Մամուլի տեսություն 21.05.2021
Օկուպացված տարածքներում զինադադարի մասին հայտարարելուց հետո, Բայդենը կրկնել է, որ պաղեստինցիների հետ հակամարտությունում Վաշինգտոնն աջակցում է Թել Ավիվին:
Իրան օրաթերթ
Ուլյանով
Վիեննայի բանակցությունները կշարունակվեն մինչև դրական արդյունքի հասնելը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Հիմա պարզ է, որ ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունները չեն ավարտվի մինչև մայիսի 21-ը, ինչպես հույս ունեին մասնակիցները»:
«Դա ցավալի է, բայց ոչ ողբերգություն: Մայիսի 21-ը ոչ թե վերջնաժամկետ է, այլ նպատակակետ»,- գրել է նա:
«Դա մեզ օգնեց չմոռանալ ժամանակի ճնշումը: Բանակցությունները կշարունակվեն մինչ հաջող արդյունքի հասնելը»,- հավելել է Ուլյանովը:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ նախագահի արձագանքը Գազայում հրադադարի ռեժիմի հաստատմանը
ԱՄՆ նախագահը կրկնել է Վաշինգտոնի լիակատար աջակցությունը Սիոնիստական ռեժիմի ինքնապաշտպանության իրավունքի նկատմամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Սպիտակ տնից հեռարձակված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն իրեն տեղյակ է պահել, որ Իսայելը համաձայն է անվերապահ հրադադար հաստատել ՀԱՄԱՍ-ի հետ: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը՝ հրթիռային հարվածներից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի նկատմամբ:
Էթեմադ օրաթերթ
Տեխնոլոգիական ընկերություններ փնտրում են արբանյակային ինտերնետին հասնաելիության հնարավորություններ
Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները մրցակցում են գլոբալ ինտերնետ ապահովելու համար: Նրանք ամեն տարի հարյուրավոր արբանյակներ են արձակում Երկրի ուղեծիր՝ համացանցը բոլորի համար մատչելի դարձնելու համար: Համաշխարհային հեռահաղորդակցական միությունը հայտարարել է, որ մինչև 2019 թվականի վերջ ինտերնետ հասանելիություն է ունեցել աշխարհի բնակչության 51 տոկոսը: Զարգացած երկրներում մարդկանց շուրջ 87 տոկոսն է ունեցել ինտերնետին հասանելիություն, իսկ զարգացող երկրներում `44 տոկոսը: Քաղաքացիների մոտ երեք քառորդն ունի ինտերնետին հասնաելիություն, իսկ գյուղերումա յդ ցուցանիշը կազմում է 37 տոկոս:
Համշահրի օրաթերթ
ԱՀԿ. Օդանավով ճանապարհորդությունը դեռևս անվտանգ չէ
Չնայած աշխարհում սկսվել է կորոնավիրուսի դեմ տարբեր տեսակի պատվաստանյութերի ներարկումը,ս ակայն ԱՀԿ-ն զգուշացնում է, որ արտասահմանյան ճանապարհորդությունները դեռևս անվտանգ չեն, և պետք է խուսափել միջազգային ճանապարհորդություններից:
armenpress.am
ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին վերադարձնելու վերաբերյալ Արմեն Սարգսյանի նամակին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, համաձայն որոնց՝ 2020թ. հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել»,- մասնավորապես նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Նա նաև տեղեկացրել է, որ ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովն այժմ պատրաստում է զեկույց «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով: «Թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ աջակցելու երկու անդամ-երկրներին՝ տարածաշրջանում հասնելու երկարաժամկետ խաղաղության ու բարգավաճման, և օգտագործելու է յուրաքանչյուր հնարավորություն` հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հարցերը բարձրացնելու համար»,- ասված է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի պատասխան նամակում:
armenpress.am
Բլինքենը հայտարարել Է, որ օրերս կուղեւորվի Մերձավոր Արեւելք
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել Է, որ մոտ օրերս մտադիր Է այցելել Մերձավոր Արեւելք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ:
Առաջիկա օրերին ես կուղեւորվեմ տարածաշրջան եւ անհամբերությամբ եմ սպասում Իսրայելի արտաքին գործերի նախարարի եւ Պաղեստինի ու տարածաշրջանային մյուս ղեկավարների հետ հանդիպմանը»,-Բլինքենը գրել Է իր Twitter-ում: Հրադադարի շուրջ համաձայնագիրը Իսրայելի եւ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների միջեւ ուժի մեջ Է մտել Երեւանի ժամանակով 03:00-ից: Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հրադադարի սկսվելուց առաջ վերջին ժամերին Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ:
Պաղեստինցիները նույնպես հրթիռներ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Դիտորդները նշում են, որ այժմ հարկավոր կլինի համոզվել, որ երկու կողմերը իսկապես պատրաստ են տեւական ժամանակ պահպանել հրադադարի ռեժիմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Կանադայի ԱԳ նախարարը կարևորել է ԼՂ պատերազմի հետևանքով ձերբակալվածների ազատ արձակումը
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրենց հանդիպմանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում զարգացումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կանադայի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը Մարկ Գարնոն վերահաստատել է, որ Կանադան շարունակում է կոչ անել Հայաստանին ու Ադրբեջանին՝ թուլացնելու լարվածությունը: «Կանադան հույս է հայտնում, որ կողմերը կդիմեն արդյունավետ քայլերի, այդ թվում՝ կարագացնեն ձերբակալված անձանց ազատ արձակումն ու մահացածների աճյունների վերադարձը, հետաքննություն կիրականացնեն ու կդատապարտեն բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները, կհամագործակցեն ականազերծման հարցում»,- ասվում է Կանադայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Կանադան վերահաստատել է, որ շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ին հակամարտության վերջնական կարգավորման հարցում:
panarmenian.net
Ալիև․ ՀՀ-ն պետք է Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայդ դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։
«Մենք պատրաստ ենք ազատ առևտրի Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Բայց դրա համար հարկավոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար ճանաչեն միմյանց սահմանները։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել ՀՀ սահմանները։ Բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի Ադրբեջանի սահմաններն ու այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։ Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az—ը։
Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։
Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։
panarmenian.net
Փաշինյան․ Մեր գործը խաղաղ դարաշրջան բացելու հնարավորության մեջ է
20 մայիսի 2021 - 21:38 AMT
PanARMENIAN.Net - 1991 թ դեկտեմբերին, երբ Ալմաթայում ԱՊՀ ստեղծման հռչակագիրն ընդունվեց, բոլոր պետությունները ստորագրեցին այն` ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Ադրբեջանի հետ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը քննարկելու ժամանակ՝ արձագանքելով հարցադրմանը` այդյոք դա կնշանակի, որ ԼՂ հարցը փակվում է։
«Եթե էս առումով խնդիր կա, էդ խնդիրը ստեղծվել է 1991 թ դեկտեմբերին՝ եթե կա խնդիր։ Եթե խնդիր կա՝ այդ խնդիրը ստեղծվել է 2010 թ-ին այս դահլիճում, երբ ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ արձանագրվել է, որ Շուռնուխից, Սև լճից այն կողմ Ադրբեջանի հանրապետությունն է։ Հիմա այս աղմուկն ինչի՞ մասին է, ո՞վ կարող է բացատրի»,- ասել է նա։
Փաշինյանն ասել է, որ իր իշխանության գործը տեսնում է Հայաստանի համար խաղաղ դարաշրջան բացելու հնարավորության մեջ։
«Այսօր ես տեսնում եմ, որ դրա հնարավորությունը կա։ Պարզապես պետք է քաղաքական կամք ցուցաբերել, և կենացների տրամաբանությունից անցնել կիսատ հարցեր լուծելու տրամաբանության։ Այո, պետք է գնանք ԼՂ հարցի կարգավորման», - նշել է նա։
Այդ կոնտեքստում նա հիշեցրել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի առաջին կետը վերաբերում էր ՄԽ շրջանակում ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսին կամ հարցի լուծմանը. «Այսօր տեսնում ենք, որ համանախագահներն արձանագրում են, որ հարցը լուծված չէ ու պտի լուծվի»։
«Մեր խնդիրը, որպես քաղաքական առաջնորդություն, պիտի լինի՝ գնալ հարցերի կարգավորման, պարտասխանատվություն վերցնել։ Մեծագույն խնդիրը խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, բայց իլյուզիաներ չունենաք՝ որովհետև, ցավոք մենակ մեզնից չի կախված», - ասել է նա։