Մեկնաբանություն - Իրանը վճռակամ է Վիեննայի բանակցություններում լավ համաձայնության հասնելու հարցում
Երկուշաբթի Վիեննայում մեկնարկել են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները։
Հինգ ամիս ընդմիջումից հետո սկսված բանակցությունների այս փուլին մասնակցում է իրանցի փորձագետներից և դիվանագետներից կազմված իրավա-տնտեսական պատվիրակությունն ԱԳՆ քաղաքական տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ։
Բանակցություններում Իրանն ընդգծում է պատժամիջոցների չեղարկման հետ կապված բոլոր երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պետք է երաշխավորեն, որ դուրս չեն գա ՀԳՀԾ-ից և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չեն սահմանվի:
Երեքշաբթի օրը մեկնարկել է պատժամիջոցների չեղարկման շուրջ աշխատանքային խմբի աշխատանքը։ Իրանական պատվիրակությունն ընդգծել է, որ քանի դեռ գործում է պատժամիջոցների կարմիր ցուցակը, ԱՄՆ-ի համար համաձայնագրին վերադառնալու կանաչ լույսը չի վառվի։
CNBC-ին տված հարցազրույցում, Իրանի միջուկային բանակցող խմբի նախկին անդամ Սեյեդ Հոսեյն Մուսավյանն ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանը կոշտ դիրքորոշում է որդեգրե՞լ Վիեննայի բանակցություններում, ասել է.«Իրանի ցանկությունը ՀԳՀԾ-ի համաձայնագրի ճշգրիտ, ճիշտ և ամբողջական իրականացումն է»։
Մուսավյանը հավելել է, որ իրանցի բանակցողները ՀԳՀԾ-ից պակաս կամ դրանից ավելի որևէ բան չեն ցանկանում. ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Եվրոպան առաջարկել են վերկանգնել ՀԳՀԾ-ն, և նույն պահանջն ունի Իրանը։
Բանակցություններում Իրանի պատվիրակության կառուցողական և միևնույն ժամանակ լուրջ և վճռական դիրքորոշման շնորհիվ, բոլոր կողմերն այն դրական են գնահատել:
Չնայած նիստի մեկնարկից առաջ որոշ լրատվամիջոցների և լրատվական գործակալությունների կողմից Վիեննայի գագաթնաժողովում Իրանի դիրքորոշումների վերաբերյալ բացասական մթնոլորտ ստեղծելու ջանքերին, Վիենայի նիստը ցույց տվեց, որ այդ քայլերը ձախողվել են, և բանակցող կողմերը կառուցողական տեսակետ ունեն քննարկումների վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Թվիթերում գրել է.«ԱՄՆ-ը և եվրոպական եռյակը կեղծ հայտարարություններ են տարածում,խստացնում են պատժամիջոցները, խեղաթյուրված պատմություններ են հորինում և լռում Իսրայելի սպառնալիքների դիմաց»:
Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին ասել է.«Քանի դեռ գործում է առավելագույն ճնշումը, ՀԳՀԾ-ի վերականգնումը ոչ այլ ինչ է, քան չափազանցություն»։
ԻԻՀ ցույց է տվել իր հավատարմությունը ստանձնած պարտավորություններին և այժմ պատրաստ է հասնելու «արդար համաձայնության, որը կերաշխավորի իրանցիների օրինական իրավունքները»:
Քաղաքական դիտորդները կարծում են, որ Վիեննայի բանակցությունների առաջընթացը կախված է ԱՄՆ-ի հակասական վարքագիծը շտկելուց։ Բանակցությունները ճիշտ ուղու վրա կլինեն, եթե կողմերը ժամանակ կորցնելու փոխարեն կառուցողական դիրքորոշմամբ և մարգինալացումից հեռու մասնակցեն դրանց։
Իրանը ժամանակի առումով չի շտապում և լավ ու ճշգրիտ համաձայնության հասնելն ավելի կարևոր է համարում, քան արագ համաձայնության հասնելը։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած Արևմուտքի կողմից իր պարտավորությունները չկատարելուն, Իրանը պատրաստ է բարի կամք դրսևորելու և պատժամիջոցները չեղարկելու ակնկալիքով, լավ գործարքի շուրջ բանակցություններ վարել «4+1» խմբի հետ։