Զարիֆը կարևորել է քաղաքական բանակցություններով Սիրիայի ճգնաժամի կարգավորումը
Երկուշաբթի երեկոյան, Սիրիայի հարցով միջազգային նիստին մասնակցելու նպատակով, Վիեննա է ժամանել Իրանի արտգործնախարարը :
Դիտորդները Վիեննայի նիստը առիթ են համարում հրադադարի կատարյալ հարգումը կարևորելու և քաղաքական բանակցությունների շարունակման ենթահող ստեղծելու համար: Վիեննայում Զարիֆը հանդիպում և զրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ:
Անդրադառնալով ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիային, տարածաշրջանին և միջազգային հանրությանն ուղղված սպառնալիքներին, Զարիֆն ընդգծել է, որ հակառակ որոշ ահաբեկչական խմբավորումների և նրանց տարածաշրջանային ու միջազգային հովանավորների ջանքերին, Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի:
Նիստը կայանում է այն պայմաններում, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվել են կրկնապատկել հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերը:
Այս բոլորն այն դեպքում, երբ Վիեննայի նիստի մասնակիցների միջև առկա են խորը անհամաձայնություններ և Սիրիայի ճգնաժամի բանակցային կարգավորման համար դեռևս վերջնական ու համապարփակ լուծում չկա:
ՄԱԿի ԱԽ բազում բանաձևեր է հրապարակել Սիրիայի մասին, սակայն դրանցից ոչ բոլորն են նպաստել Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը:
Ներկայումս Սիրիան հայտնվել է միջամտող ուժերի մրցակցության և տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում` Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումների վայրագ կոտորածների արանքում: Միջազգային հումանիտար օգնությունները ևս երկար դադարներով են առաքվում: Որոշ քաղաքական շրջանակներ գտնում են, որ Սիրիայի ընդդիմությունը պարտավոր է ընդունել ճգնաժամի կարգավորման համար ներկայացված առաջարկությունները:
Սիրիայում ճգնաժամի սկսվելուց անցել է 5 տարի և այս ընթացքում սիրիացիները պայքարել են ահաբեկիչների դեմ ու բազում հաջողություններ են արձանագրել: Իսկ այդ դիմադրությունը չլինելու դեպքում, հավանաբար այսօր ԻԼԻՊ-ը հաստատված կլիներ Դամասկոսում: Սիրիայի ժողովրդին օգնելու համար, պետք է դադարեցվեն ահաբեկչական խմբերին ցուցաբերվող ֆինանսական ու սպառազինական հովանավորությունները, հաշվի առնվի ժողովրդի որոշումն ու ցանկությունը և վերջ տրվի բախումներին:
Սիրիայի ճգնաժամի ձգձգվելը ավելի մեծ վնասներ է պատճառում սիրիացիներին և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Սիրիացիների բանակցությունները դադարեցվելու դեպքում, Սիրիայում տիրող քաղաքական ու ռազմական իրավիճակը կբարդանա և դա իրողություն է, որին անդրադարձել է Իրանի արտգործնախարարը Վիեննայում: Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Չնայած ահաբեկչական խմբավորումների և նրանց տարածաշրջանային ու միջազգային հովանավորների ջանքերին, Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի և չպետք է թույլ տալ, որ ահաբեկչական խմբավորումները հրադադարը չարաշահելով, թափ հաղորդեն Սիրիայի ժողովրդի դեմ ահաբեկչական քայլերին»: