոլոգիան ինստիտուցիոնալացվել է, և 40 տարի առաջ սկսված գիտական գործընթացը չնայած գիտնականների սպանություններին ու դիվերսիաներին, կանգ չի առել: Իրանի ուժը գտնվում է նրա երիտասարդների ուղեղներում, գիտահետազոտական ինստիտուտներում, գիտական կենտրոններում և բարձր առաջադեմ համալսարաններում, ինչպես նաև ազգի անկախ որոշումների, կամքի, ղեկավարության մարտավարության մեջ և այդ ուժը չի կարող ոչ սպանվել, ոչ էլ ռմբակոծվել:
Ուրանի 60 տոկոս հարստացումը նաև հզոր ուղերձ էր Արևմուտքին, հատկապես Միացյալ Նահանգներին ՝ սանձել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը կարծում է, թե իր մանկական գործողությունները կարող են կասեցնել Իրանում գիտական առաջընթացի անիվը կամ խափանել Վիեննայի բանակցությունները:
Չնայած Նեթանյահուի բոլոր սադրանքներին, ԱՄՆ-ի կողմից դրանց անտեսմանը, և Եվրոպայի բացահայտ կեղծավորությանը, Իրանը շատ պատասխանատու է վերաբերվում ՀԳՀԾ-ին և նույնիսկ Նաթանզի օբյեկտի վրա Իսրայելի ահաբեկչական հարձակումից մի քանի օր անց, մասնակցեց Վիեննայում ընթացող բանակցություններին: Իրանը հայտարարել է, որ կվերադառնա իր բոլոր միջուկային պարտավորություններին, եթե ԱՄՆ-ն չեղարկի բոլոր պատժամիջոցները:
Ուրանի 60 տոկոս հարստացումից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ Իրանը մասնակցում է Վիեննայի հանդիպումներին ոչ թե թուլության, այլ ուժի և պատասխանատվության դիրքերից, և որ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հրաժարվեն բաժանելու քաղաքականությունից և վերջ դնեն քայքայիչ բանակցությունների քաղաքականությանը: Նման քաղաքականությունն անարդյունավետ է և անօգուտ: Նրանք պետք է օգտվեն Վիեննայի հանդիպումների հնարավորությունից՝ վերականգնելու իրենց նկատմամբ վստահությունը, քանի որ նման հնարավորություն հնարավոր է չկրկնվի, իսկ կրկնվելու դեպքում, ծախսատար լինի ԱՄՆ-ի և Եվրոպայի համար: