Մամուլի տեսություն 24.04.2021
Այսօրվա իրանական օրաթերթերն անդրադարձել են հինգշաբթի գիշեր Իսրայելի Դիմոնա ատոմակայանի դեմ հարձակմանը և չորեքշաբթի գիշեր Պարսից ծոցում ամերիկյան մի ռազմանավի վրայով ԻՀՊԿ-ի ԱԹՍ-ների թռիչքին:
Խորասան օրաթերթ
Դիմոնան դղրդաց
Հինգշաբթի առավոտյան Դիմոնա ատոմակայանի վրա իրականացված հարձակումը վկայում է Սիոնիստական ռեժիմի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի ծայրաստիճան թուլության մասին: Հարձակումը վկայում է, որ ներքին անհանդարտ իրավիճակից բացի, Սիոնիստական ռեժիմը պետք է առավել դժվար ու ծանր օրերի ակնկալիք ունենա: Սիոնիստները դեռևս «Արո» ՀՕՊ համակարգի հրթիռների գործարանում տեղի ունեցած պայթյունի շոկից դուրս չեն եկել: Այդ համակարգը երկաթե գմբեթ ՀՕՊ-ի հիմնասյունն է համարվում: Նրանք դեռ շոկի մեկ էին, սակայն նոր շոկը սկսվեց ապրիլի 22-ի առաջին իսկ ժամերից, որ ԶԼՄ-ները հայտնեցին 200 սիրիական հրթիռներով օկուպացված տարածքների թիրախավորման մասին: Անցնելով Սիոնիստական ռեժիմի ՀՕՊ համակարգերից այս հրթիռները հասել են Դիմոնա ատոմակայանի մոտակայքում:
Քեյհան օրաթերթ
Իրանական ԱԹՍ-ները Պարսից ծոցում հետախուզական թռիչք են իրականացրել ԱՄՆ-ի ավիակիր նավի վրայով
Այն դեպքում, երբ չորեքշաբթի երեկոյան որոշ լրատվական աղբյուրներ հայտնում էին, որ իրանական ԱԹՍ-ները Պարսից ծոցում թռիչք են իրականացրել ամերիկյան ավիակրի վրայով, Press tv լրատվական ցանցը նաև հաղորդում է, որ այդ ԱԹՍ-ները ճշգրիտ պատկերներ են նկարել Պարսից ծոցի ջրերում գտնվող ամերիկյան ավիակրից:
Press tv գործակալության հաղորդմամբ չորեքշաբթի օրը ԻՀՊԿ-ն տարածել է մի տեսագրություն ԱԹՍ-ների արտադրության ոլորոտում իր առաջադիմությունների մասին: Այս տեսագրությունը նկարահանվել է ԱՄՆ-ի ավիակրի վրայով թռիչք իրականացնող չորս ԱԹՍ-ների միջոցով և ճշգրիտ մանրամասներ է պատկերում նավի տախտակամածի ռազմական տեխնիկաներից: Այս ֆիլմում նաև երկևում է ամերիկյան մի ուրիշ նավ:
Ջավան օրաթերթ
ԱՄՆ. Չենք երաշխավորում, որ կրկին դուրս չենք գա ՀԳՀԾ-ից
ԱՄՆ-ի պետքարտուղարության ինտերնետային կայքի հաղորդմամբ, ամերիկացի մի ավագ պաշտոնյա, հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսում պատասխանել է Իրանի հետ միջուկային համաձայնությանը հավատարիմ մնալու հարցում Վաշինգտոնի կողմից հավանական երաշխիքներ տրվելու մասին հարցին: Նա ասել է.«Պարզ է, որ ոչ մի երաշխիք գոյություն չունի: Կողմերի իրավունքն է շարունակել ՀԳՀԾ-ին անդամակցությունը, թե՝ ոչ»:
Էթեմադ օարթերթ
Մահ ու արյուն Չալդորանի սահմանների հետևում
Արդեն 10 օր է անցնում այն դեպքից, որ Թուրքիայի սահամանային ոստիկանության վայրենաբարո խոշտանգումների հետևանքով սահմանային զրոյական գոտում վիրավորվել ու սպանվել են երկու իրանցիներ: Ու չնայած իրավապահները դեմ բողոքել են Էրդողանի կառավարության կողմից արտասահմանցիների նկատմամբ բռնությունների կիրառման կապակցությամբ սահմանային ոստիկանությանը տրված լիազորությունների դեմ, սակայն պաշտոնատարները թաքնվել են լռության, հերքման ու մեղադրանքի պատի հետևում: Էթեմադ օրաթերթի տվյալներով, մինչ օրս , երկու երկրների պաշտոնատարները պաշտոնապես չեն արձագանքել ու չեն անդրադարձել այս խնդրին և դրա փոխարեն անցած օրերի ընթացքում այս դառը իրողության մի մասի բացահայտումից հետո Թուրքիայի կառավարության պատասխանատուները ջանքեր են գործադրել «Իրանի երկու քաղաքացիների դեմ մաքսանենգության մեղադրանք ներկայացնելով» ճնշում բանեցնել Իրանի կառավարության վրա և վերջինիս ստիպել որդեգրել պահպանողական դիրքորոշում:
armenpress.am
Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն առանցքային է. Փաշինյանը՝ Լարշեին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել փաստը, որ այսօր Ֆրանսիայից նման ներկայացուցչական պատվիրակություն է գտնվում մեր երկրում: «Նման պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, թե Ֆրանսիայի պետությունը ինչպիսի կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին: Բարձր ենք գնահատում մեզ զորակցություն հայտնելու ֆրանսիացի ժողովրդի անկեղծ ձգտումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը ոչ միայն վկայությունն է երկկողմ պատմական, մշակութային կապերի, այլև այն արժեքների, որոնք Հայաստանն ու Ֆրանսիան կիսում են: Վարչապետն ընդգծել է, որ խոսքն առաջին հերթին ժողովրդավարության մասին է:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ֆրանսիայի կարևոր դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և հիշեցրել, որ այս տարվա հունվարին լրացել է այդ երկրի կողմից Մեծ Եղեռնի ճանաչման 20-րդ տարին: Այս առումով վարչապետը կարևորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը, որով պաշտոնապես ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ժերար Լարշեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Սենատի խոշոր պատվիրակության Երևան ժամանելը վկայում է Հայաստանի նկատմամբ համերաշխության ու բարեկամության մասին: «Այստեղ ենք՝ մեր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: 20 տարի առաջ նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը, ինչը վկայում է, որ մենք լիարժեք կիսում ենք հայ ժողովրդի ցավը»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը և Ժերար Լարշեն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:
Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այս համատեքստում, կառավարության ղեկավարն առանցքային է համարել Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սենատի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել բանաձևի ընդունմանը: «Երախտապարտ ենք 44-օրյա պատերազմի օրերին խաղաղության ձգտելու Ֆրանսիայի բոլոր քայլերի համար: «Անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառումը տեսնում ենք որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ լուծում»,- շեշտել է վարչապետը:
Սենատի նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ի ճանաչման բանաձևն իրենց համար ավելին է, քան փաստաթուղթը: Պարոն Լարշեի խոսքով՝ բանաձևում նշվածը միայն խոսքեր չեն. այնտեղ կան պահանջներ, ակնկալիքներ: «Փաստաթուղթը հանդիսանում է այն լծակը, որի միջոցով բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության հաստատման»,- ասել է Ժերար Լարշեն: Վերջինս կարևորել է պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև իրենց բնակավայրերից տեղահանվածներին մարդասիրական օգնության տրամադրումը և հավելել, որ այդ ուղղությամբ քայլերը լինելու են շարունակական: Սենատի նախագահն առանցքային է համարել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ապահովումը: Պարոն Լարշեն նշել է, որ տպավորված է Երևանի քաղաքապետարանում բացված «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի ցուցանմուշներով, որոնք, նրա խոսքով, հանդիսանում են հայկական ինքնության հիմքը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության ակտիվացմանը վերաբերող հարցերի:
armenpress.am
Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է անում չընդունել Էրդողանի ժխտողական ամբիցիաները
Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ռոզաննա Կոնտեն Եվրոպական Միությանը կոչ է անում չընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական և գերիշխող ամբիցիաները: Այս մասին Կոնտեն նշել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում:
«Հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի ամենաողբերգական էջերից մեկն է, էջ, որը դժբախտաբար դեռ փակված չէ։ Մենք վերջերս դրա ականատեսը եղանք Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։ Ատելության քաղաքականությունը շարունակվում է, որին նպաստում է Էրդողանի Թուրքիան իր ժխտողական և գերիշխող ամբիցիաներով։ Եվրոպական Միությունը չի կարող և չպետք է ընդունի այն։ Որպես իտալացի՝ ես հպարտ եմ, որ մեր վարչապետը խիստ դիրքորոշում է ներկայացրել Էրդողանի նկատմամբ, սակայն խոսքին պիտի հաջորդեն փաստերը՝ սկսած Իտալիայի և Եվրոպական Միության՝ ընդդեմ Թուրքիայի ժխտողականության խիստ դիրքորոշումից»,- նշել է պատգամավորը:
Կոնտեն ընդգծել է, որ ապրիլի 24-ը հիշատակի օր է և իր աջակցությունը հայտնել հայ ժողովրդին:
«Ես միանում եմ ձեզ, հայե՛ր, նաև բազմաթիվ այն հայերին, որոնք ապրում են Իտալիայում, ինչպես հայկական համայնքը, որն ապրում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, և հիշատակում եմ սարսափելի ցեղասպանության զոհերին, ցեղասպանություն, որը պիտի ճանաչվի բոլորի կողմից»,- եզրափակել է Ռոզաննա Կոնտեն:
lragir.am
Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին․ Սենատի նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն այսօր անդրադարձավ Ադրբեջանի և Թուրքիայի այն հայտարարություններին, որ «հակամարտությունը կարգավորված է»։
«Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդելու Մինսկի խմբի համանախագահությանը՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի Դաշնություն։ Նաև Արտաքին հարցերի և զինված ուժերի հանձնաժողովի պարտականությունն է այս հարցով զբաղվել։ Այստեղ նաև օրենսդիրն իր խոսքն ունի ասելու, ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ԵՄ անդամ մյուս երկրների։ 2022-ի առաջին կիսամյակում Եվրամիության նախագահությունն ստանձնում է Ֆրանսիան։ Հարկ է նշել, որ մենք նախատեսում ենք այդ ժամանակ Սենատում կազմակերպել համաժողով՝ անվտանգությանն ուղղված։ Այսինքն՝ հստակ է ամեն ինչ»,- ասաց նա։
Ֆրանսիայի Սենատի նախագահը հավելեց, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին՝ համաձայն ստորագրած փաստաթղթի և բոլոր միջազգային պայմանագրերի։
«Այս շաբաթ ԵԽԽՎ նիստում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը, և Սենատի անունից այդ պահանջը եղավ»,- ասաց նա։
Ըստ Ժերար Լարշենի՝ սահմռկեցուցիչ է տեսնել, որ պատերազմից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում հայերի հետքերը վերացնելու համար։
«Այդ իսկ ապատճառով մեզ համար շատ հասկանալի է ձեր ցանկությունը՝ ամրապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը։ Սա մեր պատասխանատվության հարցն է նաև, որպեսզի մենք այս բոլոր ուղերձները հասանելի դարձնենք Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների մեր գործընկերներին»,- ասաց նա։
1in.am
Փաշինյանը և Պուտինը կարևորել են գերիների վերաբերյալ կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը վերաբերվող կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ
«Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
armenpress.am
Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ. իտալացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը
Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Սյուզանա Չեկարդին Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է համարում դեպի արդարություն: «Արմենպրես»-ին փոխանցած տեսաուղերձում պատգամավորը նշել է, որ Եվրոպան ճանաչել է Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունը, սակայն այդ փաստը ժխտող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ:
«Հայոց ցեղասպանության հիշողությունը քայլ է դեպի արդարություն, անգամ եթե այս ողբերգության հիշատակումը չի կարող հետ բերել 1915-1922 թթ․ բնաջնջված ժողովրդին, այս ողբերգական փաստերի ճանաչումը միակ նշանակալից քայլն է, որ քաղաքականությունը կարող է անել պատմության երես հանելու այն ողբերգությունը, որը հասցվել է նվազագույնի և ժխտվել տարիներ շարունակ։ Եվրոպան, ինչպես Իտալիան, ճանաչել են թուրքերի կողմից իրագործված 1,5 միլիոն քրիստոնյաների ցեղասպանությունը, սակայն Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ՝ ժխտելով այն, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ, փոխարենը իրագործում է իր զավթողական ծրագրերը։ Էրդողանը առանց վախի միջազգային հանրության աչքի առաջ որպես մարտահրավեր է նետում նոր Օսմանյան Կայսրության տեսլականը, որը ձգվում է արևելքից դեպի Հյուսիսային Աֆրիկա։ Մենք ամեն օր զբաղված ենք այնքան ապաշնորհ ռեժիմների դատապարտմամբ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները, և Էրդողանի Թուրքիան դրանցից մեկն է»,- նշել է պատգամավորը:
Չեկարդին հավելել է, որ ընդդիմախոսների շարունակական ձերբակալությունները, բռնության կիրառումը որպես ճնշելու միջոց հեռացնում են Թուրքիան Եվրոպայից և իր արժեքներից։
«Հայերի հանդեպ թշնամանքը և ցեղասպանության ժխտումը նույնպես այս չարաշահումների մաս են կազմում։ Մենք այս ամենի ականատեսը եղանք վերջին իրադարձությունների ժամանակ, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի պատերազմին։ Թուրքական կառավարությունը շարունակում է դեմ լինել այլ երկրների կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հարցականի տակ է դնում ցեղասպանության եղելությունը։ Եվ սա դեռ ամենը չէ, Թուրքիայում ցեղասպանության մասին խոսելը արարք է, որը պատժվում է 6 ամսից 2 տարի ժամկետով ազատազրկմամբ `Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն որպես «ազգային ինքնության արհամարհանք»։ Պատմաբաններ, լրագրողներ, արվեստագետներ դատապարտվել են Էրդողանի ռեժիմի կողմից պարզապես ցեղասպանության մասին խոսելու պատճառով»,- իր ուղերձում ասել է Չեկարդին:
Իտալացի պատգամավորն իր խոսքը եզրափակել է 1915 թ. Տրապիզոնում իտալացի հյուպատոս Ջակոմո Գորինիի խոսքերով, որը եղել է ցեղասպանության ականատես:
«Ցեղասպանությունը նա նկարագրել է հետևյալ կերպ․ «Դա անմեղների սպանդ ու կոտորած էր, չլսված մի բան, մի սև էջ, մարդկության, քրիստոնեության և ազգության ամենասուրբ արժեքների բացահայտ ոտնահարում»։ Հետագայում Գորինին մեծ ջանքեր գործադրեց հայկական պետականության ճանաչման համար՝ մնալով մինչև իր կյանքի վերջը՝ 1950թ․այս սարսափելի իրադարձությունների հիշողության կրողը։ Այժմ պատմության այս էջի համընդհանուր ճանաչումը համայն աշխարհի կողմից կախված է մեզնից»,- եզրափակել է Սուզաննա Չեկարդին: