Մամուլի տեսություն 09.09.2021
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնումը՝ փոխադարձ հարգանքի և պարտավորությունների կատարման պայմանով:
Քեյհան օրաթերթ
Արամքո ընկերության նավթային օբյեկտների դեմ «Անսարալլահի» հրթիռային հարձակման հետցնցումները դադարել են
Ըստ որոշ լրատվական աղբյուրների, Արամքո ընկերության նավթային օբյեկտների դեմ «Անսարալլահի» հրթիռային հարձակման հետևանքով, ընկերության աշխատանքը դադարեցվել է:
Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի զինված ուժերն իրականացրել են յոթերորդ կանխարգելիչ գործողությունը ՝ ագրեսորների հանցագործություններին Եմենի ուժերի դիմադրության շրջանակներում: Եմենի ուժերը, յոթերորդ կանխարգելիչ գործողության ընթացքում, Ջիդդայում, Ջիզանում և Նաջրանում գտնվող Արամքո ընկերության նավթային օբյեկտները թիրախավորել են հինգ «Բադր» բալիստիկ հրթիռներով և երկու «Սամադ 3» անօդաչու թռչող սարքերով:
Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե խոցել է Եմենի հրթիռները: Սակայն տեղեկություններ են հայտնվել, որ հարձակման հետևանքով, նավթային օբյեկտները լուրջ վնասներ են կրել և Արամքո ընկերության աշխառտանքը դադարեցվել է:
Կյանքի սպառնալի՞ք, թե՝ հոգեբանական ռիսկեր
Կորոնավիրուսից մահվան դեպքերն անտեսել հնարավոր չէ: Սակայն վախի հետևանքով առաջացող հոգեբանական խնդիրները կարող են ավելի վտանգավոր լինել:
Իրականում այն հսկայական և երբեմն աղետալի փոփոխությունները, որոնք մեր կյանքում տեղի են ունենում այս օրերին, հասարակության մեջ բազմաթիվ հոգեկան խանգարումների առիթ են դարձել: Այս փոփոխությունների չափերը շատ են և առաջացնում են լուրջ հոգեկան խանգարումներ:
Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը օրական կազմում է մոտ 500 մարդ, և դա անտեսել հնարավոր չէ: Իրականում մահվան վախը հոգեբանական լուրջ խնդիրներ է առաջացրել շատերի մոտ: Հարկ է նշել, որ վախը կարող է թուլացնել իմունային համակարգը և դա է վիրուսի ուժի կենտրոնը:
Իրան օրաթերթ
Իրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Եվրոպայի հետ
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ կեսօրին հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Նախագահի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, Այաթոլլահ Ռայիսին հեռախոսազրույցում ասել է. «Եվրոպական միության և անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շարունակումը կախված է փոխադարձ հարգանքի սկզբունքի պահպանումից, ընդհանուր հարցերի վրա կենտրոնանալուց և այդ հարաբերությունների վրա արտաքին գործոնների ազդեցությունը կանխելուց»:
Արման Մելլի օրաթերթ
Աֆղանստանի նոր կառավարությունում բացի փուշթուններից, այլ էթնիկ խումբ ներկայացված չէ
Չնայած «Թալիբանը» ներկայացրել է իր ժամանակավոր կառավարությունը և տարբեր երկրների առաջնորդներին հրավիրել՝ մասնակցելու կառավարության երդմնակալության արարողությանը, սակայն Աֆղանստանը դեռ չի կայունացել, և Քաբուլում ու տարբեր նահանգներում մարդիկ բողոքի ցույցեր են կազմակերպում և չեն ճանաչում Թալիբանի կառավարությունը:
Չնայած խմբավորումը հայտարարել էր, որ կառավարությունը համապարփակ է լինելու, ավելի ուշ հայտարարվեց, որ նոր կառավարությունում փուշթուններից, այլ էթնիկ խումբ չի լինի:
Թալիբները նաև սահմանել են Ճանապարհային երթևեկության նոր կանոնները և սահմանել ճանապարհորդության արգելքներ:
armenpress.am
Բայդենը պլանավորել է գլոբալ գագաթնաժողովի անցկացնել COVID-19-ի դեմ պայքարի շուրջ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում Է միջազգային գագաթնաժողով անցկացնել, որը նվիրված կլինի COVID-19-ի համավարակի հակազդմանն ու պատվաստմանն ուղղված գլոբալ ջանքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Politico-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:
Նրանց տվյալներով, ԱՄՆ-ն արդեն առանձին երկրների ծանուցել Է իր պլանների մասին, բայց պաշտոնական հրավերներ դեռ չեն ուղարկվել:
Նշվում Է, որ գագաթնաժողովը հարմարեցվելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նիստին, որը նշանակված Է սեպտեմբերի նախավերջին շաբաթվա ընթացքում:
Ինչպես զրուցակիցները հաղորդել են հրատարակությանը, միջոցառումը կընդգրկի քննարկումներ՝ ուղղված աշխարհում մի շարք բնագավառներում կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգման բարելավմանը:
Այսպես, քննարկվելու են պատվաստանյութերի արտադրության բարելավման ու տարածման ուղիները եւ կարիքավոր երկրներին թթվածնի մատակարարման ավելացումը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության հնարավորությունը այն հետազոտությունների եւ մշակումների բնագավառում, որոնք կապված են COVID-19-ի հետ, հայտարարել են տեղեկացված աղբյուրները:
Կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդությունների հետեւանքով զոհվերի թիվը գերազանցել Է 4 միլիոն 586 հազար 188-ը:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: ԱՄՆ-ն առաջատարն Է մնում ախտահարվածների եւ հիվանդությունից մահացածների թվով, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բաթում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, կմեկնի Բաթում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Այցի շրջանակում ՀՀ վարչապետը նաև հարգանքի տուրք է մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:
armenpress.am
Պուտինը Եվրախորհրդի նախագահին է ներկայացրել ԼՂ շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Քննարկվել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի մասին «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Շառլ Միշելը, ով, անդրադառնալով ԼՂ խնդրին, նշել է, որ «անհրաժեշտ է կառուցել վստահություն և սկսել երկխոսություն»:
panarmenian.net
ԵՄ-ն կհեռացնի ՀՀ-ին համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից
Եվրամիությունը հեռացնում է Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից։ Այդ մասին հաղորդել է «Ազատության» Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։
ԵՄ դեսպանների հավաքի ընթացքում հաստատված հանձնարարականի համաձայն Հայաստանի քաղաքացիների՝ իր տարածք մուտքն արգելելու կամ թույլատրելու մասին որոշումը դաշինքի յուրաքանչյուր պետություն ինքնուրույն պետք է կայացնի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կայացված որոշման մասին ԵՄ պաշտոնապես կհայտարարի շաբաթվա վերջին։
ԵՄ խորհուրդը Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը չեղարկելու մասին որոշումը կայացրել էր հունիսի 30-ին՝ այն ժամանակ ևս Հայաստանի հետ սահմանների բացման վերջնական որոշումը վերապահելով անդամ պետություններին։
Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով:
panarmenian.net
Էրիկա Օլսոնը՝ Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
Էրիկա Օլսոնը ստանձնել է Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցին վերջերս պետքարտուղարության համակարգում կադրային նոր նշանակումների վերաբերյալ։
Վերջինս մինչ այս նշանակումը զբաղվել է Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների և Արկտիկայի հարցերով, ինչպես նաև աշխատել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական:
«Այս պաշտոնյաները միացել են գերատեսչության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին պետքարտուղարության դիվանագիտական նշանակումների բնականոն գործընթացի ներքո»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը իր գրավոր պատասխանում:
Օլսոնից բացի, ըստ պետքարտուղարության, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի նոր նշանակումներն են դեսպան Դերեկ Հոգանը՝ որպես փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալ, Ռոբին Դանիգանը ՝ որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ և Գաբրիել Էսկոբարը՝ որպես Հարավային Կենտրոնական Եվրոպայի և հանրային դիվանագիտության ու մամուլի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ: