Մամուլի տեսություն 10.06.2021
Իրանի նախագահի ընտրություններից ութ օր առաջ թեկնածուների լարված մրցակցությունը շարունակվում է:
Քեյհան թերթ
Արաղչի. Առաջնային, երկրորդական և ՀԳՀԾ-ի շրջանակներում սահմանված 500 պատժամիջոցները ուժի մեջ են
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին, անդրադառնալով Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ իր հանդիպմանը, հայտարարել է. «Հանդիպման ընթացքում Արաղչին հանձնաժողովին ներկայացրեց Վիեննայի բանակցությունների հինգերորդ փուլի մանրամասները: Իրանի և 4 + 1 բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը»:
Նա հավելել է. «Հաշվի առնելով, որ պատժամիջոցների նման ծավալ դեռ պահպանվել է, և նախագահի հայտարարությունը, որ պատժամիջոցները կվերացվեն, պատը դեռևս չի կոտրվել»:
Խորասան օրաթերթ
Անպարտելիները
Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը 2021 թվականի Ազգերի լիգայում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ:
Ազգերի լիգայում իր յոթերորդ խաղն Իրանի հավաքականը խաղաց ԱՄՆ-ի հետ, հաղթելով 3-0 հաշվով: Իրանի հավաքականը հաղթեց, երեք սեթերում գրանցելով 25-19, 25-23 և 25-23 միավոր:
Այս արդյունքով Իրանը յոթ խաղերից հինգում հաղթանակ գրանցելով և 15 միավորով վաստակելով, մրցաշարային աղյուսակում բարձրացավ մմեկ աստիճանով և հայտնվեց հինգերորդ տեղում:
Իրան օրաթերթ
Ի՞նչ են ասում Իրանի նախագահի թեկնածուները
Սաիդ Ջալիլի. Մենք դրական ենք վերաբերվում բանակցություններին և կարծում ենք, որ դրանք օգնում են ժողովրդի իրավունքների վերականգնմանը: Սակայն բանակցությունները միակ ճանապարհը չեն, և տնտեսությունը չպետք է կանգ առնի: Բանակցություններին զուգահեռ ՝ մենք կիրականացնենք պատժամիջոցներին և տնտեսական ցատկերին դիմակայելու մեր ծրագրերը:
Մոհսեն Ռեզայի. Այս տարին աշխատանքների ակտիվության տարի է, և մենք նոր դարաշրջան կսկսենք Իրանի ժողովրդի բարգավաճման համար`տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության, մշակույթի, եղբայրության և բարեկամության ոլորտներում:
Սեյիդ Էբրահիմ Ռեիսի. Եթե կոռումպացված կառույցները չեն բարեփոխվում, անկախ նրանից, թե քանի գործ է հարուցվել, նոր գործ կհարուցվեն: Կառավարումը խնդիրների լուծման բացակայող օղակն է:
Ալիռեզա Զաքանի. Արևելքի զարգացող տերություններին ուշադրություն դարձնելը և Չինաստանի ու Ռուսաստանի հետ երկարաժամկետ դաշինքներ կնքելը համարվելու է հիմնական սկզբունք: Եվրոպայի հետ փոխգործակցությունը կիրականացվի փոխադարձ հարգանքի հիման վրա և հաշվի առնելով Իրանի շահերը:
Մոհսեն Մեհրալիզադե. Իրանի ժողովուրդը ընտրություն կկատարի, որով կարող է ելք գտնել առկա խնդիրներից, հիմնվելով անցյալի փորձի վրա:
Աբդուլնասեր Հեմաթի. Associated Press- ին տված հարցազրույցում, թեկնածուն ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, կցանկանա հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, սակայն «ԱՄՆ-ը պետք է ավելի լավ և ուժեղ ազդակներ ուղարկի Իսլամական Հանրապետությունը»: Նրա կարծիքով, Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների վերադարձը միջուկային գործարքին առանցքային է ցանկացած հնարավոր հարաբերությունների համար:
armenpress.am
Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից:
«Ինձ միշտ մտահոգել է Արցախի հարցը՝ անկախ նրանից Ռոբերտ Քոչարյանի օրոք է, Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից: Առաջարկել եմ ԱԳ նախարարին նամակ գրել, որպեսզի վերջինս ներկայացնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը 2018 թվականի ապրիլի 18-ի դրությամբ: Ասել եմ՝ դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը: Այլ խոսակցություն չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀՀ առաջին նախագահն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե 1990-ականների հաղթանակն ինքը չկարողացավ ամրագրել: Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքն այդ հաղթանակներն ամրագրված փոխանցել է հաջորդ իշխանություններին:
«Ես անդրադարձել եմ այս հարցին, բայց կրկին ասեմ: Այն ժամանակ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել (ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված): Ես չեմ չափազանցնում, եթե ես դա անեի, ապա սկսվելու էր քաղաքացիական պատերազմ: Դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»,-ասաց Լևոն Տեր Պետրոսյանը:
Հարցին, թե այն ժամանակ Ադրբեջանը պատրա՞ստ էր ստորագրել, եթե չլիներ ներքին խնդիրը, Լևոն Տեր Պետրոսյանը նշեց, որ այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան այս ամբողջ 23 տարիների ընթացքում:
armenpress.am
Որոշումները կայացվել են ԱԽ նիստերին՝ ԱԳ նախարարի մասնակցությամբ. Ավինյան
Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ թվում` Արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը տեղեկացված են եղել կառավարության ունեցած բոլոր քննարկումներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական տված Արա Այվազյանի մասին հարցին:
Ինչ վերաբերում է Արա Այվազյանի բարձրաձայնած խնդրին՝ նա ասաց. «Ուզում եմ շատ կարևոր փաստ արձանագրենք. մայիսի 12-ի միջադեպի օրվանից սկսած գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր, ԱԳ նախարարն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում է: Այդ նիստերին քննարկվել են բոլոր հարցերը: Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են հենց այդ նիստերին՝ ԱԳ նախարարի մասնակցությամբ: ԱԽ բոլոր անդամները տեղեկացված են եղել մեր ունեցած բոլոր քննարկումներից»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Այվազյանը վարչապետի՝ զորքերը հայելային տարբերակով հետ քաշելու առաջարկի մասով անհամաձայնություն ունեցե՞լ է՝ Ավինյանը որևէ մեկնաբանություն չարեց՝ շեշտելով, որ այդ մասին Այվազյանը պետք է հայտնի: Նա կրկին վստահեցրեց, որ կայացված բոլոր որոշումների մասով նվազագույնը քննարկում եղել է:
Ավինյանը նաև հայտնեց, թե ինչու չի ստորագրվել Արտաքին գործերի մեկ փոխնախարարի՝ Արմեն Ղևոնդյանի ազատման դիմումը:
«Որովհետև Արտաքին գործերի նախարարությունում չէր կարող նախարարի պարտականություններն առհասարակ կատարող չլինել: Դա է հիմնական պատճառը»,-ասաց նա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: Արա Այվազյանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարականի մասին հայտնի էր դարձել մայիսի 27-ին: Արա Այվազյանը մայիսի 31-ին ԱԳՆ-ում ունեցած հրաժեշտի հանդիպմանը հայտարարել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հունիսի 7-ին տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել էր երեք փոխնախարարներին՝ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին ազատելու որոշումները:
panarmenian.net
Քոչարյան․ Հենց գերիների հարցը բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում, կարծես՝ մենք կապ չունենք
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Թալինում ընտրողների հետ հանդիպմանը խայտառակություն է համարել այն փաստը, որ մինչ օրս հայտնի չէ, թե որքան գերի կա Ադրբեջանում, քանի անհետ կորած կա։
«Հենց գերիների հարցը բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում։ Այդ հարցով գեներալ Մուրադովն է զբաղվում, այնպիսի տպավորություն է, որ մենք կապ չունենք դրա հետ»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ հարկավոր է հետևողականորեն ավելացնել այդ հարցում միջազգային ճնշումն Ադրբեջանի հանդեպ։
Ըստ նրա, գերիների հարցով միայն եվրոպական մեկ կառույց է խիստ քննադատական հայտարարություն արել, իսկ ճնշման հասնելու համար հետևողական աշխատանք է պետք։
«Մեր ԱԳՆ-ն ի՞նչ է անում, մեր պաշտոնյաները, խորհրդարանն ի՞նչ են անում։ Պետք է նպատակ դնել, որ առնվազն 10 երկրի խորհրդարան այդպիսի հայտարարությամբ հանդես գա և սկսես այդ ուղղությամբ աշխատել»,-ասել է նա։
Նա հավելել է, որ արդյունքում Ադրբեջանը պետք է գիտակցի, որ, գերիներին պահելով ոչինչ չի շահում, այլ միջազգային ասպարեզում վարկանիշ է կորցնում։
Քոչարյանը նշել է նաև, որ առավել ծանր է անհետ կորածների ընտանիքների վիճակը, քանի որ նրանք ոչ մի տեղեկություն չունեն իրենց հարազատի մասին, իսկ պետությունը ոչինչ չի անում այդ ընտանիքների վիճակը թեթևացնելու համար։
panarmenian.net
Փաշինյանը և Ռիքերը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դերը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ զրուցակիցները երկուստեք նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Արցախի հարցի համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:
Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա:
Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը: Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում:
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է գտնվել Երևանում, հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ հարաբերությունները: Ֆիլիպ Ռիքերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնները և վերահաստատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:
Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները և օրինակելի համարել 2018 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Նշվել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: