Մեկնաբանություն-Վաշինգտոնը խոստացել է զինել Պարսից ծոցի իր դաշնակիցներին
ԱՄՆ պետքարտուղարը, Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, խոստացել է, որ Վաշինգտոնը զենք կտրամադրի Պարսից ծոցի տարածաշրջանի իր դաշնակիցներին:
Ուրբաթ օրը, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցում, դատապարտելով ԱՄԷ-ի դեմ Եմենի վերջին հարձակումը, Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ օգնելու Պարսից ծոցի իր դաշնակիցներին՝ բարելավելու տարածաշրջանային սպառնալիքների դեմ իրենց պաշտպանական կարողությունները:
Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն կավելացնի Պարսից ծոցի իր դաշնակիցներին տրամադրվող սպառազինական օգնությունը: Հատկանշական է, որ Բլինքենի այս հայտարարությունը հնչում է մի իրավիճակում, երբ սաուդյան կոալիցիան վերջին օրերին լայնածավալ օդային հարվածներ է հասցրել Եմենի քաղաքացիական օբյեկտների և ճնշված ժողովրդի դեմ, հատկապես մայրաքաղաք Սանայում և Սաադա նահանգում։ Հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել են Եմենի մեծ թվով խաղաղ բնակիչներ:
Եմենի Սանաայի և Ալ-Հուդայդա նավահանգստի անդադար ռմբակոծությունները սկսվել են երեքշաբթի օրն ի պատասխան Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների կողմից Աբու Դաբիի վրա անօդաչու թռչող սարքով և հրթիռներով իրականացված հարձակման:
Ուրբաթ առավոտյան Սաադա նահանգի բանտի ռմբակոծությունը դարձավ Եմենում Սաուդյան կոալիցիայի իրականացրած ամենամահաբեր հարձակումներից մեկը: Վերջին տվյալներով, հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 177 մարդ:
Ցամաքային, օդային և ծովային պաշարման ենթարկելով Եմենը, Սաուդյան կոալցիան այդ երկրում հումանիտար ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել: Համաշխարհային բանկը վերջերս իր զեկույցում զգուշացրել է, որ պարենային անվտանգության տեսանկյունից աշխարհի ամենախոցելի երկիրը համարվող Եմենի 30 միլիոնանոց բնակչության մոտ 70 տոկոսին սպառնում է սովը:
Չնայած այս աղետալի իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանի հավակնություն ունեցող Բայդենի կառավարությունը որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ, որպեսւից վերջ տրվի Եմենի շրջափակմանը և հնարավորություն ստեղծվի այդ երկրին հումանիտար օգնություն փոխանցելու համար: Ընդհակառակը, Բայդենի վարչակազմը վերսկսել է զենքի վաճառաքն այդ երկու երկրներին:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում մղվող պատերազմն անվանելով «ռազմավարական աղետ», հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում, վերջ կդնի Եմենում Սաուդյան կոալիցիայի հարձակումներին, ներառյալ՝ զենքի վաճառքին։ Սակայն Սպիտակ տուն մուտք գորչծելուց հետո, նա հերթական անգամ Սաուդյան Արաբիային անվանել է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը։
Վաշինգտոնը նաև վերսկսել է զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին։ 2021 թվականի նոյեմբերին Պետդեպարտամենտը համաձայնեց Սաուդյան Արաբիային վաճառել 650 միլիոն դոլարի «օդ-օդ» հրթիռներ և հարակից սարքավորումներ։
Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի զենքի վաճառքը հակասում է Եմենում պատերազմին վերջ տալու և սաուդցիներին հարձակողական զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ Բայդենի խոստմանը: Ըստ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրություններն ԱՄՆ-ի զենքի ամենամեծ գնորդներն են:
Եմենում քաղաքացիական թիրախների վրա հարձակման համար ամերիկյան զենքի օգտագործումն արժանացել է իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը: Իսկ հիմա, երբ ԱՄՆ պետքարտուղարը խոստանում է զինել Պարսից ծոցում Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին, անպաշտպան եմենցիների սպանությունը և սաուդյան կոալիցիայի կողմից այս աղքատ ու պատերազմահար երկրում իրականացվող ավերածությունների ծավալը կմեծանա: