ՄԱԿ-ն ազդարարել է Գազայի վտանգավոր իրավիճակի կապակցությամբ
Գազայից ստացվող տարբեր հաղորդումներ վկայում են այդ շրջանում տիրող իրավիճակի ծանրացման, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների և հատկապես Գազայի դեմ այդ ռեժիմի երրորդ պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերակառուցման դանդաղ ընթացքի մասին:
Միջին Արևելքի խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի համադրող, ինչպես նաև Պաղեստինում հումանիտար հարցերի համադրող Ռոբերտ Փայփերը վտանգավոր է բնութագրել Գազայում տիրող իրավիճակը:
Ռոբերտ Փայփերը Գազա կատարած ուղևորության ընթացքում ասել է. «Որոշակի առաջընթաց է նկատվում, սակայն դա բավարար չէ վերակառուցման համար: Գազան գտնվում է վտանգավոր ընթացքի մեջ և Իսրայելը շարունակում է արգելել շինանյութերի մուտքը այդ հատված: Գազայի տնտեսությունն նույնպես խիստ փխրուն վիճակում է: Հետևաբար մենք լուրջ օժանդակության ակնկալիք ունենք միջազգային հանրությունից»:
Ռոբերտ Փայփերն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ Գազայում նոր բախումներ ծագելու շուրջ մտահոգությունները սրվում են:
Սիոնիստական ռեժիմը, որ վերջին ութ տարիների ընթացքում խստացնելով Գազայի պաշարումը մեծ բարդություններ է առաջացրել այդ տարածքի բնակչության համար, վերջին տարիներին պաշարումից բացի նաև երեք պատերազմ է պարտադրել տարածքի բնակչությանը:
Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի շրջափակման շարունակվելը և խոստացված օժանդակությունների փոխանցման հարցում միջազգային հասարակայնության թերացումը պատճառ են դարձել, որ այս տարածքի վերակառուցման աշխատանքը դանդաղ ընթացք ունենա:
Այս կապակցությամբ Միջազգային օժանդակությունների գործակալություն՝ ԱՔՍՖԱՄ-ն ազդարարել է Գազայում իրավիճակի ծանրացման և Գազայի հատվածի շրջափակումները չվերացվելու կապակցությամբ: Միջազգային օժանդակությունների գործակալությունը հայտարարել է, որ եթե շրջափակումը չվերացվի և շինանյութեր Գազա փոխադրվելու հնարավորություն չստեղծվի, այս տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերակառուցումը տասնյակ տարիներ կտևի:
Գազայի շրջափակումը շարունակվում է այն պայմաններում, երբ երկար ժամանակ է անցնում հրադադարի հաստատումից և Սիոնիստական ռեժիմը ոչ միայն հավատարիմ չի եղել այդ հրադադարով ստանձնած իր պարտավորություններին, այդ թվում պաղեստինցիների դեմ թշնամական քայլերին վերջ տալուն ու Գազայի պաշարումը վերացնելուն, այլև շարունակել է իր հակապաղեստինյան քաղաքականությունները:
Հիշեցնենք, որ Սիոնիստական ռեժիմը 2014 թվականի հուլիսի 8-ին սկսեց Գազայի դեմ իր հարձակումները, որոնք ավարտվեցին օգոստոսի 26-ին Կահիրեում՝ Եգիպտոսի միջնորդությամբ պաղեստինյան խմբերի հետ հաստատված հրադադարով: Այդ հարձակումների արդյունքում Սիոնիստական ռեժիմը չկարողացավ հասնել իր հետապնդած նպատակներին:
Այս ժամանակամիջոցում ոչ միայն Գազայի շրջափակումը չի մեղմացել, այլև Սիոնիստական ռեժիմը փորձել է դա առավել խստացնել:
Այս պայմաններում Գազայի վերակառուցմանն օժանդակելու ուղղությամբ խոստումներ տված եվրոպական պետությունները Գազային ցանկացած օժանդակություն պայմանավորել են Իսրայելի անվտանգության երաշխավորմամբ և հրաժարվել են իրագործել Գազայի վերակառուցմանն օժանդակելու ուղղությամբ ստանձնած իրենց պարտավորությունները: