Մեկնաբանություն - Իսլամաբադում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստը
Այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 48-րդ նստաշրջանը:
Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 48-րդ նստաշրջանի բացման ելույթում, Պակիստանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Կազմակերպության միջազգային դիրքի ամրապնդումն ու անդամ բոլոր երկրների խնդիրների լուծումը կառույցի գլխավոր նպատակներն են»։
Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշին իր ելույթում ասել է.«Իսլամական երկրների ներքին գործերին օտարերկրյա միջամտությունը, ամբողջ աշխարհում մուսուլմանական հողերի շարունակական օկուպացումը և հատկապես Պաղեստինում ու Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանում մուսուլմաններին ինքնորոշման իրավունքից զրկելը, այն հարցերն են, որոնք կարող են տարբեր լարվածություններ առաջացնելով, թուլացնել իսլամական միասնությունն ու համերաշխությունը»:
Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների երկօրյա նիստը հնարավորություն է ընձեռում նիստին մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ մտքեր փոխանակել իսլամ աշխարհի կարևոր հարցերի շուրջ և որոշում կայացնել ճգնաժամում հայտնված իսլամական երկրների խնդիրների լուծման ելքերի վերաբերյալ:
Ներկայումս, իսլամ աշխարհի մշտական մտահոգությունը համարվող Պաղեստինի հարցից բացի, Աֆղանստանի զարգացումները ևս ներառված են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի օրակարգում:
Աֆղանստանում մտահոգիչ պայմանների առաջանալուց հետո, այդ երկրին օգնելու համար, Իսլամաբադը 2021 թվականի դեկտեմբերի 19-ին հյուրընկալեց Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստը, որի ընթացքում կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվեցին Աֆղանստանի համար ստեղծել մարդասիրական օգնության հիմնադրամ՝ երկրի տնտեսական ճգնաժամը կարգավորելու համար։
Աֆղանստանի համար մարդասիրական օգնության հիմնադրամի ստեղծումը հույսեր է արթնացրել այդ երկրի ժողովրդի որոշ հիմնական կարիքները բավարարելու և նրա տառապանքը մեղմելու համար:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին ասում է. «Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը բախվում է սովի ծանր ճգնաժամի։ Աֆղանստանի ժողովուրդը հումանիտար օգնության հրատապ կարիք ունի, և եթե այդ օգնությունը չտրամադրվի, երկիրը կվերածվի մեծ հումանիտար ճգնաժամի»։
Պակիստանում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա նիստում իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
Իրանն Աֆղանստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ոլորտում ակտիվ է եղել և փորձել է ի դեմս հարևան երկրների ստեղծել տարածաշրջանային կոնսենսուս՝ Աֆղանստանի իրավիճակի կայունացմանը և հումանիտար աղետի կանխմանը օգնելու համար: Իրանն ավելի քան տասը անգամ սննդամթերք, դեղորայք և առողջապահական պարագաներ պարունակող խմբաքանակ է առաքել Աֆղանստան:
Չնայած Աֆղանստանի ժողովրդի հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած անուշադրությանը, հատկապես այդ երկրի կողմից նրա ակտիվների արգելափակմանը, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրները կարող են ներկա իրավիճակում արդյունավետ օգնություն ցուցաբերել Աֆղանստանին, այդ երկրում ճգնաժամի սրումը կանխելու համար: