Մեկնաբանություն- Թեհրան-Երևան հարաբերությունների ամրապնդման ճանապարհին
Երեքշաբթի առավոտյան, գլխավորելով քաղաքատնտեսական պատվիրակություն, Թեհրան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Իրանի արտգործնախարարի Հայաստան այցից հետո, երկու երկրի ռազմավարական հարաբերությունները հայտնվեն հիմնարար փոփոխությունների ճանապարհին և առավել քան երբևէ ընդլայնվեն:
Տարածաշրջանային փորձագետները ՀՀ վարչապետի Թեհրան այցելությունը Կովկասյան տարածաշրջանում հարևան երկրների հետ համագործակցությունն ամրապնդելու Իրանի 13-րդ կառավարության դիվանագիտության և Իրանի արտգործնախարարի վերջերս Երևան այցելության դրական արդյունք են գնահատում:
Սեպտեմբերի 21-ին, բարեկամ երկիր Հայաստանի անկախության տոնի առիթով հղած շնորհավորական ուղերձում, ԻԻՀ նախագահ Ռայիսին ընդգծել է, որ հարևանության քաղաքականության շրջանակում, ԻԻՀ համար առանձնահատուկ նշանակություն ունի Կովկասյան երկրների, այդ թվում բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունը և Թեհրանը ցանկանում է Երևանի հետ համատեղ սահմանն օգտագործելով, փոխադարձ շահերի հիմամբ, ընդլայնել բազմակողմ հարաբերությունները:
Վերլուծաբանները համոզված են, որ մի կողմից ղարաբաղյան տարածաշրջանում չդադարող լարվածությունը, մյուս կողմից արտատարածաշրջանային միջամտություններն աշխարհագրական այս տարածքում բարդ հավասարումների հիմք են դրել, որոնց արանքում Իրանի Իսլամական Հանրապետությունը Կովկասում սահմանի ցանկացած փոփոխությունը համարում է կարմիր գիծ և շեշտում դիվանագիտական լուծումների անհրաժեշտությունը։ Լուծումներ, որոնք հիմնված են ուժի և դիվանագիտության ռազմավարությունների վրա:

Անկասկած, ուժն ու դիվանագիտությունն ԻԻՀ իրար փոխլրացնող ռազմավարություններն են Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցերում: Առաջին ռազմավարությունը ցուցադրվեց Արաքսի շրջանում կայացած զորավարժությունում, իսկ երկրորդն ԱԳ նախարարի Հայաստան կատարած դիվանագիտական այցի և Սյունիքում Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ։
Քաղաքականություն, որին Այաթոլլահ Ռայիսին անդրադարձել է նաև SICA-ի նիստի շրջանակում և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ և ասել. «Տարածաշրջանի պատմական և աշխարհաքաղաքական սահմանների և Իրանի ու Հայաստանի տարանցիկ կարգավիճակի ցանկացած փոփոխություն անընդունելի է»
Ռայիսին նաև ընդգծել է, որ Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայությանը՝ ցանկացած պատրվակով։
Փորձագետները կարծում են, որ Հայաստանի վարչապետի այցը Թեհրան ընթանում է այն նույն ճանապարհով, ինչ խոստացել էր Իրանի արտաքին գործերի նախարարը վերջերս Երևան կատարած այցի ժամանակ՝ երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ուղու գծագրման շրջանակում: Հայաստանի վարչապետի Թեհրան կատարած այցի առանցքներից են տնտեսական նպատակների քննարկումը և նրան ուղեկցում են համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ: Անդրադառնալով առևտրի, էներգետիկայի, գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ոլորտներում կարողությունների առկայությանը, Իրանի արտգործնախարարը հայտարարել է.«Առաջին փուլում այդ գումարը պետք է հասցվի մեկ միլիարդ դոլարի և ջանքեր գործադրվեն հաջորդ քայլով այն երեք միլիարդ դոլարի ահսցնելու ուղղությամբ»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ամփոփելով վերոնշյալ գործոնները, վերլուծաբաններն ընդգծում են, որ երկու բարեկամ երկրներ Իրանի ու Հայաստանի պատմամշակութային նախապատմությունը դրսևորվել է այսօր Թեհրանի և Երևանի քաղաքական ու տնտեսական ռազմավարությունների ամրապնդմամբ, և դրա քաղցր արդյունքը կարելի է քաղել ապագայում: