Իրանի ու Չինաստանի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
Իրանի և Չինաստանի նախագահները մեկ ժամ տևած հեռախոսազրույցում քննարկել են միջազգային և տարածաշրջանային կարևորագույն զարգացումները և ընդգծել երկկողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, Էբրահիմ Ռայիսին նշել է, որ այլ երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը և միակողմանի ու ապակառուցողական քաղաքականութունը սպառնալիք է համաշխարհային խաղաղության և անվտանգության համար։
ԻԻՀ նախագահը հավելել է, որ ազգային ինքնիշխանության հարգումն ու երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքն է և այդ շրջանակում Թեհրանն աջակցում է Չինաստանի սկզբունքային քաղաքականությունը։
Նշելով, որ Իրանը վճռական է համակողմանիորեն զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ՝ անկախ միջազգային զարգացումներից, Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ սառը պատերազմի օրինակը կրկնելու ԱՄՆ-ի ջանքերը վկայում են երկրի թուլության մասին:
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը նշել է. «Երկու երկրների միջև ստորագրված 25-ամյա համապարփակ համագործակցության փաստաթղթի գործադրումը մեծ քայլ է այս ուղղությամբ, և դրա հիման վրա ես համապատասխան հրամաններ եմ ստորագրել՝ Իրանի հետ համակողմանի ռազմավարական հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ տնտեսական ոլորտում»։
Վերջին տարիներին Իրան-Չինաստան հարաբերությունները զարգանում են: ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը դիմակայելու հարցում երկու երկրների ընդհանուր դիրքորոշումը, ինչպես նաև 25-ամյա համապարփակ համագործակցության փաստաթղթի ստորագրումը երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված կարևոր իրադարձություններ են:
Երկու երկրների նախագահները հեռախոսազրույցում պայմանավորվել են հարաբերությունների զարգացման ռազմավարությունների և 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի իրականացման գործընթացն արագացնելու շուրջ՝ առաջարկելով համագործակցության զարգացման նախաձեռնություններ և գոհունակություն հայտնելով երկու անցած մեկ տարում երկրների միջև հարաբերությունների զարգացման և առևտրային փոխանակման թռիչքի կապակցությամբ։
ԻԻՀ նախագահը ողջունել է բազմակողմ տնտեսական համագործակցության ընդլայնումը տարածաշրջանային և արտատարածաշրջանային պայմանավորվածությունների շրջանակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և BRICS խումբը:
Ի պատասխան Չինաստանի նախագահի կողմից Իրանի և հարևանների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման քաղաքականության և դրա ձեռքբերումների մասին բարձր գնահատականի, Ռայիսին ասել է. «Իրանի վարած քաղաքականությունը ենթահող է ստեղծել Արևմտյան Ասիայում անվտանգության և հավաքական զարգացման համար և կարող է մոդել լինել տարածաշրջանում քաղաքական վստահության և տնտեսական զարգացման ամրապնդման համար»:
Իրանն ու Չինաստանը, փոխադարձ շահերին ու ընդհանրություններին, ինչպես նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներին ու տեսակետներին համահունչ՝ բազմաթիվ պատճառներ ունեն երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար։
ԻԻՀ և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որը ստորագրվել է երկու երկրների միջև 2016 թվականի հունվարին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի Թեհրան կատարած այցից հետո, բաղկացած է 20 կետից: Այն նախանշում է Թեհրանի և Պեկինի միջև համագործակցության ընդլայնման և խորացման ճանապարհային քարտեզը՝ քաղաքական, գործադիր, հումանիտար և մշակութային, դատական, անվտանգության-պաշտպանական, տարածաշրջանային և միջազգային համագործակցության ոլորտներում։
Փաստաթղթի առաջին կետում ասված է. «Երկու երկրները համոզված են, որ միջազգային համակարգի բազմաբևեռացման և տնտեսության գլոբալացման գործընթացի խորացման պայմաններում Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունները ռազմավարական նշանակություն են ձեռք բերել: Իրանն ու Չինաստանը միմյանց համարում են կարևոր ռազմավարական գործընկերներ և արտաքին քաղաքականության առաջնահերթություն են համարում երկկողմ հարաբերությունների զարգացումը»։
Միջազգային պայմանները, հատկապես՝ Չինաստանի վրա ամերիկյան ճնշման աճը, ինչպես նաև Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունը, իսկ մյուս կողմից՝ Իրանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների ոլորտում համագործակցության ընդլայնումը երկու երկրների իշխանությունների միջև խորհրդակցությունների ու կարծիքների փոխանակման ավելացման անհրաժեշտություն են ստեղծել: Եվ Իրանի ու Չինաստանի նախագահների հեռախոսազրույցը այս ուղղությամբ արված քայլ է: