Մամուլի տեսություն 16․12․2023
Այսօրվա մամուլում կարդում ենք․ «Իրանի միջանցքային կարողություններն ուժեղացնելու այս երկրի կառավարության լուրջ վճռականությունից» մինչև «Իսլամական Հանրապետությանը դեմ ահաբեկիչների նախազգուշացումը»:
Վաթան Էմրուզ
Արագընթաց երկաթուղու նախագծերն Իրանում
Իրանի միջանցքային կարողությունների հզորացումը Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ շրջանի կառավարության տնտեսական առաջնահերթություններից է։ Այս հարցը սահմանվել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունում «Իրան Ռահ» մեգանախագծով, որի իրականացմանը հետամուտ են։ Իր աշխարհաքաղաքական առանձնահատուկ դիրքի շնորհիվ Իրանը կարող է լինել այն հանգույցը, որը մի կողմից Կենտրոնական Ասիայի երկրները կապում է բաց ծովերին, մյուս կողմից Արեւելյան Ասիայի երկրները՝ Եվրոպային։
Այս ներուժը մինչ օրս չէր օգտագործվում քաղաքական փաստարկների պատճառաբանությամբ, սակայն հաշվի առնելով Իրանի 13-րդ շրջանի կառավարության կամքը՝ օգտագործելու արևելյան և մյուս հարևան երկրների կարողությունները, այս ուղղությամբ որևէ խոչընդոտ չի նկատվում։
«Հյուսիս-Հարավ» միջանցքի ավարտն այնքան կարևոր էր Իրանի համար, որ Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման պայմանագիրը կնքվեց որպես դրա բացակայող օղակ՝ Իրանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ այս տարվա սկզբին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ։ Երկու կողմերն էլ հույս ունեն, որ այս նախագիծը կավարտվի առաջիկա 2 տարիների ընթացքում։
Պակիստան-Իրան-Թուրքիա երթուղու, Շալամչեհ-Բասրա երկաթուղու, Չաբահար-Զահեդան երկաթուղու ներուժի հզորացումը, ինչպես նաև Օման ծովի ու Պարսից ծոցի միացումը Եվրոպային ևս այն ծրագրերից են, որոնք իրականացվում են Իսլամական Հանրապետության տարանցիկ դիրքի ամրապնդման նպատակով:
Ջամեջամ
Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարի տեղակալ. Ռասկի ոճրագործությունն անպատասխան չի մնա
Բրիգադի գեներալ Ռեզային Ռասկի ահաբեկչության մասին ասել է, որ ահաբեկիչները պետք է իմանան, որ այս ոճրագործությունն անպատասխան չի մնա, և մենք նրանց կոշտ ու հուժկու պատասխան կտանք։
Քեյհան
Պուտինը և Գազայի պատերազմը
Շուրջ 2 տարի է, ինչ սկսվել է Ուկրաինայի պատերազմը, և այս պատերազմը դեռ շարունակվում է։ Այս պատերազմի ներկայիս վիճակի և դրա սկզբնական շաբաթների ու ամիսների միջև կարևոր տարբերությունն այն է, որ լրատվամիջոցների ուշադրությունը նվազել է դրա նկատմամբ՝ կենտրոնանալով Գազայի պատերազմի վրա:
Երբ պատերազմը փակուղի է մտնում և դրա ծախսերն ահավոր աստիճանի է հասնում, բնական է, որ ոմանք մտածեն դրա «արգելակները» սեղմելու մասին։ Գազայում պատերազմը սկսվեց նման իրավիճակում և այն խիստ ազդեցություն ունեցավ Ուկրաինայի պատերազմի վրա։ Ըստ սիոնիստների՝ այս պատերազմը թիրախավորել է Իսրայելի գոյությունը, որի լոբբիները ներթափանցել են Արևմուտքի տնտեսության, քաղաքականության, արվեստի և ամեն ինչի հյուսվածքում, ուստի բնական է, որ Արևմուտքի գերակայությունը Ուկրաինան փրկելուց շրջվի դեպի Իսրայելի փրկության: Արեւմուտքը հույս չունի Ուկրաինայի հաղթանակի եւ Պուտինի պարտության համար, եւ չի ցանկանում, որ դա կրկնվի Իսրայելի հետ։ Որովհետև եթե Ուկրաինայում Արևմուտքի պարտությունը Ռուսաստանի ուժեղացման պատճառ է դարձել, ապա Իսրայելի պարտությունն էլ կնպաստի Իրանի ուժեղացմանը, և Արևմուտքը չի կարող մարսել կամ հանդուրժել այս իրողությունը։
Դոնյայե Էղթեսադ
ՄԱԿ. Իրանի բնակչությունը 89 միլիոն մարդ է
Իր վերջին զեկույցում ՄԱԿ-ը Իրանի բնակչությունը գնահատել է 89 միլիոն մարդ և հայտնել է այս տարի Իրանի բնակչության 0,71 տոկոս աճի մասին, ինչը ցածր է համաշխարհային միջինից:
Աշխարհի բնակչությունը անցյալ տարի գերազանցել է 8 միլիարդ մարդու սահմանը։ Աշխարհի բնակչության միջին աճն այս տարի կազմել է 0,8 տոկոս։
News.am
Թուրքիայի եւ Ադրբեջանի նոր նպատակները Հարավային Կովկասում. ԻՐՆԱ. Սերգեյ Մելքոնյան
Վերջին երեք տարիները զգալի փոփոխություններ են բերել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունում։ Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումն էր։ Ուժեղացել են արտաքին ակտորների դիրքերը, ինչը տեղի է ունեցել ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու Ադրբեջանի փորձերի հետ միաժամանակ, գրել է վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը իրանական ԻՐՆԱ ԶԼՄ-ի համար։
«Չորս տարի անց իսրայելական ներկայությունն ընդլայնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող՝ Իրանին սահմանակից տարածքում։ Իսկ վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է զենքի գլխավոր մատակարարը Հայաստանի համար։ Նոր խաղացողների հայտնվելու հետ կապված՝ Ադրբեջանը եւ Թուրքիան նոր նպատակներ են առաջադրում։ Այդ նպատակներն են ազդելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա»,- նշել է նա։
Ո՞րն է նոր նպատակների անհրաժեշտությունը
Իր կազմավորումից հետո 30 տարվա ընթացքում Ադրբեջանը իր պետական ինքնությունը կառուցել է Հայաստանի հանդեպ ատելության վրա, ընդգծել է Մելքոնյանը։
Վերլուծաբանի կարծիքով՝ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի խնդիրն ընդամենը փոքր մանրամասն էր։ Թուրքիան, որն Ադրբեջանի գլխավոր մրցակիցն է, շարունակում է Բաքվի ռազմավարական գիծը։
Անկարան կազմակերպեց Հայաստանի շրջափակումը, որը շարունակվում է մինչ օրս՝ հրաժարվելով կարգավորել հարաբերություններն այնքան ժամանակ, մինչեւ որ Երեւանը լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հանձնման միջոցով։ Այս կետն է գլխավոր նախապայմանը Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործում։
Armenpress.am
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են ԵԱՏՄ ձևաչափում համագործակցությանն առնչվող թեմաներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ zրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, առկա խնդիրները և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցությանն առնչվող թեմաներ:
News.am
Ադրբեջանը վստահեցրել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացն առաջ տանելու «վճռականության» մասին
Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 47-րդ նիստում։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բայրամովը հավելել է, որ այժմ տարածաշրջանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության հաստատման համար։
Armenpress.am
ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչեանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Մոլչեանի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև ոլորտային համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Panorama.am
Ադրբեջանն ունի պարտավորություններ Արևմուտքի առաջ, որն իրեն օգնել է Ղարաբաղը վերցնել . Քաղաքագետ
Տարեվերջին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ակտիվ, դրա շուրջ խոսակցությունները՝ թեժ փուլ մտան։ Արդեն հայտնի է՝ հաջորդ տարի նաև Ադրբեջանում են ընտրություններ անցկացվելու։
Հայաստանում խոսակցություններ կան 2024-ին խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացման մասին։
Ինչո՞ւ են շտապում կողմերը։ Panorama.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
«Բոլոր կողմերը չէ, որ շտապում են։ Հնարավոր է՝ մի կողմ է շտապում, երկու կողմ։ 2020-ից հետո այդ բանակցություններն անընդհատ ընթացել են, որի հիմնական մեխը վերաբերել է ճանապարհներին։ Պատերազմն էլ սկսել է ճանապարհների համար, քանի որ դրանք ունեն աշխարհքաղաքական նշանակություն»,-ասաց Ստեփան Դանիելյանը։
Նա ընդգծեց՝ որևէ մեկին խաղաղությունը չի հետաքրքրում, դրա մասին խոսակցությունները դատարկ են, խոսքը շահերի մասին է։
«Խաղաղությունը աբստրակտ հասկացողություն է, իսկ շահերը՝ կոնկրետ հասկացողություններ են։ Ռուսաստանին պետք է Հայաստանով դեպի Ադրբեջան երկաթուղի դեպի Թուրքիա, քանի որ Թուրքիան դեռևս հակասության մեջ է Արևմուտքի հետ։ Հնարավոր է երկաթուղի նաև Ջուլֆայի միջոցով նաև Իրանի հետ, ինչին դեմ է Արևմուտքը, քանի որ Ռուսաստանը մուտք է գործելու Պարսից ծոց և նրա դերը մեծանալու է»,-ասաց նա՝ հիշեցնելով ռուսական կողմի հայտարարությունները, որ Արևմուտքը խանգարում է, որ տարածարջանում խաղաղություն հաստատվի։
Դանիելյանի փոխանցմամբ, Ադրբեջանը խնդիր ունի այդ ճանապարհի հետ, քանի որ դրան Արևմուտքը դեմ է, Ռուսաստանն ու Իրանը՝ կողմ։
«Բայց Ադրբեջանն ունի պարտավորություններ Արևմուտքի առաջ, որն իրեն օգնել է Ղարաբաղը վերցնել։ Նաև Ռուսաստանն է օգնել իր ծրագիրն իրականացնելու համար։ Հիմա հակասություններ են առաջացել»,-ասաց նա։
Ըստ քաղաքագետի, արցախյան պատերազմի ժամանակ Արևմուտքի Ադրբեջանին սատարելով (պատերազմ սկսելու սանկցիա, զենք-զինամթերք, դիվանագիտական տանիք, հետախուզական տվյալներ, Սիրիայից տեռորիստներ և այն), որպեսզի Ռուսաստանին դուրս մղի Հարավային Կովկասից, իրականում մեծ հնարավորություններ բացեց հենց Ռուսաստանի ու Իրանի համար։ Ռուսաստանն էլ իր սցենարով պատերազմի սանկցիա տվեց Ադրբեջանին։
«Ալիևը հիմա ակցանի մեջ է՝ մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջևևփորձում է ժամանակ շահել, որովհետև երկու կողմերից էլ պահանջում են կողմնորոշվել։ Ցանկացած կողմից հարվածը կարող է ցավոտ լինել»,-նշել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցն օրակարգում հայտնվելու մասին հարցին, ապա Ս. Դանիելյանը նշեց, եթե ընտրությունների անցկացման ենթադրությունները ճիշտ են, ապա դա կարող է նշանակել, որ գործող կառավարությունն ինչ-որ կարևոր քայլ պետք է կատարի, որը բացասաբար կարող է ընդունվել հանրության մեծ մասի կողմից։
«Ես չգիտեմ, թե որն է այդ քայլը։ Կարող է անկլավները հանձնե՞լը, ադբեջանցիների վերաբնակեցո՞ւմը, Սյունիքով երկաթգծի բացո՞ւմը, կարող է ռուսական ռազմաբազայի դուրս բերո՞ւմը, ամեն ինչ էլ հնարավոր է, կարող է այդ բոլորը միասի՞ն։ Իրեն պետք է լրացուցիչ լեգիտիմություն այդ քայլին գնալու համար»,-ասաց քաղաքագետը։
News.am
Հայաստանը Հնդկաստանից կարող է ձեռք բերել «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր
Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել «Ակաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր՝ խոցելի գոտիներն ու կետերը օդային հարձակումներից պաշտպանելու համար։ Այս մասին գրում է «EurAsianTimes» պորտալը։
Համալիրը կարող է միաժամանակ մի քանի թիրախներ խոցել խմբային կամ ինքնավար ռեժիմով։ Այն ունի ներկառուցված էլեկտրոնային հակաքայլերի (ECCM) հնարավորություններ: Զենքի ամբողջ համակարգը տեղակայված է շարժական հարթակների վրա։
Այն կարող է արդյունավետորեն խոցել ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում են 4–25 կիլոմետր շառավղով։ Համալիրն ամբողջովին ավտոմատ է, արագ հայտնաբերում է թիրախները և ոչնչացնում դրանք:
Այն բարձր կայունություն ունի է ակտիվ և պասիվ խոչընդոտների նկատմամբ: Այն կարելի է արագ փոխադրել և նաև արագ տեղակայել:
Հաղորդվում է, որ «Ակաշ» ԶՀՀ պատվերներն արդեն ստացվել են, և Հայաստանը դիտարկվում է որպես արտահանման ամենահավանական ուղղություն:
2022 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի, պարեկող զինամթերքի և «Ակաշ» համալիրի ձեռքբերմամբ։
Մի քանի թիրախներ խոցելու և և մանևրող թիրախներ ոչնչացնելու ունակությամբ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), թևավոր հրթիռները և ուղղաթիռներից արձակվող հրթիռները, «Ակաշը» կատարելապես համապատասխանում է Բաքվի ԱԹՍ-ների դեմ պայքարում Երևանի կարիքներին:
Երևանը նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի հետ «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի գնման վերաբերյալ։ Ադրբեջանին հակազդելու համար Հայաստանը ձեռք է բերել նաև հնդկական «Pinaka» բազմափողանի հրթիռային կայաններ, «Konkurs» հակատանկային կառավարվող հրթիռներ և զինամթերք։
Բացի այդ, հաղորդվել է, որ Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի 41,5 մլն դոլար արժողությամբ հակադրոնային համակարգ։
Հնդկաստանի կողմից արտահանվող զենքերն արդեն ընդգրկվել են երկրի զինված ուժերի սպառազինության մեջ, ինչը վկայում է դրանց արդյունավետության մասին, իսկ Հայաստանը դարձել է հնդկական զենքի խոշորագույն ներկրողներից մեկը։
Երևանն արդեն որոշ ժամանակ փորձում է դիվերսիֆիկացնել իր զենքի ներկրումը և նոր դաշնակիցներ գտնել այն բանից հետո, երբ Ռուսաստանը չկարողացավ երկրին մատակարարել մոտ 400 միլիոն դոլարի պատվիրված զենքը: