Մամուլի տեսություն – 2.11.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208550-Մամուլի_տեսություն_2.11.2023
Աշխարհի տարբեր երկրների բնակիչներին չեն բավարարում հակաիսրայելական երթերը, այս օրերին նրանք բոյկոտում են այն կոմերցիոն ընկերությունները, որոնք աջակցում են Պաղեստինում երեխաների սպանությանը և սիոնիստների անմարդկային հանցագործություններին։
(last modified 2025-10-02T14:52:20+00:00 )
Նոյեմբեր 02, 2023 18:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 2.11.2023

Աշխարհի տարբեր երկրների բնակիչներին չեն բավարարում հակաիսրայելական երթերը, այս օրերին նրանք բոյկոտում են այն կոմերցիոն ընկերությունները, որոնք աջակցում են Պաղեստինում երեխաների սպանությանը և սիոնիստների անմարդկային հանցագործություններին։

Քեյհան օրաթերթ

Guardian- Արևմուտքի բնակիչները դժվարությամբ են հասկանում Իրանի և դիմադրության առանցքի հարաբերությունները

 

Այս թերթի դիվանագիտական խմբագիր Պատրիկ Վինտուրի գրառման մեջ բրիտանական Guardian թերթը ուսումնասիրել է Իրանի և դիմադրության առանցքի ուժերի հարաբերությունները և այդ ուժերի կարողությունը:

Լոնդոնյան այս թերթն ասում է. «Հեզբոլլահը, Համասը և պաղեստինյան իսլամական ջիհադը Իրանի արտաքին քաղաքականության առանցքն են, Մերձավոր Արևելքում Ամերիկային են դիմադրում և թույլ չեն տալիս համապարփակ պատերազներ սկսվեն»:

Իրան օրաթերթ

Գազայի 16 հիվանդանոցներ ամբողջությամբ  դադարացրել են

իրենց աշխատանքները

 

 Գազայում Պաղեստինի ինքնավարության լրատվական գրասենյակը հայտարարել է, որ իսրայելական հարձակումների հետևանքով Գազայի 16 հիվանդանոցներ շարքից դուրս են եկել։

Նաև Գազայի հատվածում գործող 52 առաջնային բժշկական սպասարկման կենտրոններից   32-ը նույնպես շարքից  դուրս են  եկել :

Գազայի  Պաղեստինի առողջապահության նախարարությունը նույնպես հայտարարել է, որ Գազայի հատվածում «Ինդոնեզիա» հիվանդանոցի գլխավոր գեներատորը խափանվել է։

Ջավան օրաթերթ

Բոյկոտվում են իսրայելի ժամանակավոր ռեժիմին աջակցող ընկերություններ

 

Աշխարհի տարբեր երկրների ժողովուրդները չեն բավարարվում միայն իսրայելական ժամանակավոր ռեժիմի բարբարոսական հանցագործությունները դատապարտող մեծ ու եզակի երթերով, այլ այս օրերին նրանք բոյկոտում են Պաղեստինում երեխաների սպանությանը և սիոնիստների անմարդկային հանցագործություններին աջակցող առևտրային ընկերությունները։

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Արհեստական ինտելեկտը հայտնաբերում և դասակարգում է քաղցկեղը «երկու անգամ ավելի արագ», քան սովորական մեթոդները

 

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ արհեստական ինտելեկտը գրեթե երկու անգամ ավելի լավ է, քան ներկայիս մեթոդը՝ սկանավորման միջոցով քաղցկեղի հազվագյուտ տեսակի ագրեսիվությունը գնահատելու համար: Հետազոտության համաձայն՝ արհեստական ինտելեկտը 82%-ով ճշգրիտ է հայտնաբերել անզեն աչքով անտեսանելի մանրամասները, մինչդեռ ներկայիս լաբորատոր վերլուծության մեթոդի ճշգրտությունը կազմում է 44%:

tert.am

Ադրբեջանը հայտնել է ևս մեկ արցախցու ձերբակալման մասին

 

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ևս մի արցախցու՝ Մադաթ Բաբայանին, որին կասկածում է իբրև թե այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար:

Ըստ տեղեկությունների՝ նա ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին Արցախում Բաքվի «հակաահաբեկչական միջոցառումների» (իրականում զանգվածային ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի-Խմբ.) ժամանակ։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցաքննության ժամանակ Բաբայանը «խոստովանել է», որ «մասնակցել է Խոջալուի խաղաղ բնակչության ջարդերին»։

tert.am

Երբ աշխարհը կանգնած հետևում է անարդարությանն ու որևէ քայլ չի ձեռնարկում, դժվար է հասնել խաղաղության. Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում խոսել է Արցախից

 

Երբ աշխարհը կանգնած հետևում է անարդարությանն ու որևէ քայլ չի ձեռնարկում, դժվար է դառնում ոչ միայն հասնել արդարության, այլև դժվար է դառնում հասնել խաղաղության:Այս մասին ասել է ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը՝ CNN-ի եթերում անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրա հետևանքով Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը:

Աֆեյանը հիշեցրել է Արցախյան հակամարտության պատմությունը, ներառյալ՝ 2020-ի պատերազմը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուս խաղաղապահների տեղակայումը ,9 ամիս շարունակ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը, սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած զանգվածային հարձակումն ու դրա հետևանքով մի քանի օրում Արցախի ամբողջ բնակչության արտագաղթը:

Աֆեյանի խոսքով՝ ինքն այս հարցը հրապարակավ բարձրաձայնում է և ահազանգեր հնչեցնում, քանի որ ազգությամբ հայ է, և իր ընտանիքը ևս ստիպված է եղել գաղթել՝ սկզբում Օսմանյան կայսրությունից՝ Բուլղարիա, ապա, քաղաքացիական պատերազմի պատճառով, Լիբանանից՝ ԱՄՆ:

«Մեկ դար անց այն բանից հետո, երբ պապս ու իր ընտանիքը հետապնդվում էին օսմանյան թուրքերի կողմից, ես կարողացել եմ հասնել մի դիրքի, երբ աշխարհով մեկ գործող մեր նախագծերի միջոցով ոչ միայն կարողանում եմ օգնել բռնաճնշումներից ու ցեղասպանությունից փախնող այլ մարդկանց, այլև փորձում եմ այնպես անել, որ նման բաներ այլևս չկրկնվեն հայերի հետ», - ասել է Աֆեյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվել է Արցախում, շոկային է:

news.am

Դինքի սպանության գործով դատավարությանը ներգրավվել է Թուրքիայի նախագահի փաստաբանը

 

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանում սկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով հատուկ դատական նիստերը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Վճռաբեկը Հրանտ Դինքի գործով որոշ մեղադրյալների համար պատժաչափերը մեղմ էր համարել եւ նոր դատավարություն նշանակել նրանց համար, ուստի, Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանում սկսվել է տվյալ մեղադրյալների նոր դատավարությունը։

Դատավարությանը մասնակցում է նաեւ դատարանի թույլտվությամբ Թուրքիայի նախագահի փաստաբանը՝ «Սահմանադրական կարգը խախտելու» հնարավոր խնդիրների պատճառաբանությամբ։

Դատական լսումների վերջում դատական նիստը հետաձգվել է հունվարի 10:

news.am

Բաքվում տեղի է ունեցել ավտովազք ի աջակցություն Իսրայելի

 

Բաքվում տեղի է ունեցել հանրային ակցիա ի աջակցություն Իսրայելի։ 35 ավտոմեքենաների շարասյունն իսրայելական դրոշներով անցել է Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներով, Իրանի դեսպանատան առջեւով։

Ակցիայի նախաձեռնողը «Շահ-Դաղ» կազմակերպությունն է, որի ղեկավարը Էլհանան Ռազիելն է, ինչպես նաեւ Ադրբեջանում նրա ներկայացուցիչ Իսմայիլ Զալովը։

Ադրբեջանն առաջիններից մեկը մուսուլմանական պետություններից աջակցություն հայտնեց Իսրայելին հոկտեմբերի 7-ի գրոհից հետո։

«Շահ-Դաղ» կազմակերպությունն ավելի քան 25 տարի ակտիվորեն զբաղվում է ադրբեջանա-իսրայելական կապերի ամրապնդմամբ ամենաբարձր մակարդակով։

news.am

Բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով. Փաշինյան

 

Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն այստեղ:

Իհարկե, այդ գործընթացը, բնականաբար, մենք սպասում էինք, որ պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպենք:

Իհարկե, կան օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն, այստեղ նաև մեզ բոլորիս՝ Կառավարությանը և պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք: Այդ պրոցեսը կգնա բնականոն:

Նաև շնորհակալ եմ, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում, որ ճշգրիտ պետք է լինի ամեն ինչ իրավական տեսակետից: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հումանիտար կենտրոնի աշխատանքների շրջանակներում սպասվում է նաև 50+50 ծրագրի իրագործումը:

«Հետագայում արդեն նաև քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,- ասաց վարչապետը:

news.am

ԱԱԾ կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որը կապահովի ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը. Փաշինյան

 

Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը. Այդ նախագծի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է: Իհարկե, մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է, և բավականին շոշափելի մասով համալրված է, և արդեն իսկ գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս–արևմտյան շրջանների հետ։ Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։