Մամուլի տեսություն 21-11-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187320-Մամուլի_տեսություն_21_11_2022
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականն Ադրբեջանի Հանրապետության և Իրանի հարաբերությունների մասին գրառման մեջ ընդգծել է. «Իրանը երբեք հավակնություն չի ոնցել իր հարևան երկրների նկատմամբ, այլ փորձել է լավ հարաբերություններ ստեղխել նրանց հետ»։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 21, 2022 13:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-11-2022

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականն Ադրբեջանի Հանրապետության և Իրանի հարաբերությունների մասին գրառման մեջ ընդգծել է. «Իրանը երբեք հավակնություն չի ոնցել իր հարևան երկրների նկատմամբ, այլ փորձել է լավ հարաբերություններ ստեղխել նրանց հետ»։

Վելայաթիի ուղերձը Բաքվի ժողովրդին

Վերջերս կիբերտարածությունում լուրեր են տարածվում, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի Հանրապետության վրա և փորձում է գրավել այս երկրի տարածքը։

Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին արձագանքել է այս խոսակցություններին և Ադրբեջանի և Իրանի միջև ԶԼՄ-ների և քաղաքական մակարդակում վերջերս ստեղծված լարվածությանը: Վելայաթին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը, անկախ ազգային պատկանելությունից իրեն իրանցի է համարում, իսկ Իրանը երբեք հավակնություն չի ունեցել հարևան երկրների նկատմամբ, այլ միշտ մտածել է լավ հարաբերություններ ունենալ և օգնել հարևան երկրներին։

Համշահռի օրաթերթ

Իրանի հաջողությունը հացահատիկի արտադրության մեջ

Երաշտը չի խանգարել Իրանի գյուղատնտեսության բարգավաճմանը, և ընթացիկ  տարում հացահատիկի, անասնաբուծական արտադրանքի և պարենի արտադրությունը աճել է։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) իրանական գյուղատնտեսական արտադրանքի վերջին գնահատականը հրապարակվել է աշխարհի պարենային հեռանկարների վերջին զեկույցում։

Համշահռի օրաթերթը գրել է, որ Իրանն անցյալ տարի 10,4 մլն տոննա ցորեն է արտադրել: Բայց այս տարի, չնայած շարունակվող երաշտին և, իհարկե, ցորենի գնման գնի հարաբերական աճին, Իրանում այս ռազմավարական արտադրանքի արտադրությունն աճել է 25 տոկոսով և FAO-ի գնահատականներով կհասնի 13 մլն տոննայի։ Բրնձի դեպքում դրա արտադրությունն աճել է 15 տոկսով։

Էթելաաթ օրաթերթ

Իսրայելի մուսուլման և քննադատող ներկայացուցչին վտարել են ԱՄՆ Կոնգրեսից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ապագա խոսնակը թշնամական խոստումով ասել է, որ Մինեսոտա նահանգի դեմոկրատ ներկայացուցիչ և Սիոնիստական ​​ռեժիմի քննադատ Իլհան Օմարը պետք է հեռացվի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից։ 

Քեյվին Մաքքարթին, ով, ամենայն հավանականությամբ, կդառնա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր նախագահը, այս թշնամական որոշման պատճաջը  հայտարարել է Իլհան Օմարի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի դեմ ուղղված քննադատությունը։

Քեյհան օրաթերթ

«Ծանր ձմեռը» անցնելու համար ուկրաինացի պաշտոնյաների լուծումը. Մարդիկ հեռանում են երկրից

Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամի սրման հետ մեկտեղ Ուկրաինայի խոշորագույն էներգետիկ ընկերությունները խնդրել են այս երկրի քաղաքացիներին նախքան ձմեռը լքել երկիրը Ուկրաինայում էներգիայի սպառումը նվազեցնելու համար։

Ուկրաինայի պատերազմի ամենակարևոր ազդեցությունը էներգետիկ ճգնաժամն է աշխարհում և հատկապես Եվրոպայում։ Արևմուտքի կողմից ռուսական նավթի և գազի համատարած էմբարգոյից հետո էներգիայի պակասը հանգեցրեց էլեկտրաէներգիայի և գազի գների բարձրացմանը Եվրոպայում։ Փորձագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին այս վիչակը ավելի կվատանա։ Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամը և էլեկտրաէներգիայի ճգնաժամը շատ ավելի տարածված են։

Զելենսկին ասել է, որ հարձակումների արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի 40 տոկոսը։ Կառավարության պաշտոնյաները նույնիսկ խոսել են մայրաքաղաքը տարհանելու մասին։

 

araratnews.am

Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևան կատարելիք այցի ընթացքում, որտեղ նոյեմբերի 23-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, այն (հանդիպումը), իհարկե, ծրագրված է»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին, թե նոյեմբերի 23-ին նախատեսվում է արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպում Երևանում։

Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Պուտինը մասնակցելու է Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

armenpress.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերվում. Կոսաչև

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է դիվանագետ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարող են արդյոք ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը, որպես կառույցի ամենահզոր անդամ, Հայաստանին ավելի եռանդուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում, առաջին հերթին՝ ռազմական, թե՞ «Ռուսաստանը հիմա Հայաստանի ժամանակը չունի»:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձևով աջակցում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են և այս, և մյուս կողմից։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այդ ճանապարհով»,- ասել է Կոսաչևը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միայն մեկ կողմի աջակցության դիրք զբաղեցնելը կնշանակեր այն ավելի խորացնել:

«Պետք է խաղաղ կարգավորման դիրքորոշում որդեգրել և աջակցել, որպեսզի այդ կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է Կոսաչևը:

 

araratnews.am

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր է առևտրային պատերազմ գնաճի նվազեցման օրենքի պատճառով

Բեռլինը  պատրաստվում է պատասխանել Վաշինգտոնին՝ հունվարի 1-ից գնաճի նվազեցման ամերիկյան օրենքի ուժի մեջ մտնելուն, որը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) առևտրային պատերազմին․ այս մասին գրում է Politico թերթը։

Հրատարակության տվյալներով՝ հունվարի 1-ից ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի 369 միլիարդ դոլարի չափով սուբսիդիաներ և հարկային արտոնություններ տրամադրելու մասին փաստաթուղթը՝ ԱՄՆ-ում «կանաչ» բիզնեսին աջակցելու համար։ Գերմանացիները մտավախություն ունեն, որ այս դեպքում կմեծանա ամերիկյան արտադրողների էլեկտրական մեքենաների վաճառքը։

Եվրոպացիների համար խնդիրն այն է, որ Վաշինգտոնի սխեման կխրախուսի ընկերություններին ներդրումներ կատարել Եվրոպայից և հաճախորդներին՝ «գնել ամերիկյանը», երբ խոսքը վերաբերում է էլեկտրական մեքենայի ձեռքբերմանը․ սա վրդովեցնում է ԵՄ խոշոր ավտոարտադրող երկրներին, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան:

Որոշ առաջատար գերմանական ընկերություններ ստիպված են կրճատել արտադրությունը էներգիայի գների աճի պատճառով։ Այս ֆոնին Բեռլինը (որպես ԵՄ տնտեսական լոկոմոտիվ) ցանկանում է, որ Վաշինգտոնը եվրոպական ընկերություններին հնարավորություն տա օգտվել ամերիկյան առավելություններից։ Սակայն, ինչպես նշել է Politico-ն, նման զարգացումը քիչ հավանական է թվում։

Օգոստոսի կեսերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել գնաճի նվազեցման մասին։ Այն ներառում էր էլեկտրական մեքենաների գնման խթանների ներդրումը, ինչը կօգնի սպառողներին տարեկան խնայել մինչև 950 դոլար:

Սեպտեմբերի առաջին կեսին բրիտանական The Guardian թերթը գրել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացումը սպառնում է Գերմանիայում էլեկտրական մեքենաների ապագային։

armenpress.am

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի գալիք ազգային տոնի կապակցությամբ` բարգավաճում և խաղաղություն մաղթելով Լիբանանի եղբայրական ժողովրդին:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը:

news.am

ԵՄ-ը կողմ է Ռուսաստանի շրջանցմամբ նոր տրանսպորտային միջանցքների ստեղծմանը. Բորել

Եվրամիությունը մտադիր է ընդլայնել տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, այդ թվում ի հաշիվ նոր տրանսպորտային միջանցքների կառուցման՝ Ռուսաստանի շրջանցմամբ։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգութան քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակում են կարեւոր դեր խաղալ Կենտրոնական Ասիայում։ Միեւնույն ժամանակ, այդ տարածաշրջանի երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել առեւտրային եւ արտաքին քաղաքական հարաբերությունները՝ ԵՄ-ը դիտարկելով որպես առավել հարմար գործընկեր։ ԵՄ-ն իր հերթին, շահագրգռված է, որպեսզի «օգտվի այդ փոփոխություններից»։

«Մենք պետք է խորացնենք կապերը տարածաշրջանի հետ, գործի դնենք նրա վիթխարի պոտենցիալը, որը ներկայացված է էներգետիկ մատակարարումներով, կրիտիկականորեն կարեւոր հումքի մատակարարումներով եւ նոր տրանսպորտային միջանցնքերով, որոնք կախված չեն Ռուսաստանից»,- գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարն իր բլոգում։ Մասնավորապես, խոսքը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մասին է, որի զարգացման հարցը քննարկվել է Բորելի՝ վերջերս Ղազախստան կատարած այցի ընթացքում։

Նա նշել է, որ ԵՄ-ն արդեն Կենտրոնական Ասիայի գլխավոր առեւտրային եւ ներդրումային գործընկերներից մեկն է։ «Վերջին տասը տարում ԵՄ-ը տարածաշրջանում ներդրել է ավելի քան 100 մլրդ եվրո, ինչը մեզ դարձնում է ուղիղ օտարերկրյա ներդրումների ամենամեծ աղբյուր, որը շատ անգամ առաջ է անցնում Ռուսաստանից եւ Չինաստանից»,- ավելացրել է նա։