Մամուլի տեսություն 21.07.2021
Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնից անմիջապես հետո, աշխարհի ամենահարուստ մարդը Ջեֆ Բեզոսը, մասնավոր տիեզերանավով թռել է տիեզերք:
Իրան օրաթերթ
Ինչո՞ւ է Ռուսաստանը նախազգուշացրել Միացյալ Նահանգներին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ եվրոպական երկրներում նոր գերձայնային հրթիռների տեղակայման հետևանքների կապակցությամբ:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան թվիթերյան միկրբլոգում արված գրառման մեջ ասված է. «Մենք Պենտագոնի խոսնակին զգուշացնում ենք, որ Եվրոպայում ամերիկյան գերձայնային հրթիռների տեղակայումը շատ ապակայունացնող գործոն կլինի»:
Ռուսաստանի դեսպանատունը հավելել է, որ այդ հրթիռների կարճ թռիչքի ժամանակը Ռուսաստանին որոշում կայացնելու հնարավորություն չի թողնում և մեծացնում է ոչ միտումնավոր բախման հավանականությունը:
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ն խափանել է Վիեննայի բանակցությունները
Իրանի արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակն Ալ-Մայադինին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը խափանել է Վիեննայի բանակցությունները ՝ չորրորդ փուլում բարձրացնելով բալիստիկ հրթիռների հարցը:
Համշահրի օրաթերթ
Հյուսիսային Կորեայի առաջնորդը զվարճանում է շքեղ նավի վրա
Համացանցում հրապարակվել են Կիմ Չեն Ընի 260 ֆուտ երկարությամբ շքեղ զբոսանավի արբանյակային նկարները, որն ուղևորվում է դեպի նրա անձնական նստավայր: Պատկերները վկայում են, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային ու սովին, առաջնորդն ու իր գործընկերները շքեղ երեկույթներ են անցկացնում:
Չնայած Հյուսիսային Կորեայում իրավիճակն անհասկանալի է, և երկիրը հրաժարվում է ճշգրիտ վիճակագրություն տալ կորոնավիրուսի և վարակվածների մասին, նշելով, որ որևէ մեկը վիրուսով չի վարակվել, սակայն կորոնավիրուսային խիստ սահմանափակումները երկրում սննդի խիստ պակաս են առաջացրել:
Ջամե Ջամ օրաթերթ
Ռուսաստանում գաղտնի բանտ է բացահայտվել
Ռուսաստանի տեղական ոստիկանությունը Սանկտ Պետերբուրգի մատույցներում սարսափելի բանտ է հայտնաբերել:
Նախաքննության տվյալներով, գաղտնի բանտը եղակայված է եղել մի առանձնատան նկուղում ՝ Սանկտ Պետերբուրգի ծայրամասից քառասունչորս կիլոմետր հեռավորության վրա, և, ըստ ամենայնի, պատկանել է մաֆիոզ խմբավորման:
Խմբավորման անդամները երկու տասնամյակ շարունակ գումար են վաստակել ՝ առեւանգելով հարուստ մարդկանց և իրականացնելով պանություններ: Ոստիկանությունը հայտարարել է, որ բանտն ունի բազմաթիվ խցեր, դիակիզարան և հսկվել է տեսախցիկներով: Բանտի տանիքը և պատերը երկաթից ու բետոնից են, և այնտեղից փախչելը գործնականում անհնար է եղել:
Էթեմադ օրաթերթ
Հնդկաստանում «վաճառքի են հանվել» հարյուրավոր մուսուլման կանայք
Հնդկաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել համացանցում մի խումբ մուսուլման կանանց «վաճառքի հանվելու» գործով:
Կանայք, որոնց մի մասը հայտնի դեմքեր են, համացանցում վաճառվել են որպես ստրուկներ:
armenpress.am
Մենենդեսը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածուի մոտ բարձրացրել է 907-րդ ուղղումը վերականգնելու հարցը
: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը:
Ի պատասխան այս նկատառման՝ Դոնֆրայդը հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի [խնդրի] կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը:
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը սահմանափակում է ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
armenpress.am
Մենք պետք է գնանք փոխզիջումներ գտնելու ճանապարհով. Պուտինը՝ Ալիևին
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին տարածաշրջանային կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ շեշտելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով»:
«Անշուշտ, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը: Գիտեմ, որ դուք, բնականաբար, շատ մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս այդ հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք ուզում ենք կարգավորում, - իսկ մենք բոլորս էլ ուզում ենք դա, - ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ», - ասել է Ռուսաստանի նախագահը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախապես հայտնել էր, որ Ալիևի «այցը աշխատանքային է՝ դիրքորոշումները հստակեցնելու համար, փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ»:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ շեշտը դնելով առևտրա-ներդրումային և հումանիտար համագործակցության վրա: Նախատեսված է նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանի արդիական խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:
«Հիմնական ուշադրությունը կհատկացվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում ՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
armenpress.am
ԱՄԷ-ն Իսրայելում դեսպանատուն է բացել
Միացյալ Արաբական Էմիրությունները դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը հուլիսի 14-ին պաշտոնապես դեսպանություն է բացել Իսրայելում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է եղել նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը:
ԱՄԷ դեսպանատան բացումը տեղի է ունեցել Թել Ավիվում: Դեսպան Մոհամեդ Ալ Խաջան նշել է, որ հարաբերությունների կարգավորումից հետո առաջին անգամ քննարկումներ են սկսվել առևտրային ու ներդրումային հնարավորությունների շուրջ: «Մենք համաձայնագրեր ենք կնքել տարբեր ոլորտների վերաբերյալ, այդ թվում և տնտեսական, օդային հաղորդակցության, տեխնոլոգիաների ու մշակույթի»,- նշել է նա:
Իսրայելի նախագահ Հերցոգը դեսպանատան բացումն անվանել է կարևոր քայլ՝ ուղղված Մերձավոր Արևելքում խաղաղության, բարգավաճման ու անվտանգության հաստատմանը:
Նախորդ ամիս Աբու Դաբիում բացվել էր Իսրայելի դեսպանատուն, իսկ Դուբայում՝ հյուպատոսարան:
panarmenian.net
Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ», - ասված է որոշման մեջ։
Ավելի վաղ ՀՀ նախագահը ստորագրել էր Փաշինյանի առաջարկությունը՝ ազատելու Կարապետյանին ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Մինչև այդ, ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից, որը ևս ստորագրվել էր։
panarmenian.net
Մանուկյան․ Բաքվի ցանկացած գործողություն կարող է անկապ թվալ, բայց վերջնանպատակը Սյունիքը վերցնելն է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, մեկնաբանելով Երասխում ու Գեղարքունիքում սահմանային լարված իրավիճակը, նշել է, որ Ադրբեջանի ցանկացած գործողություն առաջին հայացքից կարող է «անկապ թվալ», բայց դրա վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է։
Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը կրակելու է ոչ միայն այդ, այլև ուրիշ տեղերում, գրում է Sputnik Արմենիան։
«Կրակելու են շատ տարբեր տեղերից։ Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ։ Չմտնեմ այդ զինվորական ենթադրությւնների մեջ։ Բայց մի բան շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական հարց չէր, այլ «պրեստիժի»` պատվո հարց էր։ Իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա»,– ասել է նա։
Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:
Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել: