Մեկնաբանություն- Սի Ցզինպինը և նախագահության երրորդ շրջանը
Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսը երրորդ անգամ անընդմեջ միաձայն ընտրեց Սի Ցզինպինին երկրի նախագահ, և նա Չինաստանի նախագահը կլինի ևս հինգ տարի ժամկետով։
Սա Չինաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեկ մարդ կարող է մի քանի անգամ և նույնիսկ ցմահ դառնալ Չինաստանի նախագահ, քանի որ նախկինում յուրաքանչյուր մարդ կարող էր լինել Չինաստանի նախագահ միայն երկու անգամ: Բայց 2018 թվականին Չինաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով այս սահմանափակումը հանվեց։
Չինաստանի նախագահ դառնալու համար Սի Ցզինպինը անցավ կուսակցական և քաղաքական հիերարխիայի միջով՝ Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահից մինչև Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, և վերջապես 2013 թվականին վերջնականապես ընտրվեց Չինաստանի նախագահի պաշտոնում։ Սի Ցզինպինը ստացել է Ազգային Ժողովրդական Կոնգրեսի ներկայացուցիչների 2952 դրական ձայն, և երրորդ անգամ ընտրվել է Չինաստանի նախագահ, ինչը վկայում է նրա նկատմամբ հաստատակամ աջակցության մասին:
Միջազգային հարցերով փորձագետ Իսմայիլ Բաղերին ասում է. «Չինաստանի Հանրապետության նախագահն ունի Կոնգրեսի ամուր աջակցությունը, քանի որ նա բոլոր քաղաքական և կուսակցական պաշտոններում ցույց է տվել, որ օգտակար մարդ է և ունի Չինաստանը ղեկավարելու անհրաժեշտ կարողությունը փոթորիկների ու հորձանուտների միջով, որոնք Չինաստանի մրցակիցները, հատկապես Միացյալ Նահանգները, ստեղծում են Պեկինի համար:
Գնահատելով Սի Ցզինպինի նախագահության շարունակման ուղղությամբ Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի ուժեղ աջակցության պատճառները՝ քաղաքական դիտորդները մատնանշել են այնպիսի բաներ, ինչպիսիք են ազգային շահերի պահպանմանն ուղղված քրտնաջան աշխատանքը, Չինաստանի դիրքորոշման պահպանման և բարելավմանն ուղղված կայուն քայլերը, ներքին կոռուպցիայի դեմ լուրջ պայքարը և Չինաստանի ռազմական ու տնտեսական հզորության աճի կատևորումը Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի դեմ, Չինաստանի հաջորդական հաջողությունները Միացյալ Նահանգների համակողմանի ճնշումների դեմ և ներքին ճգնաժամերի հաղթահարումը, հատկապես՝ Covid-19-ի համավարակի օրերին:
Շանհայում Չինաստանի Տնտեսական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Լի Կանն այս մասին ասում է. «Սի Ցզինպինը իր նախագահության շրջանի մեկ տասնամյակի ընթացքում բազմաթիվ հաջողությունների է հասել տնտեսական, քաղաքական, ռազմական և նույնիսկ սոցիալական ոլորտներում: Ներքին հարթություններում՝ հասարակության ցածր և միջին խավի դիրքերի ամրապնդումը, տնտեսական աճի շարունակականությունը՝ չնայած Covid-19-ի համատարած ճգնաժամին, իսկ տարածաշրջանային ասպարեզում՝ հարաբերությունների ամրապնդումը, այդ թվում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ՝ չնայած Միացյալ Նահանգների կործանարար ջանքերին և վերջապես Չինաստանին զսպելու Վաշինգտոնի քաղաքականությունները չեզոքացնելը ուշագրավ է և մտածելու տեղիք է տալիս»:
Ինչևէ, Սի Ցզինպինի կենսագրությունը ցույց է տալիս, որ նա նաև ունի քաղաքական հզոր անցյալ: նա ծնվել է 1953 թվականին Պեկինում՝ չինացի ականավոր հեղափոխական և քաղաքական առաջնորդի ընտանիքում։ 1974 թվականին միացել է Չինաստանի կոմունիստական երիտասարդական լիգային և ավելի ուշ զբաղեցրել է մի քանի կուսակցական պաշտոններ շրջանային մասշտաբով: 1999-2002 թվականներին եղել է Արևելյան Ֆուցզյան նահանգի նահանգապետը, 2007 թվականին դարձել է Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի մմշտական կոմիտեի (PC) անդամ, իսկ 2008 թվականի մարտին ընտրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ։ 2013 թվականի մարտին նա ընտրվել է Չինաստանի նախագահ և Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավար։