Մեկնաբանություն- Ահաբեկչական գործողությունները՝ թշնամիների ձախողված միջոցը ԻԻՀ դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204526-Մեկնաբանություն_Ահաբեկչական_գործողությունները_թշնամիների_ձախողված_միջոցը_ԻԻՀ_դեմ
Շիրազի Շահչերաղի սրբավայրի վրա անցյալ տարվա ահաբեկչությունից մոտ 10 ամիս անց ահաբեկիչները երեկ կիրակի հարձակվեցին այս սրբավայրի վրա, որի հետևանքով նահատակվեց սպասավորներից մեկը, ևս ութը վիրավորվեցին։
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Օգոստոս 14, 2023 13:02 Asia/Tehran

Շիրազի Շահչերաղի սրբավայրի վրա անցյալ տարվա ահաբեկչությունից մոտ 10 ամիս անց ահաբեկիչները երեկ կիրակի հարձակվեցին այս սրբավայրի վրա, որի հետևանքով նահատակվեց սպասավորներից մեկը, ևս ութը վիրավորվեցին։

Անցյալ տարի ևս Շահչերաղի սրբավայրը հարձակման էր ենթարկվել ԻԼԻՊ-ի կողմից, որի հետևանքով նահատակվել էր 13, վիրավորվել ավելի քան 20 մարդ։ Այս ահաբեկչության հեղինակները մահապատժի են ենթարկվել անցյալ ամիս։

Երեկ Շահչերաղում տեղի ունեցած ահաբեկչությունը կարելի է համարել հասարակության անվտանգությունը թիրախավորելու, ինչպես նաև Իսլամական Հանրապետության համակարգը թուլացնելու թշնամիների նոր փորձը: Փորձ, որը վերջին տարիներին հիբրիդային պատերազմի շրջանակում Միացյալ Նահանգների, Սիոնիստական ​​ռեժիմի և որոշ արևմտյան և տարածաշրջանային աջակիցների կողմից իրականացվել է ԻԻՀ դեմ:

Դաժան ցնցումներ առաջացնելը, ինչպիսիք են ահաբեկչական գործողությունները և հասարակության անվտանգությունը և մարդկանց հոգեբանական անվտանգությունը խաթարելը,թշնամու նախագծերն են հիբրիդային պատերազմում խռովություն և բողոքներ հրահրելու համար:

Այն պայմաններում, երբ անցյալ տարվա անկարգությունները, որոնք սկսվել էին Իսլամական Հանրապետության թշնամիների հրահրմամբ ու պլանավորմամբ, մարեցին ժողովրդի զգոնության  և անվտանգության ու հետախուզական կառույցների գործողությունների շնորհիվ, և ձախողվեցին քաոս տարածելու և պառակտում սերմանելու բոլոր դավադրությունները, այսօր թշնամիները կրկին գրոհելով Շահչերաղի վրա, ցույց տվեցին, որ իրենց չարաբաստիկ նպատակներին հասնելու համար շարունակում են ահաբեկել և սպանել մարդկանց հատկապես հոգևոր վայրերում։

Ահաբեկիչների և նրանց աջակիցների նպատակներից է այնպես ձևացնել, իբր համակարգն անկարող է անվտանգություն ապահովել, քանի որ ահաբեկչական հարձակումների շարունակվելը և հասարակությունն անապահով դարձնելը կարող են խաթարել մարդկանց հոգեկան անդորրը և արդյունքում որոշ մարդկանց ստիպել հավատալ, որ համակարգը չունի անհրաժեշտ ուժ երկրում անվտանգություն հաստատելու համար:

Իրանի ներքին գործերի նախարար՝ Ահմեդ Վահիդին այդ մասին ասել է.«Սա ահաբեկչական հարձակում է մեր երդվյալ թշնամիների կողմից, և եթե մեր թշնամիները կարծում են, որ այս վախկոտ գործողություններով և մարդկանց վրա կրակ բացելով կարող են վտանգել մեր անվտանգությունն ու կայունությունը, չարաչար սխալվում են, քանի որ մեր ժողովուրդը կանգուն է»:

Մյուս կարևոր կետը մարդու իրավունքների պաշտպանության հավակնություն ունեցող միջազգային կառույցների և արևմտյան պետությունների լռությունն ու անգործությունն է, Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների նկատմամբ: 

Ահաբեկչության չարաբաստիկ երևույթի նկատմամբ միջազգային հանրության և հատկապես մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող երկրների լռությունն ահաբեկչական հարձակումների շարունակման հիմնական պատճառներից մեկն է և իրականում դրա խթանողը։

Իսլամական հեղափոխությունից հետո տարիների փորձը ցույց է տալիս, որ թշնամիները միշտ  տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ահաբեկչություն, բռնություն և քաղաքական ու տնտեսական ճնշումներ գործադրելով՝ փորձել են կանխել այս հեղափոխության իդեալների և նպատակների իրականացումը, որպեսզի այդպիսով թուլացնեն համակարգը և խոչընդոտեն Իրանի միասնությունն ու առաջընթացը:

Իհարկե ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել.«Նրանք ամեն կերպ քայլեր են ձեռնարկում Իսլամական Հանրապետության դեմ, բայց քանի որ նրանց հաշվարկները սխալ են եղել, նրանք մինչ այժմ ձախողվել են և ձախողվելու են նաև ապագայում»։