Լեհաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
ՆԱՏՕ-ի անդամ երկրների երկօրյա գագաթնաժողովը մեկնարկել է ուրբաթ՝ հուլիսի 8-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:
Անդամ 28 երկրի ղեկավարների մասնակցությամբ գումարված գագաթնաժողովի հիմնական թեման Ռուսաստանի հետ հարաբերությունների և ահաբեկչության դիմակայման հարցի քննարկումն է: Լեհաստանի նախագահ Անդրժի Դոդան այս գագաթնաժողովի բացման ելույթում անդրադառնալով աշխարհում տեղի ունեցած փոփոխություններին, ընդգծել է Եվրոպայի արևելքում ու կենտրոնում ՆԱՏՕ-ի պաշտպանական ու ռազմական կարողությունների հզորացման անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոն նույնպես այս գագաթնաժողովի սկզբում նշել է, որ կազմակերպության կողմնորոշումը Ռուսաստանի լուրջ դիմակայումն է: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ռազմավարական երկարաժամկետ մրցակցության մեջ է մտել Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ այդ դաշինքի անդամների արևելյան սահմանների ամրապնդման աշխատանքը շարունակվելու է և այդ փոփոխությունները տարբեր են լինելու սառը պատերազմի շրջանում ՆԱՏՕ-ի վերցրած քայլերից:
Լեհաստանում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը գումարվում է զգայուն ժամանակահատվածում: Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի լարվածությունները սրվել են և Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններն իջել են Սառը պատերազմին հաջորդած շրջանի ամենացածր մակարդակին: 2014 թվականից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինք՝ ՆԱՏՕ-ն ընդլայնում է Եվրոպայում ու հատկապես Ռուսաստանի հարևանության մեջ գտնվող այդ մայրցամաքի արևելյան երկրներում իր ռազմական ներկայությունը: Այս քայլը հատկապես Բալթյան ու Սև ծովի տարածաշրջաններում իրականացվել է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի միջամտության պատրվակով: ՆԱՏՕ-ն այն պայմաններում է իր ներկայությունն ընդլայնել Եվրոպայի արևելյան երկրներում, երբ Ռուսաստանը բազմիցս ազդարարել է այդ կապակցությամբ: Այս շրջանակներում Վարշավայի գագաթնաժողովին մասնակցած ղեկավարները նախապես հստակեցված ծրագրերի շրջագծում վավերացնելու են Բալթյան շրջանի երկրներում, Լեհաստանում ու Ռումինիայում հաստատված ՆԱՏՕ-ի զորայինների թվի հավելման առաջարկը, ինչը հանգեցնելու է արևմտյան սահմաններում իր ռազմական ներկայությունը հզորացնելու ռուսական կողմի փոխադարձ քայլին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիտանկյունից Լեհաստանում ու Բալթյան տարածաշրջանում իր ռազմական դիրքերի հզորացմանն ուղված ՆԱՏՕ-ի քայլերը նպատակ ունեն խախտել Եվրոպայի արևելքում ուժերի հավասարակշռությունը: Մինչև Ուկրաինայի ճգնաժամը և Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում լարվածություն ծագելը, կողմերը համագործակցում էին ՆԱՏՕ-Ռուսաստան կոչվող խորհրդի շրջագծում: Այս խորհուրդը ձևավորվեց 2002 թվականին և դրա պաշտոնական վերջին նիստը գումարվեց 2014 թվականի հունիսին: Այդ թվականից հետո դադարեցվեցին Ռուսաստան-ՆԱՏՕ շփումները մինչև 2016 թվականի մայիսին՝ Բրյուսելում, այդ խորհրդի նիստի գումարումը, ինչը փոխադարձ տարաձայնությունների մեղմացման ուղղությամբ որևէ դրական արդյունքի չհանգեց: Միևնույն ժամանակ, չնայած Ռուսաստանի հակառակությանը, ՆԱՏՕ-ն շարունակում է դեպի արևելք ընդլայնումը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվող մյուս հարցը ահաբեկչության տարածումը և կազմակերպության անդամ երկրների դեմ ուղղված դրա սպառնալիքներն են լինելու: Այս հարցը հատկապես մեծ նշանակություն է ստացել 2015 թվականի նոյեմբերին՝ Փարիզում և 2016 թվականի մարտին՝ Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո:
Նկատի առնելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբի շարքերում եվրոպական երկրների ու Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիների ներկայության պատճառով այդ երկրների կողմ ուղղված մեծ ու լուրջ սպառնալիքները, ՆԱՏՕ-ն ավելի վաղ այդ սպառնալիքը դիմակայելու ուղղությամբ Ռուսաստանի հետ համագործակցության ցանկություն է հայտնել: Պիտի տեսնել, թե ՆԱՏՕ-ի ղեկավարները Վարշավայի գագաթնաժողովում ի՞նչ որոշում կընդունեն այս կապակցությամբ:
Ռուսաստանն ընդգծում է, որ արևմուտքցիները ՆԱՏՕ-ի շրջագծում երևակայական սպառնալիքի, այսինքն Ռուսաստանի դիմակայմամբ զբաղվելու փոխարեն, պիտի ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվայի դաշնակիցը դառնան: