Մամուլի տեսություն 16․02․2024
«Էրդողանը Գազայի պատերազմը վերածել է բիզնեսի»,« Եվրոպայում աճել են ֆերմերների բողոքի ցույցերը»։Այս և աշխարհում տեղի ունեցող այլ իրադարձությունների մասին կարդացեք իրանական այսօրվա մամուլում։
Ջամ-ե Ջամ
Էրդողանը Գազայի պատերազմը վերածել է բիզնեսի
Գազայի պատերազմի շարունակման վերաբերյալ Էրդողանի կառավարության քննադատությունը ոչ միայն չի ուղեկցվում Թել Ավիվի հետ էներգետիկ առևտրի ճանապարհը փակելու Անկարայի օպերատիվ գործողությամբ, այլև վերջին ամիսներին մենք ականատես ենք այս գործընթացի ուժեղացմանը։ Փաստորեն՝ լուրջ հակասություն կա Գազայի պատերազմի վերաբերյալ Թուրքիայի հայտարարած և օպերատիվ դիրքորոշումների միջև։
Նման իրավիճակում Էրդողանը և «Արդարություն ու զարգացում» կուսակցությունում նրա համախոհներն այլոց մեղադրելու փոխարեն ավելի լավ է աշխարհի և տարածաշրջանի հանրային կարծիքին բացարտրություններ տան, թե ինչ քայլեր են ձեռնարկել Սիոնիստական ռեժիմին դիմակայելու, պատերազմը դադարեցնելու և Գազայի երեխաների ցավն ու տառապանքը թեթևացնելու ուղղությամբ։
Թուրքիայի կառավարության ընդդիմադիր պահպանողական թևին պատկանող Քարար թերթի հունվարի 4-ի գլխավոր խորագիրը վկայում է Թուրքիայից դեպի Իսրայել արտահանումը ավելանալու , ոչ թե նվազելու մասին։ Տնտեսագետ Էբրահիմ Ղահվեչին այդ հոդվածում գրել է, որ Թուրքիայի արտահանումը Իսրայել դեկտեմբերին 34,8% տոկոսով գերազանցել է նախորդ ամսվա ցուցանիշը և հասել 430,6 մլն դոլարի։
Դոնյայե Էղթեսադ
Կանաչ մայրցամաքի ֆերմերների ծանր վիճակը
Եվրոպայում ֆերմերների բողոքի ակցիաները հասել են իրենց գագաթնակետին։ Այս մայրցամաքի բողոքող ֆերմերները ցանկանում են գալիք ընտրությունների հնարավորությունը օգտագործել և քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել իրենց դժգոհությունների և մտահոգությունների վրա:
Եվրախորհրդարանի ընտրությունները նախատեսված են անցկացնել 2024 թվականի հունիսի 6-9-ը։ Բացի այդ,հաջորդ տարի եվրոպական 37 երկրներում ընտրություններ են անցկացվելու։
Շատերը համոզված են, որ եվրոպացի առաջնորդները պետք է հաշվի առնեն քաղաքական անհավասարության չափը և այն փաստը, որ ֆերմերներն զգում են,որ իրենց ընտրած պատգամավորները դավաճանել են իրենց։
Եվրոպայի շատ բարդ քաղաքականությունը, շատ ցածր եկամուտները, գնաճը, արտաքին մրցակցությունը, ստանդարտների բարձրացումը և վառելիքի գների բարձրացումն այն խնդիրներն են,որոնց դեմ բողոքում են եվրոպացի ֆերմերները և նրանց պահանջները հիմնականում նույնն են եվրոպական բոլոր երկրներում:
Համշահրի
Հղում անելով իրազեկ աղբյուրներին՝ Bloomberg-ը հայտարարել է,որ Թուրքիան և Հունաստանը պաշտոնապես կմիանան Գերմանիայի գլխավորած հակահրթիռային պաշտպանության եվրոպական նախագծին(«Եվրոպական երկնքի վահան» նախաձեռնությանը):
Էըթեմադ
Նեթանյահուն հանդես է եկել պաղեստինցիների և սիոնիստների միջև ուղիղ բանակցություններ վարելու կոչով
Իսրայելի վարչապետն ասել է, որ հոկտեմբերի 7-ից հետո Պաղեստինյան պետության ցանկացած միակողմանի ճանաչում կլինի պարգև ՀԱՄԱՍ-ի համար և, ըստ նրա, կկանխի ցանկացած ճիշտ կարգավորում ապագայում։
Նեթանյահուն նաև ասել է, որ միայն ուղիղ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի պաղեստինցիների հետ մշտական կարգավորման հասնել։
Tert.am
Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելnւ համար. Մարուքյան
Ինձ հաճախ են հարցնում` Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա։ Իմ պատասխանն է՝ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար. այս մասին X-ում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«2021 թվականից սկսած բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ: Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին», - գրել է Մարուքյանը:
Armenpress.am
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացնել և հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտնել է Իրանի պլանի և բյուջեի կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրին:
Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարի Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 692 մլն 496.8 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ նվազելով 2.5 տոկոսով:
Tert.am
Հայաստանը ենթադրում է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքվի և Մոսկվայի միջև կա գործարք, ինչին Անկարան հանգիստ համաձայնել է. Թոմաս դե Վաալ
Հարավային Կովկասում 2024-ը կլինի կրիտիկական տարի: Այս մասին «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրել է Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։
Նրա խոսքով՝ կրկին առաջ է գալիս Ադրբեջանի և Հայաստանի հարցը, արդյոք պատերազմի՞, թե՞ խաղաղության տարի է լինելու:
«Շարունակվում են բանակցությունները երկկողմ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկարգավորի երկու երկրի հարաբերությունները երեսուն տարվա հակամարտությունից հետո, սակայն դեռևս առկա է բռնության սպառնալիք Հայաստանի հարավում՝ Սյունիք կոչվող տարածաշրջանում, որը պատմականորեն հայտնի է որպես Զանգեզուր», - գրում է դե Վաալը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի մոտ Ադրբեջանի կրակից չորս հայ զինծառայողի զոհվելու դեպքին:
«Դա Ադրբեջանին մոտ գտնվող տարածք է, որտեղ ԵՄ սահմանային առաքելության՝ EUMA-ի դիտորդներին նախկինում թույլ չէին տվել մուտք գործել ռուս սահմանապահները», - նշել է փորձագետը:
Նրա կարծիքով՝ անցած տարվա սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիան արագացրել է հարաբերությունների սառեցումն Ադրբեջանի և Արևմուտքի միջև, որը մինչև վերջին պահը փորձում էր միջնորդել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս ֆոնին, ըստ դե Վաալի, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տպավորիչ անկման գործընթացում, իսկ ԵՄ-ն ակտիվացնում է ներգրավվածությունը Հայաստանի հետ:
Դե Վաալը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիր է մնում 43 կիլոմետրանոց փակ միջանցքի կամ տարանցիկ երթուղու վերաբացումը հայկական տարածքով, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Թուրքիային սահմանակից Նախիջևանին:
«Ադրբեջանը շահագրգռված է, որ իր տարածքի երկու հատվածները վերամիավորվեն ուղիներով, որոնք հնարավորինս քիչ կգտնվեն հայկական վերահսկողության ներքո։ Հայաստանը չի ցանկանում զիջել ինքնիշխանությունը կամ անվտանգությունն իր ռազմավարական նշանակություն ունեցող հարավային սահմանային գոտում», - գրում է դե Վաալը՝ հիշեցնելով, որ անվտանգության հարցում Ադրբեջանը պնդում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահները պետք է հսկեն երկաթուղային և ճանապարհային կապը:
Նրանք վկայակոչում են 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հրադադարի մասին ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունը, որտեղ նշվում է այդ կետը:
«Հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին պնդեց, որ պայմանավորվածության այս կետը պետք է կատարվի։ Իր հերթին հայկական կողմն աշխատում է ազատվել ռուսական ազդեցությունից, այդ թվում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո այնտեղ տեղակայված սահմանապահներից: Դա կլինի մեծ ռազմավարական հարված, եթե ռուսները մնան՝ Ադրբեջանի թելադրանքով։ Հայաստանում ենթադրությունն այն է, որ այստեղ Բաքվի և Մոսկվայի միջև կա գործարք, ինչին Անկարան հանգիստ համաձայնել է։ Սա հաստատող առնվազն անուղղակի ապացույցներ կան: Ռուսների համար տարանցիկ ճանապարհի վերահսկումը մեծ հաջողություն կլիներ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նրանց պաշտոնապես կհանձնվի Ռուսաստանը և Իրանը կապող երկաթուղու մի հատվածի վերահսկողությունը և երթուղիները դեպի Պարսից ծոց: Սա Ռուսաստանի համար կլինի հիմնական հյուսիս-հարավ երկաթուղային երթուղին՝ վերականգնելու իր կապերը Մերձավոր Արևելքի հետ...
Մտահոգիչ սցենարն այն է, որ խաղաղության պայմանագիր չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ստացել այն, ինչ ուզում է հարավային Հայաստանում։ Այլ կերպ ասած, 2024 թվականին Հայաստանը, ամենայն հավանականությամբ, տարբեր մեթոդների կիրառմամբ կհայտնվի մեծ ճնշման տակ թե՛ Բաքվի և թե՛ Մոսկվայի կողմից, որպեսզի միանա Զանգեզուրի միջանցքի ծրագրին, որը հարմար չէ ո՛չ Երևանին, ո՛չ էլ արևմտյան ուժերին: Այդ պատճառով է նաև, որ լոկալ բռնության դեպքերին, ինչպիսին Ներքին Հանդի մոտ տեղի ունեցածն է, պետք է ուշադիր հետևել: Նման փոքր բախումներից կարող են բխել նոր հակամարտություն և ճակատագրական հետևանքներ ողջ տարածաշրջանի համար», - նշել է փորձագետը:
News.am
Եգիպտոսի իշխանությունները Ռաֆահի մոտ սկսել են հինգ մետր բարձրությամբ պատ կառուցել. NYT
Եգիպտոսի իշխանությունները սկսել են պատ կառուցել Գազայի հատվածի հարավային սահմանին՝ Ռաֆահ քաղաքի մոտ, որտեղ իսրայելական բանակը ռազմական գործողություն է նախապատրաստում, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարները և շինարարության մասնակիցներին։
Հրապարակման համաձայն՝ արբանյակային լուսանկարները հստակ ցույց են տալիս, թե ինչպես է սահմանակետից հարավ գտնվող Ռաֆահ սահմանային անցակետի միջև ընկած բուֆերային գոտում բուլդոզերներով մեծ տարածք մաքրվում: Պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատանքները սկսվել են մոտ փետրվարի 5-ին:
Կապալառուն ու ինժեները թերթին պատմել են, որ եգիպտական բանակն իրենց հանձնարարել է հինգ մետր բարձրությամբ բետոնե պատ կառուցել՝ հինգ քառակուսի կիլոմետրանոց հողատարածքը ծածկելու համար:
Պարզ չէ, թե արդյոք այդ հաստատությունը նախատեսված է սահմանը հատող Գազայի բնակիչներին պահելու համար, նշել է հրատարակությունը։
Եգիպտոսի կառավարության խոսնակը հրաժարվել է քննարկել շինարարությունը և անդրադարձել է վերջին շաբաթների ընթացքում իշխանությունների հայտարարություններին սահմանի ամրապնդման անհրաժեշտության մասին:
Iravaban.net
Գերմանիայի պաշտպանության նախարար. «Եվրոպայի երկինքը կպաշտպանի նաև Թուրքիան»
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը, փոխանցում է Ermenihaber-ը։
Նշելով, որ երկու երկրների մասնակցությամբ նախաձեռնությանը մասնակցող երկրների թիվը հասել է 21-ի` Պիստորիուսը հայտնել է․ «Այսքան կարճ ժամանակում մենք շատ լավ թվի ենք հասել»։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում կայացել էր «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնության» (ESSI) Թուրքիայի և Հունաստանի մասնակցությունը կարգավորող փաստաթղթի ստորագրման արարողությունը,որին ներկա է գտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: