Մամուլի տեսություն 18․12․2022
ԱՄՆ-ն, որը պնդում է, թե Իրանում չեն հարգվում մարդու իրավունքները և կանանց իրավունքները, այն երկիրն է, որտեղ յուրաքանչյուր 98 վայրկյանում մեկ կին է բռնաբարվում։
Քեյհան
Այստեղ՝ Ամերիկան է, յուրաքանչյուր 98 վայրկյանում մեկ կին է բռնաբարվում
«Մարդու իրավունքների» և «կանանց իրավունքների» պաշտպանի դերում հանդես եկող ԱՄՆ-ն այս օրերին լայնածավալ ջանքեր գործադրեց Իրանին հեռացնելու «Միավորված ազգերի կազմակերպության կանանց կարգավիճակի հանձնաժողովից»՝ պնդելով, որ Իսլամական Հանրապետությունում կանանց իրավունքները չեն հարգվում։ Միացյալ Նահանգների այս քայլը մեզ ստիպեց քննարկելու «կանանց իրավիճակն ԱՄՆ-ում» վկայակոչելով երկրի սեփական աղբյուրներն ու լրատվամիջոցները, և մենք հասանք հետաքրքիր արդյունքների։
Այն կոչվում է «ազատության երկիր», իսկ ճշմարտությունն այլ բան է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս երկրում արմատացել են ռասայական փոքրամասնությունների նկատմամբ անհավասարությունն ու ճնշումը, ինչպես նաև կանանց իրավունքների անտեսումը։ ԱՄՆ-ում համակարգված ռասիզմի դեմ շատ է գրվել, մենք բազմիցս ներկայացրել ենք սևամորթների նկատմամբ այդ երկրի ոստիկանության դաժան պահվածքի օրինակներ։
Ավելի քան երկու տարի է անցել ամերիկյան ոստիկանության կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից։ Թերևս սևամորթների մտքից երբեք չի հեռանա այն տեսարանը, որտեղ, մարդասպան ոստիկան՝ Դերեկ Շովինը նայում էր տեսախցիկին և միաժամանակ ծունկը սեղմում Ֆլոյդի պարանոցին։
Վաթան Էմրուզ
Զայրույթի ձմեռ Գերմանիայում
2008 և 2014 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո Եվրոպան թեւակոխել է տնտեսական ճգնաժամի երրորդ փուլ։ Կանաչ մայրցամաքում էներգիայի դեֆիցիտ կա և աննախադեպ բարձրացել են վառելիքի գները։ Այս համատեքստում ամեն օր Եվրոպայի մեծ քաղաքներից մեկում զանգվածային ցույցեր են տեղի ունենում իշխանությունների դեմ։
Գերմանիայի ժողովուրդը, ինչպես միշտ վերջին մի քանի տարիների ընթացքում, հատկապես նախորդ ամիսներին, կրկին դուրս եկավ փողոց՝ բողոքելու իր պետական այրերի «միլիտարիստական քաղաքականության» դեմ, ինչը հանգեցրեց հատկապես վառելիքի և էներգետիկայի գների կտրուկ աճի։ Ցուցարարները պահանջում են, որ Շուլցի կառավարությունը լուրջ ուշադրություն դարձնի բարձր գներին և հետամուտ լինի այս խնդրին։ Այս բողոքի ակցիաները դարձել են նաև ՆԱՏՕ-ի դեմ հակադրվելու ասպարեզ։
Էթելաաթ
Հորդանանի թագավորը ցուցարարներին դաժանորեն ճնշելու հրաման է արձակել
Հորդանանում վերջին հակակառավարական ցույցերի ժամանակ զինված մարդկանց կողմից սպանված սպայի հուղարկավորության ժամանակ, երկրի թագավոր Աբդոլլահ Երկրորդն հրամայել է խստորեն ճնշել ցուցարարներին և սպառնացել է,որ կոշտ քայլեր կձեռնարկի նրանց դեմ։
Արձագանքելով երկրի հարավում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկի սպանությանը, Հորդանանի թագավորը ցուցարարներին խստորեն ճնշելու հրաման է արձակել և ասել.-«Խիստ քայլեր ենք ձեռնարկելու նրանց դեմ,ովքեր կփորձեն զենք կիրառել կառավարության պաշտոնյաների դեմ և հարձակվել անվտանգության ուժերի վրա և վնասել հանրային գույքը»։
Աբդոլլահ Երկրորդը հավելել է.«Մենք չենք ընդունում վիրավորանքներն ու հարձակումները մեր անվտանգության ուժերի նկատմամբ, որոնք ապահովում են հայրենիքի ու քաղաքացիների անվտանգությունը»։
Ջավան
Դեմոկրատները շրջանցում են Բայդենին․ ԱՄՆ-ում տնտեսությունը անկում է ապրում
Երկամյա նախագահության ընթացքում Բայդենի գործունեության արդյունքը ստիպել է դեմոկրատների գրեթե երկու երրորդին մտածել 2024 թվականի նախագահական ընտրություններին մեկ այլ թեկնածու ներկայացնելու մասին։
Ամերիկացիների մեծ մասի կարծիքով՝ հիմնական ապրանքների թանկացումը կշարունակվի նաև հաջորդ տարի, և այժմ Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաները մտավախություն ունեն, որ տնտեսական վիճակը կսասանի իրենց կուսակցության դիրքերը 2024 թվականի նախագահական ընտրություններում։
Տնտեսական վերլուծաբանները զգուշացրել են դրամավարկային և ֆինանսական ոլորտում կրիտիկական իրավիճակի ձևավորման կապակցությամբ և ընդգծել, որ ամերիկացի պաշտոնյաների կողմից սխալ քաղաքականության կրկնությունն էլ ավելի կվատթարացնի իրավիճակը։
․․․․
Lragir.am
Ադրբեջանին այս տարածքները պետք են առանց հայ բնակչության, նա իր ծրագրերից չի հրաժարվելու՝ անկախ այն բանից, թե ինչ պայմաններ իրեն կառաջարկվեն. Արցախի թեմի առաջնորդ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև ․
«Ադրբեջանը պետական մակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է կատարում: Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանը եւ իր կողքին կանգած Թուրքիան երբեք չեն հրաժարվել այն մտադրությունից, որ այս տարածքներն իրենց պետք են առանց հայկական բնակչության: Կարծես թե տարիներն անցնում են, եւ մենք մոռացության ենք տալիս այս փաստը: Կարծես թե պատմությունն ուսումնասիրում ենք, բայց մոռացության ենք տալիս մեր ընթերցածը: Կարծես լսում ենք ցեղասպանությունը վերապրած մարդկանց, բայց չենք լսում: Մենք պետք է հասկանանք ինչու ենք այդպես, ինչու եք այդքան շուտ մոռանում այն, ինչ արձանագրվել է մեր սրտի, հոգու եւ արյան գնով:
Ադրբեջանցին իր ծրագրերից չի հրաժարվելու՝ անկախ այն բանից, թե ինչ պայմաններ իրեն կառաջարկվեն, իրենց գաղափարախոսությունը չեն փոխելու, որովհետեւ դա իրենց ազգայինն է: Խնդիրը մեր մեջ է, թե ինչքանով ենք մենք կարողանում մեր իսկ հարազատ, բայց մեր անձը կործանող «ես»-ից, մեր միտքը կործանող անտարբերությունից հրաժարվել: 2000 տարի առաջ Քրիստոսն այս խոսքերով է դիմել մարդկանց եւ ազգերին, որ ես եմ ճանապարհը ճշտմարտության եւ կյանքը: Ովքեր ցանկանում են գալ այդ ճանապարհով, պետք է ուրանան իրենց ամեն ինչը, «ես»-ը եւ խաչը վերցնեն իրենց հետեւից:
Մենք դա էլ չենք անում, ոչ Քրիստոսին ենք հետեւում, ոչ էլ մեր պատմությանը, ուստի դառնում ենք խոցելի, իսկ ով խոցելի է, թույլ է եւ տկար: Այս ամենը վերականգնելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը լինի մեր պատմության վրա: Սա կնշանակի, որ մեր հոգին եւ միտքը ներդաշնակ են: Մենք միայն այս ճանապարհով կկարողանանք հետեւել լույսին, նայելով դեպի երկինք, թեպետ մեր ճանապարհները փակ են, բայց դեպի վերեւ ճանապարհը բաց է: Սա մեզ պետք է համախմբի միավորի, դարձնի մեկս մյոսին սիրող, ներողամիտ, ներդաշնակ մեր արարքներում: Իրապես ծանր վիճակում ենք, բայց եթե առաջնորդվենք նշածս գործոններով, իրապես կհաղթանակենք»։
Armenpress.am
Իսպանիայի հայ համայնքը խնդրագրով դիմել է այդ երկրի խորհրդարանին՝ կոչ անելով Արցախի անվտանգությունն ապահովելու քայլեր ձեռնարկել
Իսպանիայի հայ համայնքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված խնդրագրով դիմել է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի անմարդկային գործողությունները և շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Խնդրագրով հայ համայնքի ներկայացուցիչները Իսպանիայի խորհրդարանին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել, որպեսզի Ադրբեջանն անհապաղ վերաբացի Լաչինի միջանցքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խնդրագրում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունն անմարդկային և վայրագ գործողություններ է իրականացնում Արցախի բնակչության դեմ՝ այդպիսով ցեղասպանության վտանգի տակ դնելով ավելի քան 120 հազար մարդու։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան բնապահպանական կեղծ պատրվակով Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ մայրուղին, որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ՝ այդպիսով կաթվածահար անելով մարդկանց կյանքը, ինչը կարող է հումանիտար և տնտեսական աղետի պատճառ դառնալը»,- ասված է խնդրագրում։
Tert.am
Հռոմի պապն Ուկրաինայի հակամարտությունն անվանել է «համաշխարհային պատերազմ» և նշել, որ այն առաջիկայում չի ավարտվի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «համաշխարհային պատերազմ» է և առաջիկայում չի ավարտվի։ Այս տեսակետը նա հայտնել է իսպանական ABC թերթին տված հարցազրույցում։
«Այժմ Վլադիմիր Զելենսկին երրորդ անգամ է ինձ մոտ ուղարկում իր կրոնական խորհրդականներից մեկին։ Կապի մեջ եմ, ընդունում եմ, օգնում եմ»,–ասել է Հռոմի պապը։
«Ես չեմ տեսնում հակամարտության ավարտը կարճաժամկետ հեռանկարում, քանի որ դա համաշխարհային պատերազմ է»,- ասել է նա։
«Պատերազմի մեջ արդեն մի քանի ձեռքեր կան, մեծ հետաքրքրություն ունեն»,–ասել է Պապը։
News.am
Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը
Հյուսիսային Կորեան կիրակի օրը երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզու արեւելյան ափերի մոտ, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Տոշիրո Ինոն ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց (ԵՏԳ):
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռները թռչել են 550 կիլոմետր բարձրության վրա, իսկ հեռահարությունը եղել է 250 կիլոմետր։
Ենոն նշել է նաեւ, որ մինչ այժմ հրթիռների կեղմից հասցված վնասների մասին տեղեկություններ չկան։
Հյուսիսային Կորեայից հրթիռի արձակումը տեղի է ունեցել բարձր հզորությամբ պինդ վառելիքի շարժիչի փորձարկումից ընդամենը մի քանի օր անց, որը, փորձագետների կարծիքով, թույլ կտա ավելի արագ եւ շարժական բալիստիկ հրթիռներ արձակել, քանի որ երկիրը ձգտում է մշակել նոր ռազմավարական զենք՝ արագացնելով իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը:
Փորձարկումը, որը ղեկավարել է առաջնորդ Կիմ Չեն Ընը, իրականացվել է հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեայի Sohae արբանյակային փորձարկման վայրում, որն օգտագործվել է հրթիռային տեխնոլոգիաների, այդ թվում հրթիռային շարժիչների եւ տիեզերական արձակման մեքենաների փորձարկման համար, ուրբաթ օրը ասել է KCNA լրատվական գործակալությունը:
Հյուսիսային Կորեան այս տարի իրականացրել է աննախադեպ թվով հրթիռային փորձարկումներ, այդ թվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM), որը կարող է հասնել Ամերիկա մայրցամաքի տարածք:
Մասնավորապես, նոյեմբերին Հյուսիսային Կորեան փորձարկել է ICBM-ը, որը ճապոնացի պաշտոնյաների խոսքերով, բավականաչափ հեռահարություն ունի ամերիկյան մայրցամաք հասնելու համար եւ վայրէջք է կատարել Ճապոնիայից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա: