Մամուլի տեսություն - 09.06.2023
Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավումից հետո Սպիտակ տան և Եվրամիության պաշտոնյաները զայրացած են Արևմտյան Ասիայում դիվանագիտական և անվտանգության նոր համակարգի ձևավորմամբ։
Ջամե Ջամ օրաթերթ
Անսահման զայրույթ մի գործարքից
Պեկինում Սաուդյան Արաբիայի և Իրանի պաշտոնյաների արդյունավետ և հաջող բանակցություններից հետո Սպիտակ տան և Եվրամիության պաշտոնյաները չեն կարողացել թաքցնել իրենց զայրույթն ու դժգոհությունը Արևմտյան Ասիայում դիվանագիտական և անվտանգության նոր համակարգի ձևավորման առնչությամբ։
Անկասկած, Արևմուտքի գլխավոր ռազմավարություններից է Արևմտյան Ասիայում խրոնիկական և լայնածավալ անապահովության ստեղծումը, այնպես, որ խաղաղությունն ու կայունությունը չկայանան, և տարածաշրջանում տիրող խառնաշփոթը հիմք դառնա նրանց անսահման միջամտության համար։ Նույն ձևաչափով և շրջանակում կարելի է վերլուծել նաև ամերիկացի պաշտոնյաների վերջին շարժումներն ընդդեմ տարածաշրջանային կայունության և նրանց զայրույթը Թեհրան-Ռիադ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Համշահրի օրաթերթ
Խերսոնն անցել է ջրի տակ - Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են Կախովկա ամբարտակի պայթյունի մեջ
Ուկրաինայի հարավում Կախովկա ամբարտակի ոչնչացումից հետո Խերսոնի նահանգապետն ասել է, որ «տարածքի մոտ 600 կիլոմետրը հեղեղվել է, և մոտ 2000 մարդ տարհանվել է վտանգավոր գոտուց և տեղավորվել ժամանակավոր օգնության կացարաններում»։
Այս ամբարտակը ջուր է մատակարարում Ուկրաինայի հարավի մեծ մասի համար, այդ թվում Ղրիմի թերակղզիին և Զապորոժիեի ատոմակայանին:
Խերսոնը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Կախովկայի ամբարտակի ոչնչացումից հետո Կիևը մեղադրական մատն ուղղեց դեպի Մոսկվա, սակայն Պուտինը այս միջադեպին իր առաջին արձագանքում այն անվանեց բարբարոսություն, որը կազմակերպել էր Կիևը Արևմուտքի ցուցումով։
Էթեմադ օրաթերթ
Իրանի առաջնորդության նախկին նախարար և նախկին դիվանագետ Ալի Ջանաթին ասել է. «Իրանը չպետք է թույլ տա Իսրայելին փոխարինել Ամերիկային տարածաշրջանի երկրներում»։
Ալի Ջանաթին հավելել է. «Մենք պետք է լավացնենք մեր հարաբերությունները այլ երկրների հետ, որպեսզի նրանք ավելի քիչ ընկնեն Իսրայելի գրկում»։
Իրան օրաթերթ
Ուրմիա լիճի վերակենդանացնելու մեծ քայլերը - Պատժամիջոցների գագաթնակետին գիտության և տեխնիկայի ոլորտում մեծ գործեր են արվել
Իրանի նախագահը Թավրիզի բնակիչներին ասել է. «Մենք խոստացել էինք վերականգնել Ուրմիա լիճը։ Տեղացի ինժեներները մեկ տարի աշխատել են երեք հերթափոխով, որպեսզի մենք համեմատաբար վստահ լինենք դրա վերականգնմանը, և որ Արևելյան Ադրբեջանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգների բնակիչները չտուժեն»։
Նա հավելեց. «Ուրմիա լիճը վերականգնելու ուղղությամբ մեծ քայլեր են արվել»:
Ռաիսին ասել է. «Գիտատեխնիկական կենտրոններում և գիտելիքահենք թեմաներում մեծ աշխատանքներ են կատարվել, ինչը շատերին է զարմացրել, և ասում են, թե ինչպես է հնարավոր, որ պատժամիջոցների ենթարկված երկիրը մեծ առաջընթաց գրանցի գիտության և տեխնիկայի ոլորտում»։
tert.am
Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան․ ՇՄՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։
Ասված է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության մեջ։
Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը։
tert.am
Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է, 81.9%-ը Փաշինյանի՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելը բացասական է համարում․ «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»
«Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն այս տարվա մայիսի 27-ից մինչև 31-ը հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում։
Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման, որի կազմում ներառում է Լեռնային Ղարաբաղը, հայտարարությունը հարցված քաղաքացիների 63.4%-ը բացասական է գնահատում, ավելի շուտ բացասական է համարել հարցվածների 18.5%-ը։
Այսինքն, հարցվածների 81.9%-ը Փաշինյանի այդ քաղաքականությունը բացասական է գնահատում։
Հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն, հարցման մասնակիցների 77.7%-ն այս հարցին պատասխանել է՝ ընդհանրապես հնարավոր չէ, ավելի շուտ հնարավոր չէ՝ 8.7%-ը, այսինքն՝ հարցվածների 86.4%-ը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է։
tert.am
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել Ֆրանցիսկոս Պապին
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին վիրահատության առիթով։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տերը քառառողջություն պարգևի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ շնորհելով Հովվապետական երկար տարիների ծառայություն։
news.am
Պուտինը Սոչիում հանդիպում կունենա Փաշինյանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ նախագահի աշխատանքային օրն այսօր անցնում է Սոչիում։ «Պուտինը առանձին աշխատանքային հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
news.am
ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան հետեւողականորեն աջակցում է Հայաստանին եւ Ադրբեջանին Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում: Նա նաեւ բնական եւ տրամաբանական գործընթաց է համարել այն, որ կողմերն ուղղակիորեն քննարկում են խաղաղության պայմանագրի տեքստը:
«Ռուսական կողմը կշարունակի իր ջանքերը՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջական համալիրի լուծմանն աջակցելու վերաբերյալ եռակողմ հայտարարություններին լիովին համապատասխան»,-ասել է Գալուզինը։
Նա տրամաբանական գործընթաց է անվանել այն, որ Բաքուն եւ Երեւանը քննարկում են խաղաղության պայմանագրի տեքստը՝ միաժամանակ նշելով, որ հայ-ադրբեջանական կարգավորման այլընտրանքային ճանապարհային քարտեզ են մնում եռակողմ պայմանավորվածությունները:
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան դեմ չէ, որ այլ երկրներ աջակցեն Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ թե խոսքով, այլ գործով եւ հիմնարար պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից:
news.am
Պուտինը հայտարարել է հուլիսի 7-8-ից հետո Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին
Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ը կավարտվի դրանց համար կառույցների պատրաստումը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամենազգայուն հարցերի հետ կապված, որոնց շուրջ պայմանավորվել ենք, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի․ հուլիսի 7-8-ը ավարտվում է համապատասխան սպառազինության պատրաստումը։ Եվ մենք անմիջապես կսկսենք միջոցառումներ՝ կապված ձեր տարածքում համապատասխան տեսակի զենքեր տեղակայելու հետ։ Ամեն ինչ ըստ ծրագրվածի է ընթանում, ամեն ինչ կայուն է»,- ասել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը հավելել է, որ այսօր Լուկաշենկոյի հետ «դեմ առ դեմ» կխոսի անվտանգության հարցերի շուրջ։ «Ընդհանուր առմամբ վիճակը կայուն է, նույնիսկ կասեի լավ։ Մենք վստահ համագործակցում ենք այս ոլորտում»,- ասել է նա։
Ավարտելով հանդիպման բաց մասը՝ ՌԴ նախագահը դիմել է իր գործընկերոջը. «Միշտ խոսելու բան կա։ Հենց դա էլ մենք այսօր կանենք»: