Մամուլի տեսություն 09.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145278-Մամուլի_տեսություն_09.07.2021
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն այդ երկրում ԱՄՆ-ի առաքելության ձախողման խոստովանությունն է:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 09, 2021 02:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.07.2021

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն այդ երկրում ԱՄՆ-ի առաքելության ձախողման խոստովանությունն է:

Ջամե Ջամ օրաթերթ

Պոմպեոն ամերիկացի հարկատուների գումարներով  65 հազար դոլար արժողությամբ բանկետներ է կազմակերպել

ԱՄՆ կառավարության դիտորդական խմբի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն, Մայք Պոմպեոն ԱՄՆ հարկատուների գումարներով Պետդեպարտամենտի շքեղ ու թանկ ընթրիքների վրա ծախսել է շուրջ 65 ահզար ամերիկյան դոլար:

2020թ դեկտեմբերին «Վաշինգտոնի քաղաքացիները՝ հանուն հաշվետվության  և էթիկայի» (CREW) դիտորդական խումբը հաղորդել էր, որ Թրամփի պետքարտուղար Մայք Պոմպեոյի խնջույքիներից մեիկ համար ծախսվել է մոտ 40 հազար դոլար:

Պոմպեոյի և նրա կնոջ կազմակերպած «Մեդիսոնի ընթրիք» երեկույթները  հովանավորվում էին Թրամփի վարչակազմի կողմից: Այդ ընթրիքների ընթացքում,  կառավարության ղեկավարների, ակադեմիկոսների, գործարարների և լրատվամիջոցների հետ քննարկվում էր Պետդեպարտամենտի առաքելությունն ու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը:

 

Իրան օրաթերթ

Լավրով. Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը պարտություն էր

Ռուսաստանի արտգործնախարարը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն այդերկրում ԱՄՆ առաքելության ձախողման խոստովանությունն է:

«ԱՄՆ-ը ոչ միայն իր զորքերը դուրս է բերում Աֆղանստանից, այլև ընդունում է իր առաքելության ձախողումը», - «Սպուտնիկ»- ի հաղորդմամբ ՝ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա հավելել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է հնարավորինս շուտ քննություն անցկացնի  Աֆղանստանի տարածքից Տաջիկստանի դեմ ցանկացած հարձակման կապակցությամբ:

Լավրովն ասել է.«Եթե հարձակում լինի Պակիստանի վրա, ապա ՀԱՊԿ-ը դա անմիջապես կքննի:  Կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահման»:

 

Համշահրի օպրաթերթ

Թալիբները հասնում են Իրանի սահմաններին

Թալիբանի ուժերի ներկայությունը Իսլամ Քալայի սահմանային անցակետում  և աֆղանական ուժերի ապաստանը Իրանում

Թալիբանի ուժերը հարձակվել են Հերաթի երկու քաղաքների վրա և գրավել նահանգի դրանք: Հրապարակվել են Իսլամ Քալայի մաքսային ծառայության անկման տեսանյութերն ու պատկերները, և հաղորդվել է, որ աֆղանական զորքերը ապաստանել են Իրանի սահմանին:

 

Էթեմադ օրաթերթ

Միջազգային հանրությունը պետք է վերջ տա Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ներկայությանը

Սիրիայի կառավարության բանակցային թիմի ղեկավարը հայտարարել է, որ այդ երկրի տարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայությունը սիրիական ճգնաժամի ձգձման հիմնական պատճառն է:

Սիրիայի կառավարության բանակցային թիմի ղեկավար Այման Սուսանը Նորսուլթանում կայացած հանդիպումների կապակցությամբ հայտարարել է, որ գոհ է հանդիպման արդյունքներից:

 

armenpress.am

ՀԱՊԿ-ն Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում

 Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին RT-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:

«Այն բանից, ինչ մենք այստեղ տեսանք և շփվեցինք առաջին դեմքերի, ուժային կառույցների ղեկավարների հետ, եկանք եզրահանգման, որ ներկա դրությամբ ՀԱՊԿ այլ պետություններից ուժերի համալրման անհրաժեշտություն չկա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ կան որոշակի դժվարություններ, և ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ցուցաբերել նյութատեխնիկական աջակցություն:

«Թալիբան» շարժումը Աֆղանստանի և Տաջիկստանի պետական սահմանին տեղակայել է անցակետեր: Սիդորովը տեղեկացրել է, որ Աֆղանստանի հյուսիսային հատվածներից ներկայումս ագրեսիվ գործողություններ ընդհանրապես չեն նկատվում:

Ավելի վաղ Տաջիկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից օգնություն է խնդրել Աֆղանստանից եկող մարտահրավերներին դիմագրավելու հարցում:

 

armenpress.am

Թուրքիայի մեջլիսում հարգել են Ջիվան Գասպարյանի հիշատակը

  Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ոգեկոչել են հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մերալ Դանիշ Բեշթաշը նիստերից մեկի ժամանակ նշել է, որ 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դուդուկահարը:

«Գասպարյանը, ում կյանքը լի էր ցավով և կարոտով, իր վիշտը միացրեց դուդուկի ձայնին և մեզ պատմեց կյանքի մասին: Հիշում ենք նրան հարգանքով և երախտիքով»,- նշել է նա:

Թուրքական մամուլը ևս անդրադարձել էր Ջիվան Գասպարյանի մահվան լուրին: Լրատվամիջոցները նշել էին, որ նա ստեղծագործական երկար տարիների ընթացքում աշխատել է շատ հայտնի երաժիշտների հետ, երաժշտություն է գրել հայտնի ֆիլմերի համար, արժանացել է բազմաթիվ մրցանակների:

 

armenpress.am

Վարանդայի շրջանում երկու ադրբեջանցի են պայթել ականի վրա

  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող  Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երկու ադրբեջանցի պայթել են ականի վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հուլիսի 8-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության մուտք են գործել Վարանդայի շրջան: Տեղաշարժվելիս նրանք պայթել են ականի վրա և ստացել ծանր մարմնական վնասվածքներ:

 

panarmenian.net

Ծառուկյանը՝ Փաշինյանին․ Մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված

 Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավերն ընդունելու համար։

«Մեր գնահատականը ես արդեն հրապարակել եմ. դա այն է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց: Կարծում ենք, որ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ մեր համազգային, հանրային լավագույն ներուժն այդ մարտահրավերների լուծման հարցում համախմբելու և համագործակցության ուժերը մեկտեղելու, ճիշտ ֆորմատներ գտնելու ուղղությամբ:

Իհարկե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար տարիներ շատ շոշափելի դերակատարում ունի Հայաստանի քաղաքական կյանքում: Այս ընտրությունների արդյունքում նա չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհարժեշտ շեմը, սակայն կարծում եմ, որ կուսակցությունը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իհարկե, վերջին ամիսներին դժվար իրադարձությունների միջով ենք անցել, բայց մենք դեռ անցյալ տարի հանդիպելու, իհարկե կարճատև, քննարկելու հնարավորություն ունեցել ենք:

Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները՝ քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունն ընդհանրապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնավորապես, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն միմյանց, որովհետև կարծում եմ, որ առավել ևս այս իրավիճակում պետք է ունենալ այնպիսի հաղորդակցության ֆորմատներ, որ լավ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվելու: Չեմ կարծում, թե լավ գաղափարներ ծնվում են միայն նրանց մոտ, ովքեր ավելի շատ ձայն են հավաքում խորհրդարանական ընտրություններում: Եվ եթե քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների կողմից այդ գաղափարները կիսելու, հաղորդակցվելու ցանկություն լինի՝ մենք պատրաստ ենք հնարավորն անելու, որպեսզի դրանք դրվեն, այսպես ասած, իրագործման հոսքագծի վրա: Այնպես որ, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ»,-ասել է Փաշինյանը:

Ծառուկնյանն իր հերթին ասել է, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված։

«Պարոն վարչապետ, ընտրություններից հետո ես ինչպես շնորհակալություն հայտնեցի ժողովրդին, ընտրությունների մասնակիցներին, մեզ ձայն տվողներին, այնպես էլ ասացի, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված, մանդատը չկա, ուրեմն մենք ժողովրդի հետ չենք, չենք շփվելու: Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք»,-ասել է նա:

Հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ստացել է մոտ 4 տոկոս և չի հաղթահարել անցողիկ շեմը։ ԱԺ-ում 2007-ից ներկայացված կուսակցությունը համալրել է արտախորհրդրանական ուժերի շարքերը։

 

panarmenian.net

Ֆրանսիայի կոչը ԵՄ-ին՝ չճանաչել Covid-19-ի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը

 Ֆրանսիան կոչ է արել Եվրամիության երկրներին չճանաչել Covid-19-ի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը։

Նա նշել է, որ այն պատվաստանյութերի ցանկը, որոնցով պատվաստվելու դեպքում մարդիկ կկարողանան Ֆրանսիա այցելել, պետք է սահմանափակվի նրանցով, որոնց ազդեցության մեջ երկրի իշխանությունները վստահ են, գրում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, Ֆրանսիայում և Եվրոպայում միայն 4 պատվաստանյութ է ճանաչված։

Եվրոպայում կիրառման հավանություն են ստացել կորոնավիրւսի դեմ Pfizer/BioNTech, AstraZeneca, Moderna և Johnson & Johnson պատվաստանյութերը։ Վերջինը հավանություն է ստացել մարտին։ Միևնույն ժամանակ, Հունգարիայում և Սլովակիայում, ռուսական «Սպուտնիկ V»-ին արդեն հավանություն է ստացել և կիրառվում է բնակչության պատվաստման նպատակով։