Մամուլի տեսություն 25․12․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i189950-Մամուլի_տեսություն_25_12_2023
Ռուսաստանն ու Իրանը ստեղծելու են նոր միջմայրցամաքային առևտրային  ուղի, որը թույլ կտա ստեղծել մատակարարման ցանցեր, որոնք  կկարողանան դիմակայել պատժամիջոցներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2022 14:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25․12․2023

Ռուսաստանն ու Իրանը ստեղծելու են նոր միջմայրցամաքային առևտրային  ուղի, որը թույլ կտա ստեղծել մատակարարման ցանցեր, որոնք  կկարողանան դիմակայել պատժամիջոցներին։

Վաթան Էմրուզ

Միջանցք ընդդեմ պատժամիջոցների

Առկա փաստերը ցույց են տալիս, որ Հյուսիս-Հարավ միջանցքում առևտուրը սկսվել է Իրանիև Ռուսաստանի կողմից, սակայն այս միջմայրցամաքային միջանցքի զարգացման համար անհրաժեշտ են ավելի շատ ներդրումներ և երկաթուղային ու ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծում։

Ռուսաստանը և Իրանը պատրաստվում են մինչև 25 միլիարդ դոլար ներդրումներ կատարել Եվրոպայի արևելքից մինչև Հնդկական օվկիանոս 3000 կմ երկարությամբ  միջմայրցամաքային առևտրային միջանցքի ստեղծման նոր նախագծում։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

2 երկրներ միլիարդավոր դոլարներ են ծախսում Կասպից ծովին միացված գետերի և երկաթուղիների երկայնքով բեռների առաքումն արագացնելու համար։ Նավերի հետագծման տվյալները, որոնք հավաքագրվել են Bloomberg-ի կողմից, ցույց են տալիս, որ տասնյակ ռուսական և իրանական նավեր, այդ թվում՝ պատժամիջոցների ենթարկված մի քանի նավեր, անցնում են այդ երթուղին:

 

 

Քեյհան

Եվրոպան այս տարի Սուրբ Ծնունդը դիմավորեց առանց էլեկտրականության ու գազի

 

Ռուսաստանի դեմ համատարած պատժամիջոցների հետևանքներից մեծապես տուժում են Եվրոպայում  պատժամիջոցներ  սահմանած երկրների բնակիչները։ Մինչ Եվրոպան կանգնած է գազի և էլեկտրաէներգիայի լուրջ ճգնաժամի առջև, Եվրոպայի շատ շրջաններ տուժում են հոսանքազրկման պատճառով, և մարդիկ Սուրբ Ծնունդը դիմավորել են նման պայմաններում:

Ռուսական գազից Արևմուտքի կախվածության պատճառով և ուկրանինական պատերազմի հետևանքով տնտեսական անբարենպաստ հետևանքներն ու էներգետիկ ճգնաժամն այնքան են տարածվել, որ եվրոպական երկրների տնտեսությունը բառիս բուն իմաստով «կաթվածահար» է եղել։ Հասկանալի է, որ այս տնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որի հիմնական պատճառը ուկրաինական պատերազմն է,  հանդիսանում  է սոցիալական և քաղաքական այլ ճգնաժամերի, այդ թվում՝ շարունակական գործադուլների պատճառը։ Ուկրաինական պատերազմի հետևանքով  էներգետիկ ճգնաժամն այն աստիճան է խորացել, որ լոնդոնցիներն օրական երկու ժամ անցկացնում են հոսանքազրկման մեջ։

 

Էթելաաթ

Պենտագոնը մեղադրվում է Սիրիայում ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի  թիվը թաքցնելու մեջ

 

ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամներ Պենտագոնին մեղադրել են Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը թաքցնելու մեջ։

 

ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամներ Էլիզաբեթ Ուորենը և Սառա Ջեյքոբսը հայտարարեցին, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) թաքցրել է Սիրիայում իր հարձակումների հետևանքով քաղաքացիական զոհերի թիվը և այն իրական թվից ավելի քիչ է հայտարարել։ Նրանք ասացին, որ պաշտպանության նախարարությունը չի կարողացել համապատասխան փոխհատուցում տրամադրել զոհերին և ողջ մնացածներին: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում Կոնգրեսի այս երկու անդամները նշել են.-« Սիրիայում ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի մասին  Պենտագոնի 2022 թվականի սեպտեմբերին հրապարակած զեկույցը չի համապատասխանում լրատվամիջոցների և անկախ աղբյուրների ներկայացրած զեկույցներին»։

 

 Ջավան

Իրանի առանցքայնությամբ Դիմադրության ճակատի  հրթիռային միատարր ցանցի ստեղծումը 

 

Դիմադրության ճակատում անօդաչու թռչող սարքերի միատարր ցանց ստեղծելուց հետո Իրանը ձգտում է ստեղծել միատարր հրթիռային ցանց,որը կյանքի կոչվելու դեպքում, աշխարհի ամենակարևոր տարածաշրջանը, այսինքն՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը, գտնվելու է այս երկու միատարր  ցանցերի հովանու ներքո։

 

 

Armenpress.am

Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիվ գործողություններն էթնիկ զտումների քաղաքականության մասն են. ԱԳՆ արձագանքը Ալիևին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ` կոչ անելով միջազգային գործընկերներին հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը:

«Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ:

Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին, արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը: 

Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են: 

Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»,-նշված է հայտարարության մեջ։

 

Aysor.am

Ռուս խաղաղապահները հավաստիացրել են՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեկտեմբերի 24-ին քայլերթով դեպի Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած հարյուրավոր  արցախցիները ներկայացրել են իրենց պահանջը՝ ապահովել Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը՝ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հավաստմամբ՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին:

«Ընդ որում՝ նրանք հասվաստիացրին, որ  ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց  հետո  ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնել է  Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության մասնակիցները հիմք են ընդունել  ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի խոսքը և հետամուտ կլինեն հետագա զարգացումներին։

News.am

Փրկենք 120 հազար արցախահայերին. ֆրանսիացի մտավորականները դիմել են աշխարհին

Ֆրանսիայում Սուրբ ծննդյան տոների նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ եւ արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման եւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության վրա։ Այս մասին հոդվածի հայերեն տարբերակը հրապարակել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

 

Yerevan. Today

Ադրբեջանն առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և  պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը:

 

 

Ankakh.com

Գերմանիան կարող է ոչ ֆունկցիոնալ, սնանկ պետության վերածվել Բունդեսթագի փոխխոսնակ  Կուբիկի

Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկին Bild am Sonntag պորտալին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան կարող է դառնալ անգործունակ սնանկ պետություն՝ էներգետիկ ճգնաժամը և այլ խնդիրներ լուծելու անկարողության պատճառով։ Գրում է Gazeta.ru-ն։

«Եթե մենք շարունակենք նույն ոգով, եթե ցանկանում ենք տարիներ շարունակ վճարել էներգետիկ աջակցությունը, ապա մեզ ոչ թե պետական ​​սոցիալիզմն է սպառնում, այլ պետական ​​սնանկությունը»,- ասել է նա։

Ենթակառուցվածքները, վարչակազմը, էներգիայի գները և Բունդեսվերի անկարողությունը՝ պաշտպանելու երկիրը, հանգեցրել են նրան, որ շատերը Գերմանիան համարում են  ոչ ֆունկցիոնալ պետություն, և պետք է միջոցներ ձեռնարկել, ասել է Կուբիցան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի տնտեսության «ստվերային» հատվածի ծավալն այս տարի կաճի 22,1 մլրդ եվրոյով և դեկտեմբերի վերջին կհասնի 360,31 մլրդ եվրոյի։