Մամուլի տեսություն 22.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138980-Մամուլի_տեսություն_22.04.2021
Իրանական մամուլն այսօր անդրադարձել է երեկ Իսրայելի ռազմական ու անվտանգության կարևոր կենտրոնում տեղի ունեցած պայթյունին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2021 08:26 Asia/Tehran

Իրանական մամուլն այսօր անդրադարձել է երեկ Իսրայելի ռազմական ու անվտանգության կարևոր կենտրոնում տեղի ունեցած պայթյունին:

Քեյհան օրաթեր

Իսրայելի ռազմական կարևոր կենտրոններից մեկում հզոր պայթյուն է որոտացել

Սիոնիստական ​​ռեժիմի կարևոր  օբյեկտները բազմիցս թիրախավորվել են Դիմադրության անօդաչու թռչող սարքերի կողմից: Պայթյուններ են որոտացել Հայֆա քաղաքի կամ այլ ռազմական կարևոր կենտրոններում:

Երեկ հաղորդվեց, որ այս անգամ խոշոր պայթյուն է տեղի ունեցել բռնագրավված տարածքներում գտնվող զենքի գործարանում: Սիոնիստական ​​աղբյուրները երեկ կեսօրին հաղորդեցին, որ բռնագրավված Պաղեստինում գտնվող զենքի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Սիոնիստական ​​հաարեց թերթը հայտնում է, որ  պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Պաղեստինի կենտրոնում գտնվող Ռամոլլահ քաղաքի ռազմական կենտրոնում: Պայթյունի հետևանքով հնարավոր զոհերի մասին մանրամասներ չեն հաղորդվել:

 

Խորասան օրաթերթ

CENTCOM. Իրանի ԱԹՍ-ները կոտրել են ԱՄՆ-ի օդային գերակայությունը

Արևմտյան Ասիայում ամերիկյան ահաբեկչական ուժերի կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM), ընդունելով Իրանի ԱԹՍ-ների մեծ հնարավորությունները, հայտարարել է, որ դրանք կոտրել են տարածաշրջանում ԱՄՆ-ի օդային գերակայությունը:

CENTCOM-ի հրամանատար գեներալ Մաքքենզին հայտարարել է «Իրանի կողմից հետախուզության և հարձակման նպատակով կիրառվող փոքր ու միջին ԱԹՍ-ների լայնածավալ կիրառումը  մեզ զրկել է օդային լիակատար գերակայությունից»:

Խոսելով Իրանի ԱԹՍ-ների հզորության մասին,  Մաքքենզին հավելել է. «Քանի դեռ մենք չենք  ստեղծել և տեղակայել ԱԹՍ-ները հայտնաբերող և խոցող ցանցային  համակարգ, առավելությունը լինելու է հարձակվող կողմինը»:

 

Էբթեքար օրաթերթ

Ի՞ն չ բնոյւթ են կրում Թեհրան-Ռիադ բանակցությունները

Իրանի ԱԳՆ Արևմտյան Ասիայի հարցերով նախկին պատասխանատուն համոզված է, որ ՀԳՀԾ-ն, Թրամփի պարտությունը և Եմենի դեմ պատերազմում կրած պարտությունը, Ռիադին ստիպել են բանակցությունների գնալ Իրանի հետ:

Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի բանակցություններին և ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ գործոններ են հանգեցրել Իրանի հետ բանակցությունների կոչին, Ղասեմ Մոհաբելին ասել է. «Սա տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած մի շարք զարգացումների հետևանք է, որոնցից ամենակարևորը, թերևս, Եմենի դեմ 5 տարի տևած պատերազմում կրած պարտությունն է»:

Քեյհան թերթ

Թուրքիան ԻԼԻՊ-ի հետ մաիսին  պաշտոնապես ներգրավվեց  Եմենի դեմ պատերազմին

Մարեբ քաղաքը Եմենի բնակի ու ժողովրդական կոմիտների կողմից ազատագրվելու նախօրեին, Սաուդյան կոալիցիան դիմել է Թուրքիայի ու ԻԼԻՊ-ի օգնությանը: Եմենի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ «Ալ-Ղաիդա» խմբավորման ահաբեկիչները համագործակցում են սաուդյան կոալիցիայի հետ: Այնուամենայնիվ, այս օրերին ուշադրության կենտրոնում է Թուրքիայի ներգրավումը պատերազմին և Ռիադի ջանքերը՝ Անկարային Եմենի ճահճի մեջ ավելի խորը  քաշելու ուղղությամբ:

 

 armenpress.am

Տնտեսության վերականգնման հերթական ազդակը. ՀՀ-ում 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է 38 հազարով

 Հայաստանի կառավարությունը տնտեսության վերականգնման հերթական ազդակն է ստացել: Գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարող են արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ է եղել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ ամփոփել են 2021թ. մարտի աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է՝ անցյալ տարվա հետ կապված հարկման բազա ունեցող, այսինքն՝ զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով:

«Առհասարակ, հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություն է իրականացվել նաև 2019թ. համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019թ. մարտ ամսվա համեմատ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ, և այդ ցուցանիշը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019թ. համեմատ 24 մլրդ-ով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը և՛ 2020թ., և՛ 2019թ. նկատմամբ՝ համապատասխանաբար կես մլրդ և 1.3 մլրդ գումարի չափով»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ թվերի հավաստիության մասով կասկածելն անմտություն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա:

Այս առումով ՊԵԿ նախագահն ասաց, որ գնաճի գործոնը կա, ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն: «Շատ ավելի ուշ համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին արձագանքեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի արդյունք է:

«Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ», - ասաց նախարարը:

 

armenpress.am

Ամերիկյան անօդաչուն հեռախուզություն է անցկացրել Ղրիմի սահմանների մոտ

Global Hawk ամերիկյան ռազմավարական անօդաչուն Ղրիմի սահմանների մոտ հեռախուզություն Է անցկացրել զորավարժությունների նախաշեմին: Այդ մասին վկայում են Flight Radar ծառայության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ Հարավային ռազմական օկրուգի զորքերի եւ Օդադեսանտային զորքերի զորավարությունների հիմնական փուլը վարժանքների ձմեռային ժամանակաշրջանում մարտունակության ստուգման շրջանակներում կանցկացվի ապրիլի 22-ին, Ղրիմի Օպուկի զինափորձարանում:

FlightRadar պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչուն անցել Է Սեւ ծովի վրայով, Ղրիմի մերձակայքում՝ շուրջ 16 կիլոմետր բարձրությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Կանադացի պատգամավորն արտգործնախարարին կոչ է արել աջակցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին

 Կանադայի Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Էլիզաբեթ Մեյը Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ, կոչ արել, որպեսզի Կանադան պաշտպանի «Human Rights Watch»-ի առաջարկությունները և աջակցի հայ ռազմագերիներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նամակը հրապարակել է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Ես գրում եմ, որպեսզի իմ մտահոգությունն արտահայտեմ 2020թ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ «Human rights watch»-ի վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, ադրբեջանական զինված ուժերը հայ ռազմագերիներին «դաժան ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու կտտանքների են ենթարկել, լինի դա գերի վերցնելիս, նրանց փոխանցման ժամանակ, թե քննչական մեկուսարաններում կալանքի տակ պահելու ժամանակ»,- գրել է Մեյը, նշելով, որ նման վերաբերմունքը ռազմական հանցագործություն է:

Պատգամավորը Կանադայի իշխանություններին կոչ է արել աջակցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:

 

panarmenian.net

ՊԲ․ Հաճախակի են դարձել դիրքերի և սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

«Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին»,-ասվում է ԱՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հակառակորդը կրակել է Ստեփանակերտի բնակելի տան վրա, որի հետևանքով տան տանիքը ծակվել է։

 

panarmenian.net

ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ-ին․ Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել

Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել է՝ ազդարարելու ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) Հայաստանի նախագահության մեկնարկը:

Նշելով, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության գաղափարը եղել է և շարունակում է մնալ պատերազմի և ուժի կիրառման անընդունելիությունը և անդրադառնալով Արցախի դեմ 44-օրյա պատերազմին՝ նախարարն ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ:

«Միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները:

Այսպիսով, կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես ՄԱԿ կանոնադրության VIII գլխով սահմանված տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը»,-ասել է նա:

Նա նշել է, որ ԵԱՀԿ պարտավորությունների կատարման շուրջ մասնակից պետությունների միջև արժանահավատ երկխոսությունը պետք է լինի առաջին գերակայությունը: «Հայաստանի նախագահության ծրագիրը բխում է ԵԱՀԿ սկզբունքները և հանձնառությունները պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունից՝ ԵԱՀԿ անվտանգության միջավայրի հետագա քայքայումը կանխարգելելու նպատակով:

Հայաստանը հանձնառու է առաջնորդել այդ ջանքերը ֆորումի Նախագահության երկրորդ եռամսյակում՝ «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո»,-ասել է նա։

Այվազյանը հավելել է, որ Հայաստանի նախագահությունը կմեկնարկի միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխանության վերաբերյալ Անվտանգության երկխոսությամբ, որը հնարավորություն կտա մասնակից պետություններին վերահաստատել իրենց հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին՝ ամրագրված ԵԱՀԿ անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ վարքագծի կանոներում:

«Այսպիսով, մենք պետք է կանգ առնենք և վերագնահատենք համապարփակ և համագործակցային անվտանգության հիմքը, որի վրա կառուցված են սպառազինությունների վերահսկման բոլոր ռեժիմները: Առանց բոլոր մասնակից պետությունների` ուժի չկիրառմանն ունեցած հստակ հանձնառությունների և ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը կանխելու հավաքական ջանքերի՝ իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող մեխանիզմների արդյունավետությունը կայուն չի լինի: Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՀՖ հայաստանյան նախագահությունը նախաձեռնելու է մի շարք Անվտանգության երկխոսություններ։

Անվտանգության նորահայտ սպառնալիքները պահանջում են ջանքերի համակարգում և համագործակցություն համապատասխան կազմակերպությունների միջև: ԵԱՀԿ և ՀԱՊԿ գործունեության համանման ոլորտներն ամուր հիմք են ստեղծում երկու կազմակերպությունների միջև փոխգործակցության համար»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

17 տարի անց Հայաստանը երկրորդ անգամ ստանձնել է Ֆորումի նախագահությունը: