Մամուլի տեսություն 18.09.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151042-Մամուլի_տեսություն_18.09.2021
16 տարի անց ՇՀԿ-ում Իրանի անդամակցությունը դարձել է ներքին ու արտասահմանյան ԶԼՄ-ների գլխավոր լուրը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 18, 2021 14:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.09.2021

16 տարի անց ՇՀԿ-ում Իրանի անդամակցությունը դարձել է ներքին ու արտասահմանյան ԶԼՄ-ների գլխավոր լուրը:

 Քեյհան օրաթերթ

Ռոյտերսի հաղորդումը արտահանումների բաժնից Իրանի եկամուտների ավելացման մասին

Հղում անելով նավթի ու նավթամթերքի ոլորտի իրազեկ աղբյուրներին, Ռոյտերսը գրել է.«Չնայած որ պատժամիջոցները արգելափակել էին Իրանի անմշակ նավթի արտահանումները, սակայն վերջին տարիների ընթացքում վառելիքի ու պետրոքիմիական ապրանքների արտահանումները ավելացել են և Ասիայում ու Եվրոպայում արագ տեմպերով ընդլայնվում է այս ապրանքների վաճառքը, այնպես որ ներկա դրությամբ այս արտադրությունների արտահանումների բաժնից Իրանի եկամուտները գերազանցում են անմշակ նավթի արտահանումներից ձեռք բերվող եկամուտներին»: 

Ռոյտերսը հավելել է.«2020թ. Իրանում բենզինի ու դիզելի արտահանումների վաճառքից ստեղծված եկամուտը կազմել է ավելի քան 20 մլրդ. դոլար, ինչը անմշակ նավթի արտահանումներից ստեղծված եկամուտի կրկնապատիկն է»:

 

 Խորասան օրաթերթ

«ՇՀԿ»-ում Իրանի անդամակցության առավելությունները

ՇՀԿ-ում Իրանի անդամակցությունը անցած 24 ժամերի ընթացքում դարձել է ներքին ու արտասահմանյան ԶԼՄ-ների գլխավոր լուրը:

Անցյալ տարիների ընթացքում Իրանի արտաքին գերատեսչությունը կենտրոնացել էր ՀԳՀԾ-ի իրագործման ու արևմուտքի հետ համաձայնության հասնելու խնդրի շուրջ, սակայն նոր իրավիճակում ու նոր դարաշրջանում Իրանը որդեգրելով հայացք դեպի արևելք քաղաքականությունը կարող է տարբեր մակարդակներում զարգացնել իր երկկողմ համագործակցությունները ՇՀԿ-ի անդամ երկրների հետ: Մոտ ապագայում այս խնդիրը կարող է դրսևորվել տարածաշրջանի տարբեր երկրների հետ առևտրական, տրանսպորտային ու նույնիսկ անվտանգության երկկողմ  պայմանագրերի ստորագրման տեսքով:

 

 Քեյհան օրաթերթ

Արևմուտքի պատժամիջոցների շրջանցում. Իրանը ՇՀԿ-ի անդամ է

Ուրբաթ օրը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՇՀԿ-ի անդամ երկրների 21-րդ գագաթնաժողովի ավարտին այս կազմակերպության 8 անդամները համաձայնություն են տվել և ստորագրել են համապատասխան փաստաթղթեր, որպեսզի Իրանի կրագավիճակը դիտորդ անդամից փոխվի հիմնական անդամի: 

ՇՀԿ-ում Իրանի անդամակցությունը արևմուտքի մտահոգ հայացքում մի մեծ մղձավանջի իրականացման խորհրդանշան է: Քանի տարի էր ինչ արևմուտքի դիվանագետները նախազգուշացնում էին գլոբալ ուժի առանցքը արևմուտքից արևելք տեղափոխվելու մասին և այժմ ՇՀԿ-ում Իրանի անդամակցությամբ տեղափոխաման գործընթացում շրջադարձային դեպք է տեղի ունեցե: 

 

«Շարղ»

Բոլորը՝ ընդդեմ Չինաստանի

Ֆրանսիան և ԵՄ-ը քննադատել են ԱՄՆ նախագահի որոշումը՝ չինական ազդեցությանը դիմակայելու հարցով Բրիտանիայի և Ավստրալիայի հետ անվտանգության դաշինք ստեղծելու համար: Երեք երկրների գագաթնաժողովում հայտարարված Անվտանգության պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Ավստրալիային կտրամադրեն միջուկային էներգիայով սուզանավեր կառուցելու տեխնոլոգիան և հնարավորությունները: Անվտանգության նոր համաձայնագիրը վերջ է տալիս Ֆրանսիայի ու Ավստրալիայի միջև կնքված, այդ երկրի համար դիզելային սուզանավեր կառուցելու տասնյակ միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագրերին:

Ֆրանսիան, որ ձեռքից տվել է Ավստրալիայի հետ սուզանավեր կառուցելու պայմանագիրը, քննադատելով այս պայմանագիրը այն համարել է «Միակողմանի, անողոք և անկանխատեսելի»:

 

armenpress.am

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել ԼՂ-ի դրոշը. Ալեն Սիմոնյան

Արցախի երեխաների տեղափոխող ավտոբուսը կանգնեցնելը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանր գործողություններով մարդկանց հույզերի վրա ազդել է համարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով  Գորիս–Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված` ադրբեջանցիների կատարած գործողությունները։

«Կարծում եմ` որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը: Ապարդյուն մանր գործողություններ են, որոնք ավելի շատ միտված են մարդկանց  հույզերի վրա ազդելուն, բայց չի ստացվելու »,– նշեց Ալեն Սիմոնյանը:

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պետհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երեխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը:

 

armenpress.am

Կատարի Պետության էմիրի կողմից ՀՀ դեսպանը պարգևատրվել է «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով

Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Էմիրի Դիվանում ընդունել է Կատարում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ընդունելության սկզբում, որպես Հայաստան-Կատար հարաբերությունների հիմնադիր դեսպան (2001թ-ից, նստավայրը Թեհրան) և Դոհայում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան (2019թ․ մայիսից), Գեղամ Ղարիբջանյանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար Էմիրի կողմից պարգևատրվել է «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով։

Պարգևատրման հրովարտակում նշված է․«Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիից Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան պարոն Գեղամ Ղարիբջանյանին ի գնահատում Ձեր գովելի ջանքերի և Ձեր լավ աշխատանքի և ի հավաստում երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության, շնորհեցինք Ձեզ «Ալ-Վաջբա» շքանշանը և հրամայեցինք թողարկել սույն հրովարտակը նշվածի վերաբերյալ»

 Օգոստոս ամսից ի վեր իրենց առաքելությունն ավարտող դեսպանների՝ այդ թվում Ֆրանսիայի, Բելգիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Եթովպիայի և այլոց շարքում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը միակն է, ով արժանացել է պարգևի։

 Նույն օրը ավելի վաղ բացառության կարգով դեսպան Ղարիբջանյանին ընդունել է Կատարի Պետության վարչապետ շեյխ Խալեդ բին Խալիֆա Ալ Թանին:

 

lragir.am

Ինչ կատարվեց ռուս սահմանապահներ տեղակայելու որոշումից հետո

Գորիս-Կապան ճանապարհին ավտոբուսի հետ կապված պատմությունը, որը ֆուտբոլային թիմի պատանիներին տեղափոխում էր հայկական Կապանից հայկական Արցախ, նորից բերում է հիմնական հարցին։ Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները լկտի պահվածքով իջեցրել են բոլորին և սկսել են ստուգել մեքենան, «բարեբախտաբար ռուս սահմանապահները նկատել են և երեխաներին ճանապարհել»:

Ստացվում է, որ ադրբեջանցի զինվորականները անցակետ են տեղադրել հայկական ճանապարհի վրա, կանգնեցնում են իրանական մեքենաները, հայ երեխաներով ավտոբուսները, իսկ ինչ-որ տեղ մոտակայքում կանգնած են ռուս սահմանապահներ, որոնք միջամտում են միայն նվաստացման ակտի ավարտից հետո: Հավանաբար, նրանք ակնկալում են, որ իրենց շնորհակալություն կհայտնեն այն բանի համար, որ երեխաները ողջ են մնացել:

Ի՞նչ են անում ռուս սահմանապահները հայ-իրանական միջպետական ​​մայրուղու վրա և ի՞նչ փաստաթղթի հիման վրա են իրականացնում իրենց գործունեությունը: Չկա հայտարարություն պաշտոնական փաստաթղթի մասին, ինչը նշանակում է, որ ռուսական զորքերը ադրբեջանական զորքերի հետ միասին իրականացնում են օկուպացիոն գործառույթներ: Իսկ Հայաստանի կառավարությունը, որը թույլ է տալիս օտարերկրյա զորքերին մուտք գործել Հայաստանի տարածք առանց իրավական հիմքերի և ինքնակամ սահմանում է Հայաստանի սահմանները, օկուպացիոն ուժերի հետ համագործակցող կառավարություն է:

Դեռ ընտրություններից առաջ, հունիսի 12-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ քննարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների երկայնքով ռուս խաղաղապահներ և միջազգային դիտորդներ տեղակայելու հարցը։ Արդեն օգոստոսի 26-ին Փաշինյանն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը փակել է Սյունիքի մարզում ճանապարհի մի հատված ՝ հակառակ Ռուսաստանի Դաշնության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը ՝ ժամանակավոր մարտական ​​դիրքեր տեղակայելու վերաբերյալ: Նրա խոսքով, միջադեպը «հակասում է Պաշտպանության նախարարության (Հայաստանի – խմբ.) 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարությանը Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագրի վերաբերյալ»: Խոսքը համաձայնագրի մասին է, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հստակեցրել են ժամանակավոր մարտական ​​դիրքերի տեղակայման կետերը: Ըստ այդմ, ռուս սահմանապահները ապահովում են Սյունիքի մարզի ճանապարհի խնդրահարույց հատվածների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 19 -ին Փաշինյանն ասել էր, որ «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից» դուրս գտնվող տարածքներում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա: «Գտնվելով միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում՝ մենք ստեղծում ենք անվտանգության երաշխիքներ Սյունիքի համար, քանի որ սա արդեն այն ապահով համակարգի սահմանն է, որի մաս ենք կազմում մենք», ասել է ՀՀ վարչապետը:

2020-ի նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

Դրանից հետո՝ 2021-ի մայիսի 12-ին, Բաքվի զորքերը ներխուժեցին Սև լճի տարածք, այնուհետև օգոստոսին փակեցին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածներ, իսկ սեպտեմբերին տեղադրեցին դիրքեր և սկսեցին տուրքեր հավաքել իրանական մեքենաներից: Այս բոլոր միջադեպերում անհասկանալի է ռուս սահմանապահների դերը:

Օգոստոսի 26-ին Փաշինյանն հայտարարել է, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ՝ 21 կմ հատվածի շուրջ Հայաստանը չունի եռակողմ փաստաթուղթ։ Վարչապետը հիշեցրել է 2020-ի դեկտեմբերի 19-ի իր ուղերձը՝ նշելով, որ քաղաքական որոշում են կայացրել, և ինքն ամբողջությամբ կրում է այդ որոշման պատասխանատվությունը։

Փաշինյանն իր ուղերձից հատված մեջբերեց․ «Այսօր արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներկայացված են Սյունիքում, խոսքը Գորիս-Որոտան-Շուռնուխ հատվածի մասին է, և սա, անվտանգային առումով, բոլորովին նոր իրավիճակ է։ Մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»։ Նա հավելեց․ «Արդյունքում մենք ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ, ո՛չ, մենք չունեցանք եռակողմ փաստաթուղթ»։

Փաշինյանը նաև հիշեցրեց Պաշտպանության նախարարության 2020-ի դեկտեմբերի 19-ի հայտարարությունն ու մի հատված մեջբերեց․ «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նպատակով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Ավտոճանապարհի այս հատվածի անվտանգությունը կապահովվի ռուս սահմանապահների միջոցով, շփման գծի մի կողմում կտեղակայվեն Հայաստանի սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից»։

Նա կրկնել է, որ ադրբեջանցիները սամանը չեն խախտել, քանի որ «ըստ սովետական քարտեզների՝ այդ տարածքները գտնվում են Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս»։

 

news.am

Անհնազանդության ակցիա Երևանում` անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջով

Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում անհնազանդության ակցիա է տեղի ունենում` սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով:

Անհնազանդության ակցիան հսկում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ եւ կարմիր բերետավորներ:

Ոստիկանենրը բերման ենթարկեցին մի քաղաքացու, այն բանից հետո երբ անարգալից արտահայտություն է կատարել վարչապետի հասցեին:

Ակցիայի մասնակիցներին ոստիկաններն ասել են, որ չեն կարող քայլերթով շարժվել Հանրապետության հրապարակ, հակառակ դեպքում նրանք բերման կենթարկեն ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»: