Մեկնաբանություն- Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարևորել են տնտեսական հարաբերությունների ընդլայնումը
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն այսօր (երկուշաբթի) Թեհրանում քննարկել են երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր (երկուշաբթի) Թեհրան մեկնած Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Անցել ենք թյուրիմացության փուլը և անցած ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ականատես ենք եղել»։
Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության և տարաձայնությունների մի շրջանից հետո, որը տեղի է ունեցել հիմնականում Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի սադրանքների պատճառով, Թեհրանն ու Բաքուն ընդգծել են տարաձայնությունները կարգավորելու և Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը:
Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի մեծ թափ ստացան 2021 թվականի նոյեմբերի 28-ին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո, որից հետո երկու երկրների պաշտոնյաների բանակցությունները հատկապես առևտրային և տնտեսական ոլորտներում պարբերաբար շարունակվել են հարաբերությունների ընդլայնման նպատակով:
Այս հանդիպումից հետո ստորագրվել է Թուրքմենստանի գազը Իրանի տարածքով Ադրբեջան տեղափոխելու պայմանագիրը։ Ըստ այդ պայմանագրի՝ Իրանը Թուրքմենստանից ստանում է 1,5-ից մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ Սարախսում և նույնքան մատակարարում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը՝ Աստարայի սահմանին։
Փաստորեն, էներգետիկան և տարանցումը երկու երկրների տնտեսական համագործակցության երկու կարևոր խնդիրներ են, և Ադրբեջանը Իրանի հարևաններից մեկն է, որը վերջին տարիներին ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը տարբեր, հատկապես տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում:
Երկու երկրները նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի Զանգեզուրը Նախիջևանին միացնելու 55 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման համար։ Այս մայրուղին միջանցքի մի մասն է, որը էական ազդեցություն կունենա տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման և էլեկտրաէներգիայի փոխանցման վրա։
«Հյուսիս-Հարավ» միջանցքը կարևորագույն նախագծերից մեկն է, որը Իրանը և Ադրբեջանը ցանկանում են ավարտել: Այս միջանցքը 7200 կմ երկարությամբ համակցված տրանսպորտային ցանց է, որը ներառում է ծովային, ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիներ՝ ապահովելու հաղորդակցության ամենակարճ ճանապարհը և Հնդկական օվկիանոսը Պարսից ծոցի միջոցով կապումլ Կասպից ծովին այնուհետև Ադրբեջանին, Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպային:
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունները վճռակամ են երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հարցում, և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար՝ Ջեյհուն Բայրամովի այցը Թեհրան իրականացվել է այդ նպատակով: Մշակութային և պատմական ընդհանուր արմատները և տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մեծ պոտենցիալները լավ հնարավորություն են ընձեռել ամրապնդելու այս երկու հարևան իսլամական երկրների հարաբերությունները։
Այդ կապակցությամբ, Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը մոտ ապագայում պատրաստվում է այցելել այս երկիր՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին Խոդաաֆարին ամբարտակի և Ղիզ Ղալա Սի ամբարտակի շահագործման հետ կապված։ Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայանալու է նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ հանդիպումը։ Այս երկրների պաշտոնյաների օրակարգում է նաև Կովկասյան տարածաշրջանում 3+3 գագաթնաժողով անցկացնելու հարցը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարների միջև։
Բայրամովն Իրանի հետ Ադրբեջանի համագործակցության մասին ասել է, երկու երկրի պաշտոնատարների վճռականության շնորհիվ, Թեհրանի և Բաքվի միջև փոխանակումների ծավալն աճել է. 2021 թվականին երկու երկրի միջև փոխանակումների ծավալն աճել է 30%-ով, իսկ այս տարվա առաջին հինգ ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18%-ով, սակայն երկու երկրների միջև առկա կարողությունները գերազանցում են այս թվերը, և պետք է ձգտենք այդ կարողությունները օգտագործմանը: