Մեկնաբանություն-ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: «Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական գործողություն անշուշտ կվնասի Թուրքիային, Սիրիային և ողջ տարածաշրջանին և օգուտ կբերի ահաբեկիչներին»,- ասել է նա։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ Իրանը Թուրքիայի և նրա սահմանների անվտանգությունն իր սեփական անվտանգությունն է համարում ասել է. «Դուք ևս պետք է Սիրիայի անվտանգությունը ձեր անվտանգությունը համարեք։ Սիրիական հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ Իրանը, Թուրքիան, Սիրիան եւ Ռուսաստանը պետք է այս հարցը լուծեն երկխոսության միջոցով»։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում հստակ է: «Մենք ակնկալում ենք, որ Սիրիայի իշխանությունը քաղաքական գործընթացներ կսկսի։ Աստանայի գագաթնաժողովում սիրիական հարցը օրակարգում է, և մենք հույս ունենք լավ արդյունքների հասնել»,-ասել է նա։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել են Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և Իրանի Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ և քննարկելու սիրիական հակամարտությունը:
Այսօր երեկոյան, Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, կանցկացվի Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների 7-րդ գագաթնաժողովը։

Վերջին տարիներին Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան «Աստանայի խաղաղության գործընթացի» շրջանակում ջանում են վերջ դնել Սիրիայի ավելի քան 11 տարվա հակամարտություններին:
Այն դեպքում, երբ Իրանն ու Ռուսաստանը աջակցում են Բաշար Ասադի օրինական կառավարությանը, Թուրքիան աջակցում է Դամասկոսի կառավարության ընդդիմադիրներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։
«Սկսվում է Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլը։ Մենք մաքրում ենք ահաբեկիչներից Թալ-Ռըֆաթն ու Մյունբիչը»,-ասել է նա:
Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակումները տարածաշրջանի վիճելի հարցերից են։ Իրանն ընդգծում է սիրիական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և քաղաքական լուծումը համարում է Թուրքիայի անվտանգության մտահոգությունները նվազեցնելու միակ ելքը։
Նույն շրջանակներում, վերջին շաբաթների ընթացքում Իրանի դիվանագիտական գերատեսչությունն օրակարգ էր մտցրել Սիրիայի և Թուրքիայի իշխանությունների հետ խորհրդակցությունները: Իրանի արտգործնախարար Հոսեյն ԱմիրԱբդոլլահյանն այցելել է Թուրքիա և Սիրիա և բանակցություններ վարել այս երկու երկրների պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանում ցանկացած լարվածություն կանխելու նպատակով քաղաքական լուծում գտնելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից կարևոր է պահպանել Սիրիայի անվտանգությունն ու կայունությունը և այդ երկրի հեղինակավոր ներկայությունը տարածաշրջանային հավասարումներում: Իսկ Թեհրանում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների 7-րդ գագաթնաժողովի անցկացումը նույնպես կարելի է գնահատել որպես սիրիական հակամարտության հետ կապված առկա տարաձայնությունների լուծման ուղղությամբ Իրանի դիվանագիտական ջանքերի շարունակություն։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշելով, որ չպետք է ապավինել ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին, ասել է.«Այսօր ո՛չ Սիոնիստական ռեժիմը, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ մյուսները չեն կարող կասեցնել պաղեստինցիների խորքային շարժումը, և վերջում ամեն ինչ Պաղեստինի ժողովրդի օգտին կլինի»:
Հեղափոխության գերագույն առաջնորդը մշտապես ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ ցանկացած հարաբերության հաստատումը սխալ է, քանի որ այդ ռեժիմը հանդիսանում է տարածաշրջանի և իսլամական աշխարհի խնդիրների հիմնական պատճառը: Նա տարածաշրջանի կառավարություններին հիշեցրել է, որ ծավալապաշտանական նպատակներ հետապնդող սիոնիստների հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի նվազեցնելու նրանց հանցագործությունները պաղեստինցիների և իսլամական սրբավայրերի դեմ:
Հետևաբար, կասկած չկա, որ օկուպացիայի և հատկապես Պաղեստինի ժողովրդի դեմ անմարդկային գործողությունների երկար պատմություն ունեցող Սիոնիստական ռեժիմը, երբեք չի ձգտել այնպիսի խաղաղ հարաբերությունների, որոնք կներառեն այս տարածաշրջանի մուսուլման ժողովուրդների շահերը: Արաբական և իսլամական երկրների հետ հարաբերությունները կարգավորելով Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի դուրս գալ մեկուսացումից, թուլացնել իսլամական հասարակությունները, ինչպես նաև շարունակել օկուպացիան և իր ծավալապաշտական նկրտումները:
Նշելով, որ իսլամական ումմայի վեհությունն ու արժանապատվությունը պայմանավորված են ճաշակի տարբերությունների հաղթահարմամբ և պառակտիչ քաղաքականության դիմաց զգոնությամբ, մեծարգո առաջնորդն ասել է.«Տարածաշրջանում տարաձայնությունների ու թշնամանքի պատճառներից մեկը Սիոնիստական օկուպանտ ռեժիմն է, որին աջակցում է ԱՄՆ-ը»: