Մեկնաբանություն - Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների անցկացման հետևանքները
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է Հայաստանի հետ սահմանի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին: Զորավարժությունները կրում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» անվանումը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այս զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Նախիջևանում, Հայաստանի և Իրանի սահմանային շրջաններում, ինչպես նաև «ազատագրված տարածքներում»։
Այս հայտարարության մեջ չի նշվում «ազատագրված տարածքներ»-ի ստույգ վայրը, բայց հավանաբար դա Ղարաբաղը կամ նրա հարակից տարածքներն են։
«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ զորավարժությունները մեկնարկել են այն դեպքում, երբ Թեհրանում կայացած 3+3 ձևաչափով հանդիպմանը մասնակցել են Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի և Ռուսաստանի հետ միասին։ Փաստորեն, Բաքվի և Անկարայի համատեղ զորավարժությունները համընկել են Թեհրանում կայացած հանդիպման հետ։ Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժությունների անցկացումը համարվում է սադրիչ քայլ և միտված է Հարավային Կովկասում անկայունություն ստեղծելուն։
Ակնհայտ է, որ նման քայլերը կարող են հերթական անգամ սահմանային լարվածություն և ռազմական հակամարտություններ առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև։Ավելի վաղ շատ անկախ փորձագետներ 2023-ի վերջը կամ 2024-ի կեսերը կանխատեսում էին որպես արևմտյան կառավարությունների ցանկալի ժամանակ՝ ղարաբաղյան երրորդ պատերազմը սկսելու համար: Այս իրավիճակում թվում է, թե արեւմտյան պետությունները սպասում են, որ հակամարտությունը տարածվի կովկասյան ողջ տարածաշրջանում, որպեսզի կարողանան վնասել տարածաշրջանի անկախ երկրներին։ Բացի այդ, թվում է, որ ղարաբաղյան երրորդ պատերազմի նպատակը միայն «Հայաստանը» չէ, և իրական նպատակը կարող է լինել Ռուսաստանին և տարածաշրջանի մյուս երկրներին հարավկովկասյան հակամարտության մեջ ներգրավելը։
Հայաստանի հետ վերջին պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանը Հարավային Կովկասում հասել է իր ցանկալի նպատակներին , իսկ երրորդ ղարաբաղյան պատերազմն այս երկրին այնքան էլ ձեռնտու չէ,որ փորձի հերթական անգամ հարավկովկասյան տարածաշրջանում քաոս առաջացնել:
Բացի ընդհանուր սպառնալիքներից, որոնք Հարավային Կովկասում կասկածելի ռազմական տեղաշարժեր կառաջացնեն տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների համար, չպետք է անտեսել այն փաստը, որ տարածաշրջանի որոշ կառավարությունների չարագործությունները կարող են սպառազինությունների նոր մրցավազք հրահրել: Օրինակ, Հայաստանի սահմանների մոտ Բաքվի և Անկարայի համատեղ զորավարժությունների մասին հայտարարությունից հետո, առաջին քայլով օրակարգ է մտցվել Երևան-Փարիզ ռազմական համաձայնագրի հարցը։ Այս առնչությամբ «Ֆրասնիայի միջազգային ռադիո»-ի կայքը հրապարակել է վերլուծական հոդված,որում նշել է,-«Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնաբանվում են որպես Երևանի վրա ճնշում գործադրելու ռազմավարություն, ինչը հուշում է, որ հակամարտություն է սպասվում»:
Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը։
«Փարիզը վճռական է համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, և այս երկիրը զինել ժամանակակից ռադիոլոկացիոն և հակահրթիռային պաշտպանության համակարգերով» հայտարարել է Ֆրանսիայի կառավարությունը:
Վերջում հարկ է նշել,որ թուրք-ադրբեջանական այս զորավարժությունը սադրիչ քայլ է և կարող է սպառազինությունների մրցավազք հրահրել հարավկովկասյան երկրների միջև: