Մեկնաբանություն- Իրաքում և Սիրիայում Թուրքիայի զորայինների գործողությունները շարունակվում են
Չնայած Բաղդադի և Դամասկոսի պաշտոնյաների բազմիցս հնչեցրած բողոքներին, Իրաքի և Սիրիայի տարածքում թուրքական բանակի հարձակումներն ու օկուպացիան շարունակվում են:
Չնայած Անկարայի կառավարության պաշտոնյաները Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին ճնշելը մշտապես պատրվակ են ծառայեցրել Իրաքի և Սիրիայի տարածքների վրա հարձակվելու համար, այսօր Իրաքի և Սիրիայի տարբեր քաղաքներում ռազմակայանների կառուցման հարցը մտահոգում է այդ երկու երկրի կառավարություններին ու ժողովուրդներին: Չնայած Իրաքի և Սիրիայի կառավարությունների կողմից թուրքական հարձակումների շարունակական դատապարտմանը, երկու հարևան երկրների տարածքներում ռազմական գործողությունները շարունակում են ընդլայնվել:
Նոր ռազմաբազա ստեղծելու Անկարայի որոշման մասին լուրից հետո, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի բանակի շտաբի պետի ուղեկցությամբ, այցելել է Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի ռազմակայան:
Այս առնչությամբ Թուրքիայի ԶԼՄ -ները մեջբերում են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերը, որ Անկարան կշարունակի ռազմական գործողությունները երկրի սահմանամերձ Քուրդիստանի շրջանում: Անդրադառնալով հյուսիսային Իրաքի Դոհուք նահանգում գտնվող Մատինա շրջանի ռազմավարական նշանակությանը, Թուրքիայի ներքին գործերի նախարարն ասել է.«Ինչպես Սիրիայում ռազմաբազաներ ենք ստեղծել, այնպես էլ Իրաքում ռազմակայաններ ենք ստեղծելու՝ տարածաշրջանը վերահսկելու համար»:
Փաստորեն, առանց Բաղդադի և Դամասկոսի իշխանությունների համաձայնության և առանց համադրման, Անկարայի իշխանությունները մտադիր են երկու երկրների տարածքում մշտական և շարժական ռազմակայաններ հիմնել: Այս առումով պետք է հաշվի առնել այն, որ Թուրքիայի բանակի ներխուժումն Իրաք և Սիրիա դատապարտվել է երկու երկրների ժողովրդի և կառավարությունների, ինչպես նաև միջազգային հանրության կողմից: Սակայն, չնայած այս բողոքներին, այս երկու երկրի որոշ հատվածների դեմ Թուրքիայի բանակի հարձակումները չեն նվազել:
Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայի բանակը մի շարք անօրինական գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի դեմ: Այնուամենայնիվ, Իրաքի և Սիրիայի ժողովուրդն ու պաշտոնյաները, որոնք դեմ են թուրքական բանակի կողմից իրենց երկրի օկուպացիային, դատապարտեցին այդ քայլը՝ այն որակելով Իրաքի և Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: Այս առումով քաղաքագիտության պրոֆեսոր, տարածաշրջանային հարցերով փորձագետ՝ Իյադ Ալ-Անբարը համոզված է, որ Թուրքիայի ուժերի ներկայությունը ներկայիս եղանակով հստակ և ակնհայտ ներխուժում է Իրաքի տարածք:
Նշելով, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում իրագործել իր տարածամոլական նկրտումները և չի ցանկանում զրկվել Իրաքի նման կարևոր տարածքից, Իյադ Ալ-Անբարը նշել է, որ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու Անկարայի քաղաքականությունը հիմնված է հարևան երկրներում իրավիճակի փխրունությունը շահագործելու վրա, ինչպես դա շարունակվում է Լիբիայում և Սիրիայում:
Հնարավոր է ապագայում Թուրքիայի պաշտոնատարները ծանր գին վճարեն Իրաքի և Սիրիայի դեմ հարձակումների և այս երկու երկրներում ռազմակայանների ստեղծման համար: Մասնավորապես, Անկարայի իշխանությունները շարունակում են հարձակումները երկու երկրների քաղաքացիական տարածքների վրա՝ անտեսելով Բաղդադի և Դամասկոսի պաշտոնյաների բողոքներն ու պահանջները: