Մեկնաբանություն- Ընդգծվել է ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստի անցկացումը, որն արժանացավ արևմտյան երկրների խիստ քննադատությանը և խորացրեց տարաձայնությունները խորհրդի անդամների միջև, ևս մեկ անգամ բարձրացրեց ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության հարցը։
Լայն արձագանք են ստացել հատկապես Լավրովի՝ որպես ԱԽ նախագահի հայտարարությունները: Ռուսաստանի հակառակորդ երկրները հատկապես Ուկրաինայի վերաբերյալ Լավրովի հայտարարությունները որակել են որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում:
ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Ռուսաստանին մեղադրել է կեղծավորության մեջ։ Եվրամիությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն անարգել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո, ԱՄՆ-ն և Եվրամիությունը պահանջում էին Դաշնությանը հեռացնել ՄԱԿ ԱԽ կազմից: Մինչդեռ երբ 2003 թվականին ԱՄՆ-ն առանց ԱԽ թույլտվության մտավ Իրաք, արևմտյան երկրները որևէ քայլ չարեցին խորհրդից ԱՄՆ-ին հեռացնելու ուղղությամբ:
Անվտանգության խորհրդում Ռուսաստանի և արևմտյան երկրների բացահայտ առճակատումը ևս մեկ անգամ առաջ քաշեց խորհրդի կառուցվածքը փոխելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով միջազգային համակարգում կառուցվածքային փոփոխությունները, նոր ուժերի ի հայտ գալը և խորհրդում հավասարակշռություն ստեղծելու անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ի, հատկապես կազմակերպության միջազգային անվտանգության հենասյան՝ ԱԽ բարեփոխման հարցը տարիներ շարունակ եղել է անդամ շատ երկրների հիմնական պահանջներից մեկը, որը մնացել է անպատասխան։ Անվտանգության խորհուրդը քննադատության է ենթարկվել շատերի կողմից։ Խորհրդի գործող կազմը, հատկապես մշտական անդամների ներկայությունը, ձեռնտու չեն աշխարհի երկրների մեծ մասին։ Ընդգծվում է հատկապես խորհրդի կանոնակարգի փոփոխության, վետոյի իրավունքի վերացման և մշտական անդամների թվի ավելացման անհրաժեշտությունը:
ԱԽ բարեփոխումների պահանջը չի սահմանափակվում միայն ոչ մշտական անդամ երկրներով: Ռուսաստանը, որը հանդիսանում է այդ խորհրդի մշտական անդամ, նույնպես հանդես է եկել նման պահանջով: Մոսկվայի պահանջը համահունչ է աշխարհում բազմակողմանիությանն աջակցելուն և միջազգային ասպարեզում Արևմուտքի հեգեմոնիային դիմակայելուն։
Մյուս կողմից, արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը Գերմանիայի և Ճապոնիայի մշտական անադամակցության կողմնակից են:
Զարգացած և զարգացող տնտեսական երկրները ներառող Մեծ Քսանյակի անդամները, այդ թվում՝ Ճապոնիան, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան և Գերմանիան, նույնպես պահանջում են փոխել ԱԽ կառուցվածքը։ Այդ երկրները կարծում են, որ միջազգային մակարդակում ուժային կառուցվածքի փոփոխությամբ և միջազգային տնտեսական և քաղաքական ասպարեզում որոշ երկրների կարևորության աճով, այդ փոփոխությունները պետք է իրականացվեն հատկապես Անվտանգության խորհրդում և խորհրդի մշտական անդամները պետք է փոխվեն:
Նաև, հաշվի առնելով ԱԽ մշտական անդամների, հատկապես ԱՄՆ-ի կողմից վետոյի իրավունքի գործիքային կիրառումը, այն երկրները, որ պահանջում են խորհրդում փոփոխություններ իրականացնել պահանջում են նաև փոխել վետոյի կիրառման իրավունքը: